Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ցանկացած հանճարեղ հաջողություն դատապարտված է, եթե այն չունենա հանճարեղ շարունակություն

Սեպտեմբեր 15,2018 12:41

2018թ. ապրիլյան աննախադեպ շարժման ստարտից մինչ այս պահը ոչ մի տող չեմ գրել, ուշադիր հետևել եմ այդ զարմանահրաշ շարժման ընթացքին և դրա արդյունքում իրականացվող իրադարձություններին, փորձելով վերլուծել դրանց զարգացման ցանկացած ելևէջը: Հավատացել և միջին հայի նման մասնակցել եմ այդ գործընթացին, քանզի գնալով համոզվում էի, որ այդ ամենն արվում էր Տիրոջ Բարձր հովանավորությամբ, որին ոչ մի ուժ չէր կարող դիմակայել: Գործող իշխանությունը ոչ թե չէր փորձում դիմակայել, այլև Տերը նրան զրկել էր այդ հնարավորությունից և նրա ցանկացած քայլ դատապարտված էր ձախողման: Իշխանությունն անտեղյակ էր դրանից և նրա կողմից ձեռնարկած ցանկացած քայլ սխալ էր դուրս գալիս և արդյունք չէր տալիս: Իրականում գործող իշխանությունները շատ էին հեռացել Բարձրյալից և աղերսի նշույլ անգամ չկար Տիրոջ և նրանց փոխհարաբերություններում:

Եվ փառք Տիրոջը, որ նրանց ոչ միայն հուշեց, այլ ուղղակիորեն արգելեց փորձ անելու կրկնել 2008թ. մարտի 1-ի սցենարը: Շուրջօրյա ինտենսիվ վերլուծությունները նրանց բերել էր մի հանգրվանի, որ այլևս անհնար է կրկնել մարտիմեկյան սցենարը, բացարձակապես տեղյակ չլինելով, որ Տերն է իրենց զրկել այդ սցենարի գործարկումից: Տերը հրաշափառորեն աջակցում էր օրեցօր ավելացող հեղափոխականներին և շատ-շատերը մինչև այսօր էլ չեն հասկացել, որ նույնիսկ հանճարեղ համառություն ցուցաբերած մեր հերոսական ժողովրդի այս քայլը ևս կմնար անկատար` կարժանանար նախկինների բախտին, եթե Տերը  չկամենար, չքաջալերեր ու չօրհներ այն:

Այն, ինչ չէր հաջողվում իրականացնել Հայաստանում 20 և ավելի տարիներ, իրականություն դարձավ 2018թ. ապրիլյան մի քանի օրերի ընթացքում, քանզի Նիկոլ Փաշինյանի կողմից որդեգրվեց հեղափոխության իրականացման միակ ճիշտ` ոսկերչական ճանապարհը: Եթե խոսենք շախմատային լեզվով, ապա դա ոչ ավել, ոչ պակաս, շախմատային նորություն էր: Նույնիսկ բռունցքված ընդդիմությանը 20 տարի շարունակ ոչ միայն չէր հաջողվում փոխել, այլ չէր հաջողվում անգամ զսպել կամ գոնե մեղմել տվյալ ժամանակահատվածում գործող իշխանությունների կողմից իրականացվող և ժողովրդի համար լրիվ անընդունելի քաղաքականությունը: Ինչումն էր գաղտնիքը, որ մինչ այդ շարժումը ընդդիմությանը ոչ մի կերպ չէր հաջողվում այս հարցում թեկուզ փոքրիկ հաջողություն արձանագրել: Բավական է նշել, որ 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ մոտավոր հաշվարկներով այդ շարժմանը մասնակցում էր մոտ 200 000 մարդ, որը շատ ավելին էր, քան հաղթելու համար անհրաժեշտ կրիտիկական մասսան: Այս պարագայում անգամ, մեծ հաշվով ընդդիմությունը դարձյալ պարտվեց: Ճշգրիտ վերլուծության դեպքում պետք է պարզ լիներ, որ պարտության պատճառներն այլ տեղում են:

