Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզվում է՝ թաղային հեղինակությունները փորձել են Օսիպյանի «վրա դուրս գալ» ու «ծառայություն մատուցել»

Սեպտեմբեր 15,2018 13:35

«Վստահեցնում եմ, որ քրեական հեղինակություն կոչեցյալները՝ թաղային հեղինակությունները կամ նման անձնավորություններն այսօր ունեն շարքային քաղաքացու կարգավիճակ»,-ՀՀ ոստիկանապետին կից հասարակական խորհրդի նիստում այսօր հայտարարեց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը՝ անդրադառնալով հարցին, թե ոստիկանությունն ինչպե՞ս է առաջիկա ընտրություններում բացառելու թաղային հեղինակությունների ազդեցությունը: ՀՀ ոստիկանապետի բնորոշմամբ՝ նշյալ անձինք սովոր են օրենք խախտել ու ջրից չոր դուրս գալ, բայց հիմա չկա նման բան. «Ինձ համար անընդունելի է «թաղային հեղինակություն» արտահայտությունը: Ինձ համար մշակութային գործիչը կամ քաղաքացիական ակտիվ կեղվածք ունեցող բնակիչն  է հեղինակություն, ոչ թե նման անձինք»:

Վալերիյ Օսիպյանը վստահեցրեց, որ Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ՝ թաղային հեղինակությունները ոստիկանության ուշադրության կենտրոնում են. «Նրանք հրավիրվում են ոստիկանություն, որտեղ նրանց հորդորում ենք մնալ օրենքի տիրույթում, քանի որ մենք լավ գիտենք նման անձանց կենսագրությունը: Նրանց հանդեպ օպերատիվ միջոցառումներ են իրականացվում, որոնք չեմ կարող բացահայտել, բայց վստահեցնում եմ՝ իրենք չեն ազդելու ընտրությունների վրա: Չկա ոստիկանության աշխատակից, որը կաշկանդվում է նման անձանցից՝ ինձանից սկսած, շարքային ոստիկանով վերջացրած: Եթե անգամ գիտեք նման ոստիկանի, տեղեկացրեք ինձ»:

Վալերիյ Օսիպյանը նաեւ ուշագրավ փաստ հրապարակեց. պարզվում է, որոշ թաղային հեղինակություններ կամ այսպես կոչված օրենքով գողեր փորձել են «իր վրա դուրս գալ» ու ասել են՝ «ինչո՞վ կարող ենք ծառայել, պարոն ոստիկանապետ, ինչո՞վ օգտակար լինենք»: Օսիպյանն էլ պատասխանել է, որ օրենքի առաջ բոլորը հավասար են, ուստի թաղային հեղինակությունները եւս պետք է երկրին ծառայեն շարքային քաղաքացու կարգավիճակում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930