Խմբագրություն զանգահարած «Արմավիր» ՔԿՀ-ում պահվող, գողության համար հինգ անգամ դատապարտված 25-ամյա Մուշեղ Պողոսյանը հայտնեց, որ իր պատժից վաղաժամկետ պայմանական ազատելու հարցը քննարկելիս Արմավիրի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Խալաթյանը վերջնական արդյունքում հաշվի է առել միայն դատախազի առարկությունը եւ մերժել։
Ըստ նրա, ինչքան էլ որ ՔԿՀ-ի ներկայացուցիչ Նորայր Գրիգորյանը դատապարտյալին ներկայացնելիս նշել է, որ ուղղման ճանապարհին է, հեռու է քրեական բարքերից՝ օգուտ չի տվել:
«Նույնիսկ այն, որ վատառողջ եմ, սուր նոպաների մեջ եմ ու ցանկալի կլիներ բուժումն իրականացնել ազատության մեջ, չշարժեց ոչ դատախազի, ոչ դատավորի խիղճը»,-ասաց Մուշեղ Պողոսյանը, որն, իր ասելով, դատական նիստի ժամանակ էլ սուր ցավերի մեջ էր ու չէր կարողանում խոսել։
Դատարանի որոշմանը ծանոթանալիս Մուշեղ Պողոսյանը զարմացել է. «Ոչ մի խոսք այն մասին, որ «Կոշ» ՔԿՀ-ում ընդգրկված եմ եղել վարձատրվող, իսկ այստեղ՝ չվարձատրվող աշխատանքներում։ Նշում չկար, որ առողջական խնդիրներ ունեմ, այլ չգիտես որտեղից՝ ռեցեդիվ էին դարձրել ինձ»,-ասաց նա։
Իսկ արդեն որոշման նախավերջին պարբերությունում ամեն ինչ պարզ է դարձել, երբ Մուշեղ Պողոսյանն իր անուն ազգանվան փոխարեն կարդացել է «Գագիկ Գենոդիկի Գալստյանին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելը չի ծառայի հանրության անվտանգությանը եւ հանցավորության նվազեցմանը, ինչպես նաեւ չի ապահովվի ՀՀ օրենսգրքի 48 րդ հոդվածով սահմանված պատժի նպատակների իրականացումը եւ որ դատապարտյալ Մուշեղ Կարենի Պողոսյանը պետք է շարունակի կրել իր նկատմամբ նշանակված պատժի մնացած մասը»:
«Փաստորեն՝ պատրաստի տեքստեր կան, դատավորները չեն խորանում մեր գործերի մեջ, լսում են դատախազին ու «քոփի փեյսթ» անում»,-ասաց Մուշեղ Պողոսյանը։
Նա առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկել է վերաքննիչ քրեական դատարան։ «Հույս ունեմ, որ գոնե վերաքննիչը նորմալ կնայի գործս ու գլխառադ չի անի, ինչպես Արմավիրի դատարանը»,- ասաց Մուշեղ Պողոսյանը։
Դավիթ ԱՐՄԵՆՅԱՆ