Այդ իրադարձություններից մոտ 10 տարի հետո միայն Նիկոլ Փաշինյանի հանճարեղ մարտավարության արդյունքում պետք է պարզվեր, որ իրականում ընդդիմությունը չէր գտնում այն գործիքը, որը գտավ Նիկոլ Փաշինյանը, որի ճշգրիտ գործածության պարագայում հնարավոր եղավ իրականություն դարձնել անհնարինը: Այլ խոսքով, այդքան տարիներ շարունակ ընդդիմության անհաջողության պատճառը նրանց որդեգրած սխալ մարտավարությունն ու ռազմավարությունն էր: Նիկոլ Փաշինյանը մշտապես լինելով մարտի 1-ի իրադարձությունների առանցքում և ավելին, հետագա տարիներին Ազգային Ժողովում միայնակ և չափազանց ծանր հոգեբանական վիճակում շարունակելով այդ պայքարը, կարողացավ սթափ վերլուծել և հասկացավ, որ իշխանափոխության հարցում հաջողության չհասնելու հիմնական պատճառը ոչ ճիշտ մարտավարության ու ռազմավարության ընտրության մեջ է և իր հանճարեղ ճկունությամբ ու չափազանց մեծ ռիսկով կարողացավ սթափ վերլուծել ստեղծված իրավիճակը և արեց իր շախմատային հանճարեղ քայլը:

Փաստորեն, եթե այս անգամ էլ նա իր հույսը դներ ժողովրդի չափահաս հատվածի վրա, ապա այս շարժումը ևս կարժանանար նախկինների ճակատագրին և Հայաստանը դարձյալ անորոշ ժամանակով կմնար ճիշտ այն իրավիճակում, որում գտնվում էր 20 և ավելի տարիներ: Պետք էր նոր որակի շարժում՝ նոր որակի մասնակիցներով, քանզի չափահաս տարիքի մասնակիցները հասցրել էին բազմիցս հիասթափվել և այլևս նրանց հավատը կարծես զրոյացվել էր ու ակնհայտ էր, որ նրանց միջոցով հնարավոր չէր երկրում որևէ բան փոխել: Այստեղ Նիկոլ Փաշինյանին օգնության հասավ հանճարեղ հոտառությունն  առ այն, որ հաջողության բանալին ուսանողների և դպրոցականների մասնակցության մեջ է ու միմիայն նրանց անմիջական մասնակցությամբ էր հնարավոր իրականացնել այն թավշյա հեղափոխությունը, որը ծրագրվեց և իրականացվեց Նիկոլ Փաշինյանի կողմից, որն էլ այն միակ պարագան էր, որ գործող իշխանությունը զերծ կմնար ուժ կիրառելուց: Մարտի 1-ով անցած իշխանությունը չափազանց ինքնավստահությամբ էր վերաբերվում կատարվող իրադարձություններին, քանզի նրանց թվում էր,  թե ամեն ինչ իրենց վերահսկողության տակ է և իրենք անհանգստանալու ոչինչ չունեն: Կույր պետք էր լինել, չտեսնելու համար, որ սա արդեն նոր որակի շարժում է, որի գլխավոր դերակատարը ոչ թե դժգոհ ժողովուրդն է` ինչպես միշտ, այլ ուսանողությունն ու աշակերտությունը` իրենց համառ և նորարար մտածողությամբ:

Հենց սա այն միակ բանն էր, որն իշխանության մտքով չէր անցնում, և ավելին, պարզորոշ տեսնելով, թե ովքեր են կազմում շարժման հիմնական առանցքը, հիպնոսացել և չէին հասկանում, թե իրականում որն է այս թնջուկի լուծումը: Իշխանությունն այդպես էլ հիպնոսացված մնաց այնքան ժամանակ, մինչև իր սլաքն ընկավ, որը ոչ այլ ինչ էր քան ժողովրդի հեղափոխության հաղթանակ և իշխանության կատարյալ պարտություն: Չեմ վարանի ասել, որ երբևէ,  և որևէ երկրում նմանատիպ անցնցում հեղափոխություն չի եղել, քանզի ոչ մի երկրում ու ոչ մի ժամանակ` որպես հեղափոխություն իրականացնող հիմնական ուժ, անգամ չեն դիտարկվել ուսանողությունն ու աշակերտությունը և համաշխարհային պատմության մեջ երևի թե սա առաջին փորձն էր, որը կիրառվեց Հայաստանում՝ Նիկոլ Փաշինյանի շնորհիվ և անվրեպ հաղթանակ  պարգևեց թավշյա հեղափոխությանը: Գաղտնիք չէ, որ աշխարհի բազմաթիվ երկրներ, այդ թվում Խորհրդային նախկին հանրապետությունները` ինչ-որ իմաստով բացառությամբ Բելառուսի հանրապետության, գտնվում են նույն իրավիճակում, ինչ մինչհեղափոխական Հայաստանը ու այդ երկրներից և ոչ մեկում ժողովրդին չի հաջողվում որևէ կերպ փոխել կամ գոնե որոշակիորեն զսպել գործող իշխանություններին, հետևաբար Հայաստանում տեղի ունեցածը չափազանց մեծ վտանգ է այդ երկրների իշխանությունների համար: Չնայած հեղափոխության հաղթանակից հետո բազմաթիվ երկրներ շնորհավորեցին Նիկոլ Փաշինյանին` փայլուն ժողովրդավարական հաղթանակի կապակցությամբ, այնուամենայնիվ ակնհայտ է, որ այդ երկրների ղեկավարներն իրենց հոգու խորքում այլ կերպ են մտածում, քանզի այդ մոդելը կարող է լիարժեքորեն աշխատել նաև իրենց երկրներում, որից այդ երկրների իշխանությունները սարսափում են:

