Սեմտեմբերի 23-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի համամասնական ցուցակի 7-րդ հորիզոնականը զբաղեցնող Մարկոս Հարությունյանը պնդում է, որ ոստիկանության տարածած հաղորդագրությունն` իրեն «ասֆալտին պառկեցնելու» մասով, իրականությանը չի համապատասխանում: Այսօր «Սպուտնիկ Արմենիա» մամուլի ակումբում ավագանու թեկնածուն պատմեց, դեպքը տեղի է ունեցել երկու օր առաջ, Շենգավիթ համայնքում քարոզարշավից հետո, երբ ընկերներն առաջարկել են գալ նախընտրական շտաբ:
«Աջափնյակի ճանապարհին՝ Պռոշյան փողոցում, «մասկաներով», որքան հիշում եմ «ավտոմատներ» կային, մեզ բառիս բուն իմաստով փռեցին ասֆալտին: Երբ հրահանգեցին կանգնել, ես ձեռքերս պարզած կանգնել եմ, իմ հագին եղել է ԲՀԿ շապիկը եւ երբ հարցրել եմ, թե ինչո՞ւ են կանգնեցնում, պատասխան չեն տվել:
Երկու րոպե պահելուց, նկարահանումները վերջացնելուց հետո ասում են`կարող ես գնալ»,- մանրամասներ պատմեց թեկնածուն: Նա նաեւ հայտարարեց, որ ոստիկանները սխալ են թույլ տվել։
Ամենով հանդերձ, ԲՀԿ ավագանու երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Պետրոս Ղազարյանը հայտարարեց, որ կատարվածն իրենք չեն գնահատում իբրեւ քաղաքական հետապնդում. «Չենք համարում սա մեր քաղաքական ուժի համար ճնշում է, բայց գալիս ենք ավելի վատ եզրակացության, քան եթե ճնշում լիներ մեր դեմ»:
Անդրադառնալով`ոստիկանության`երեկ իրեն ուղղված դիտողություններին էլ, որ ԲՀԿ-ի ավագանու թեկնածուին շարասյուն է ուղեկցել`միեւնույն թվերը կրող համարանիշերով, ինչն արգելված է եւ Պետրոս Ղազարյանի համար, նաեւ իբրեւ լրագրողի, պետք է անընդունելի լիներ դա, Պետրոս Ղազարյանն ասաց, որ օրենքում չկա որեւէ արգելք՝ շարասյունով երթեւեկելու համար նաեւ հեգնանքով նկատեց, որ հարսանիքները, թաղումները շարասյունով են երթեւեկում. «Իրենց տարածած տեսանյութով որեւէ օրենքի խախտում չի եղել, զանցանք չի եղել, բայց մարդկանց պառկացրել են գետնին, եւ ամենավատը նկարել եւ տարածել են՝ մարդկանց ներկայացնելով հանցագործ»:
Պետրոս Ղազարյանն ակնկալում է դատախազության արձագանքը` արդյոք իրավաչա՞փ է ոստիկանության աշխատանքը: Լևիտանի ձայնով իրեն ոչ պրոֆեսիոնալիզմի մեջ մեղադրող ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին էլ ասում է «Սա քաղաքական ենթատեքստ չունի, սա զուտ ոստիկանության պրոֆեսիոնալիզմով է բացատրվում»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