Լրահոս
Օրվա լրահոսը

Համբերենք, մինչև նորերը…ղեկավարել սովորեն. «Ազգ»

Սեպտեմբեր 15,2018 12:29

Բայց դա ավելի ո՛ւշ կլինի, առայժմ իշխանության դեռ նոր հասածները չեն հաղթահարել նվաճած իշխանությունը շատ արագ կորցնելու իրենց ներքին վախը: Հենց այդ վախով էլ մեծ մասամբ պայմանավորված է նախորդներին ամեն կերպ վարկաբեկելու, սեւացնելու, հայհոյելու շատ-շատերի տղայական վարքագիծը: Տա Աստված՝ կարողանա՛նք մինչեւ վերջ հավատարիմ մնալ հեղափոխության մարդասիրական կարգախոսներին: Կամ՝ առնվազն այն ազնիվ նպատակներին, որոնք հնչում էին ողջ հեղափոխության ընթացքում, հատկապես Երեւանի Հանրապետության հրապարակում:

Դժվա՛ր է լինելու, շա՛տ դժվար: Որովհետեւ մենք աշխարհի ոչ մի ժողովրդից ավելի լավը չենք, որ ազգովին շրջանցենք ունեզրկողներին ունեզրկելու լենինյան թալանչիական կոչը: Արդեն այսօ՛ր ժողովրդից թալանվածը իբրեւ թե ժողովրդին վերադարձնելու կարգախոսներ են շրջանառվում: Իսկ եթե թալանածը ժողովրդին վերադարձնելու անվան տակ ամբողջը հայտնվի նո՞ր թալանչիների գրպաններում: Ո՞վ կարող է երաշխավորել, որ այդպես չի լինելու: Մի ծաղկով գարուն չի՛ գալիս, մի Նիկոլ Փաշինյան, ինչքան էլ աստվածացնեն, պետության բոլոր ավգյան ախոռները մաքրել չի՛ կարող:

Անմաքուր մարդիկ մի՛շտ ուղեկցել են բոլոր նախորդ հեղափոխությունները: Որեւէ իշխանություն, լավի հետ միասին, արթնացնում է նաեւ մարդկանց մեջ ննջող արատավոր հատկությունները, մանավանդ՝ ընչաքաղցությունը: Ոչ ոք գող չի ծնվում, դառնո՛ւմ է: Վստահ եմ, դա հասկանում է նաեւ նոր հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը: Սակայն նույնիսկ նա՛ չի կարող արգելապատնեշ կանգնեցնել դեպի պետական ապարատ զանազան անարժանների հախուռն գրոհի առաջ: Նիկոլ Փաշինյանին պիտի հուշեմ նաեւ, որ ոչ ոք ոչ միայն իր ամբողջ հատվածը, այլ դրա փոքր մասը առանց դիմադրության չի վերադարձնի ժողովրդին: Ուստի ունեզրկողների ունեզրկումը պետք է շա՜տ զգուշորեն գլուխ բերել, հասարակության տարբեր շերտերում նոր արյունոտ բախումների տեղիք չտա՛լ: Թող ոչ ոք անհարկի չշահարկի ժողովրդի անունը: Համաշխարհային պատմության բոլոր մեծագույն ոճրագործությունները կատարվել ու կատարվելու են… ժողովրդի անունով: Դեռ ոչ ոք ազնվություն չի ունեցել ասելու՝ ես պաշտոնի եմ ձգտում, որովհետեւ այսինչ կամ այնինչ պաշտոնին հասած այս կամ ապուշից ավելի մեծ ապուշ եմ:

Այսպես կոչված թիմային կադրային քաղաքականությունը, որն իրենց հետ բերել են բոլոր նախորդ հեղափոխությունները, պետք է արմատախի՛լ արվի: Հասարակությունը չի՛ կարելի բաժանել մերոնքականների ու ձերոնքականների, ըստ այդմ էլ՝ մերոնց պաշտոններ տալ, ձերոնց՝ բանտերը լցնել: Բոլո՛րս այս պետության քաղաքացիներն ենք, անկախ հին կամ նոր իշխանությունների հանդեպ մեզնից յուրաքանչյուրի ունեցած վերաբերմունքից: Եթե այդ ճշմարտությունը ազգովին չհասկացանք, եթե մեկս մյուսի մեջ շարունակեցինք ոչ թե բարեկամ, այլ՝ թշնամի փնտրել, Աստված մի արասցե, կկորցնենք պետականությո՛ւնն էլ, երկի՛րն էլ: Հետո՞ ինչ, թե սրա կամ նրա թիկունքին ո՛վ է կանգնած: Նույնիսկ՝ բազմություննե՛ր: Այդ բազմությունները, անգամ միլիոնավորները, նու՛յնպես սխալվում են: Այլապես Ադոլֆ Հիտլերը 1933-ին միանգամայն ազատ ու արդար ընտրություններով Գերմանիայում իշխանության չէր գա…

Այսօր առաջնահերթ կերպով հարկ է զբաղվել պետական մակարդակով կադրային քաղաքականություն իրականացնելու հայեցակարգի մշակմամբ: Դրանից ավելի հրատապ խնդիր այս պահին մենք, ըստ իս, չունե՛նք: Սա ավելի՛ կարեւոր խնդիր է, քան առաջիկա խորհրդարանական ընտրությունների առավել թափանցիկ ու մաքուր կազմակերպումը: Ուստի հարկ է կենտրոնանալ ոչ թե իրականում գոյություն չունեցող հակահեղափոխականների մուտքը նոր Ազգային Ժողով խափանելու, այլ՝ նախ եւ առաջ կադրային անհրաժեշտ բազա ստեղծելու հարցերի լուծման վրա: Դա հեշտ գործընթաց չէ, պիտի համբերենք, մինչեւ մեր նոր ղեկավարները… ղեկավարե՛լ սովորեն…

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հայաստանի վաստակավոր լրագրող

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930