Ստացվել է չափազանց հակասական մի իրավիճակ, երբ մի կողմից Հայաստանում ամեն ինչ կատարվել է աշխարհի աչքի առջև, ամեն ինչ անցել է չափազանց խաղաղ մթնոլորտում, նույնիսկ մեկ զոհ անգամ չի եղել և հետևաբար, ստեղծված իրավիճակում նրանք պարտավոր էին շնորհավորել Հայաստանի նոր իշխանությանը, իսկ մյուս կողմից, Հայաստանում տեղի ունեցածը` որպես վարակիչ օրինակ, բացի մեծագույն՝ նույնատիպ վտանգից, իրենց ուրիշ ոչ մի լավ բան չի խոստանում: Հենց այստեղ էլ մոտենում ենք հարցերի հարցին, որին պետք է կարողանա ստույգ պատասխան տալ Հայաստանի հաղթած իշխանությունը, սակայն մինչ այդ, փորձենք վեր հանել այն բոլոր նրբությունները, որոնք առկա են նշված գերագույն հարցի տակ:

Այդ երկրների ղեկավարները տարիներ շարունակ հարաբերվել ու հազար ու մի թելերով կապված են միմյանց հետ, այնպես որ բացի շատ ու շատ այլ իրողություններից, նրանց առջև դրվում է չափազանց մեծ պարտավորություն, այն է, որ նրանցից ցանկացածի ցավը` մյուսի ցավն է, և հետևաբար, նրանք ամեն ցավ պետք է փորձեն լուծել միասին: Դա մոտավոր նման է հետևյալին. ենթադրենք մի սենյակում հավաքված են նույնատիպ կարգերով ղեկավարվող մի շարք երկրների ղեկավարներ և դևը բարձրաձայն հայտարարել է, որ եկել է ուտելու նման տեսակի ղեկավարներին: Եթե հենց առաջին ղեկավարին ուտելու փորձի ժամանակ բոլորը չփորձեն միավորվել և փրկել նրան, ապա նա նույն կերպ` հերթով ուտելու է բոլորին:

Պարզ է, որ այս պարագայում շահերի համընկնման գործոնն է աշխատում, եթե նույնիսկ երբևէ նրանց միջև որոշակի լուրջ  հակասություններ են եղել: Այնպես, որ միևնույն է, նրանք պետք է մոռանան դրանք ու մաքսիմալ հնարավորություններով փորձեն պաշտպանել միմյանց, այլապես դևը հեշտորեն` հերթով կուտի բոլորին: Այս հակիրճ բացատրությունը վերաբերվում է նոր իշխանություններին ուղղված արտաքին ազդակներին, որոնք ամեն վայրկյան պատրաստ են վիժեցնել Հայաստանի անփորձ իշխանության մաքուր նպատակները: Կրկնում եմ, նրանք ի լուր աշխարհի ցուցադրելու են, որ պատրաստ են համագործակցելու և ամեն կերպ օգնելու Հայաստանի նոր իշխանություններին, սակայն իրականում ամեն ինչ ծածուկ անելու են այնպես, որպեսզի վիժեցնեն  Հայաստանի իշխանությունների ցանկացած հաջողություն: Եթե խոսենք երկրի ներքին իրավիճակի մասին, ապա այն մի շարք պատճառներով շատ ավելի հեղհեղուկ է և աննախանձելի, քանզի իրականում Հայաստանում բացարձակ երկիշխանություն է. Ազգային Ժողովը ՀՀԿ-ի ձեռքում է, իսկ կառավարությունը` Նիկոլ Փաշինյանի: Գաղտնիք չէ, որ հատկապես գործող սահմանադրությամբ կառավարության աշխատանքը ամեն վայրկյան կարող է պարալիզացվել, եթե Ազգային Ժողովի մեծամասնությունն այդպես կամենա և պրակտիկորեն դժվար է պատկերացնել, որ Ազգային Ժողով մտած ամեն նախաձեռնության ճակատագիրը պետք է որոշվի ժողովրդին ոտքի հանելու և Ազգային Ժողովին պարտադրելու ճանապարհով: Պրակտիկորեն, անհնար է նման մարտավարությունը կիրառել մշտապես` ցանկացած կարևոր նախաձեռնության պարագայում, այն էլ այն դեպքում, երբ Ազգային Ժողովի ՀՀԿ մեծամասնությունը  երազում է, որ կառավարությունը որքան հնարավոր է հաճախակի մտնի Ազգային Ժողով, իսկ ինքն անընդհատ ցուցադրի, որ կառավարության ցանկացած քայլի հաջողությունը կախված է միմիայն իր բարի կամքից և ցանկացած ժամանակ կարող է վիժեցնել կառավարության ցանկացած նախաձեռնություն, որի հետևանքով կպարալիզացվի կառավարության բնականոն գործունեությունը:

Ասվածից բացի, այս պահին կարծես մի բան էլ է  նշմարվում. նախկին երեք նախագահներն էլ իրենց թիմերով` բացահայտ և անբացահայտ փորձում են ամեն կերպ հարվածել ու խոչընդոտել կառավարության աշխատանքին: Վերջին երկու նախագահների պարագայում նման գործելաոճը խիստ հասկանալի է և բացատրության կարիք չկա, իսկ այ առաջին նախագահի և նրա թիմի նման գործելաոճը մի տեսակ անհասկանալի է, քանզի մեծ հաշվով Նիկոլ Փաշինյան ոչ ավել, ոչ պակաս ընդամենն իրականացրել է հենց նրանց տասնյակ տարիների երազանքը` տապալել ՀՀԿ-ական ավազակապետական իշխանությունը, այնպես որ այդ թիմը ընդամենը պետք է ատամներով պաշտպանի ու ամեն ինչով օգնի գործող կառավարությանը: Կարծում եմ, որ այս հարցում նրանց մոտ ընդամենը նախանձն է խոսում, քանզի այն, ինչ իրենց չհաջողվեց իրականացնել տասնյակ տարիների ընթացքում, մի քանի օրվա ընթացքում հաջողվեց իրենց նախկին թիմակից Նիկոլ Փաշինյանին, ովքեր միմյանցից բաժանվել էին ոչ այնքան բարյացակամ տրամադրություններով:

Այժմ խոսենք ոչ պակաս կարևոր հետհեղափոխական իրադարձությունների մասին: Փաստացի, Նիկոլ Փաշինյանը վարչապետ ընտրվելուց հետո հայտնվել է կադրային սովի մթնոլորտում, որի հետևանքով նա ընդամենը երկու տեսակի նշանակումներ է կատարել և կատարում: Առաջին. չափազանց լուրջ պաշտոնների է նշանակում կուսակից անփորձ երիտասարդների, ովքեր ընդհանրապես կապ չունեն երկրի կառավարման համակարգի և օրենսդրության իմացության հետ: Իսկ նրանց վերապահված ընթացիկ աշխատանքներն այնքան ծավալուն են, որ հազիվ թե կարողանան որակով և ամբողջ ծավալով իրականացնել դրանք, էլ ուր մնաց, որ այդ ամենին զուգահեռ հասցնեն նաև ինչ-որ բան սովորել և յուրացնել: Անկախ այդ մարդկանց մտավոր պոտենցիալից, պրակտիկորեն դա ուղակի անհնար է: Իսկ աշխատանքի նշանակված երկրորդ խումբը` չափազանց մեղմ ասած, ոչ մաքուր անցյալով և նրանց կողմից երաշխավորված նույնատիպ մարդիկ են, որը նույնպես լիովին անհասկանալի է, քանզի Հայաստանը չափազանց փոքրիկ երկիր է և բոլորը` բոլորին շատ լավ են ճանաչում ու գիտեն, թե ով, երբ և ինչով է զբաղված եղել, որը լիարժեքորեն հակասում է կառավարության որդեգրած հակակոռուպցիոն ռազմավարությանը:  Այնպես,  որ իրականում հանճարեղ քայլեր կատարած Նիկոլ Փաշինյանի մոտ ճիշտ հակառակ կտրվածքով է աշխատում կադրային քաղաքականության մարտավարությունը:

Բազմիցս եմ բարձրաձայնել, որ Հայաստանում որևէ մակարդակում կայացած համակարգեր չկան և «համակարգ» տերմինը ուղղակի իներցիայով գործածվում է, այնպես որ ցանկացած բնագավառում կադրերի դերը անչափ մեծ է, քանզի համակարգերի բացակայության պարագայում հենց կադրերն են փոխարինում համակարգին: Թող չնեղանա Նիկոլ Փաշինյանը, սակայն եթե ինչ-որ բան էլ իր մոտ հանճարեղորեն չի ստացվում, ապա կան մարդիկ, ովքեր կարող են առաջարկել, թե ինչ սկզբունքով և ինչպես լուծել կադրային ու որոշակի այլ հարցեր, որպեսզի նախ անընդհատ չշահարկվի այդ հարցը և երկրորդ էլ, տեղի ունեցած հանճարեղ թավշյա հեղափոխությունը հանկարծ չվտանգվի և ունենա հանճարեղ շարունակություն, որը նաև պարզ երևալու է առաջարկվող սկզբունքով նշանակված կադրերի աշխատանքում, և որի արդյունքում գոյացած պտուղներն էլ պետք է վայելի մեր ժողովուրդը:

Աներկբա է այն իրողությունը, որ ցանկացած մեկը, ով մասնակցել է թավշյա հեղափոխության ցույցերին, ունի այնքան լումա և իրավունք, որքան քաղաքացիական պայմանագիր կուսակցության ցանկացած անդամ ու դա հրաշալիորեն գիտակցում է Նիկոլ Փաշինյանը, ով մշտապես բարձրաձայնում էր, որ Հայաստանի իշխանությունը քաղաքացին է, ինչն էլ պարզորոշ նշանակում է, որ հեղափոխությանը մասնակից և նրանով մտահոգ ցանկացած քաղաքացի լիովին իրավունք ունի մասնակցելու երկրի կառավարման գործընթացներին, քանզի հեղափոխության հաղթանակը ինչ-որ ուժի մենաշնորհ չէ և այն համընդհանուր հաղթանակ է: Հակառակ պարագայում, ստացվում է որ հեղափոխության հաղթանակը կերտել են ազգովին, իսկ հետագա գործընթացներին իրավունք ունեն մասնակցելու միայն արտոնյալները, ովքեր երկրի կառավարման գործընթացներում չափազանց անփորձ են ու ոչ բավարար զինված համապատասխան գիտելիքներով: Սա չափազանց կարևոր հանգամանք է, որը կարող է բերել տխուր հետևանքների և հեղափոխությունը հաղթանակած նույն ժողովուրդը նույն պաթոսով կպահանջի իր կողմից իշխանության բերած իշխանությունների հրաժարականը, որից առաջին հերթին կօգտվեն իշխանությունը կորցրած ռևանշիստները:

Թյուրիմացություններից զերծ մնալու համար ասեմ, որ այստեղ ընդհանրապես խոսք չի գնում ինչ-ինչ պաշտոններ ձեռք բերելու մասին, այլ խոսք է գնում մաքուր ապրած և ունակ մարդկանցից ձևավորվելիք կադրային բանկի մասին, ովքեր մտահոգ են երկրի ճակատագրով և կարող են իրենց մասնագիտական օգտակարությունը բերել երկրի հետագա զարգացման գործընթացում:

Այս հեղափոխության դասերը դեռ շատ երկար կուսումնասիրեն պատմաբանները, իսկ հետագա իրադարձությունների ճակատագրի վերաբերյալ վերլուծությունները կներկայացնենք փուլ առ փուլ, քանզի այն չափազանց ծավալուն նյութ է:

Անանիա Մաղաքյան

Քաղաքագետ, վերլուծաբան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930