Լրահոս
Օրվա լրահոսը

Ցամաքային ճանապարհով բեռնափոխադրումների արգելքի գործադրման պատճառով հացամթերքը Հայաստանում կթանկանա. «Հայոց աշխարհ»

Սեպտեմբեր 15,2018 12:23

Այլեւս պարզ է, որ ցամաքային ճանապարհով բեռնափոխադրումների արգելքի գործադրման պատճառով առաջիկայում հացամթերքը Հայաստանում կթանկանա։ Խոսքը ոչ միայն հացի, այլեւ բազմաթիվ այլ ապրանքատեսակների մասին է, որոնց արտադրությունը կապված է ցորենի հետ։

Կառավարությունն այդպես էլ չկարողացավ այնպես անել, որ հնարավոր լինի խուսափել հացամթերքների շուկայում գների սպասվող բարձրացումից։ Թեպետ թվում էր, թե կհաջողվի որոշակի զիջումներ կորզել Վրաստանի վարչապետի հայաստանյան այցի շրջանակներում, այնուհանդերձ ոչինչ չստացվեց։ Վրաստանի կառավարության որոշմամբ, այսօրվանից հայաստանյան բեռնափոխադրողներին այլեւս չի թույլատրվի ցամաքային ճանապարհով ցորեն եւ մի շարք այլ հացամթերքներ ներկրել Հայաստան։

Սա լուրջ հարված է առանց այն էլ մուտքի խիստ սահմանափակ հնարավորություն ունեցող երկրի համար։ Մինչ հայտարարվում է երկու երկրների կառավարությունների միջեւ բարձր մակարդակի փոխըմբռնման գոյության մասին, իրադարձությունները բոլորովին այլ բան են վկայում։

Ակնհայտ է, որ Վրաստանի կառավարության որոշումը վնասաբեր է գերազանցապես Հայաստանի համար։ Չնայած արգելքը տարածվում է նաեւ վրացական բեռնափոխադրողների վրա, այնուհանդերձ այդ դեպքում գործ ունենք բոլորովին այլ վիճակի հետ։

Տարբեր հաշվարկներով, Վրաստանի կառավարության որոշման հետեւանքով ցորենի տեղափոխումը Հայաստան թանկանում է տոննայի հաշվով 70-140 դոլարով։ Հասկանալի է, որ խնդիրը կապված է ոչ միայն լաստանավի գնի, այլեւ բազմաթիվ այլ ծախսերի հետ, որոնք առաջանում են ծովային ճանապարհով փոխադրումներ կազմակերպելու դեպքում։

Մյուս կողմից՝ դա լուրջ անհարմարություններ է ստեղծում այն տնտեսավարողների համար, ովքեր ցորեն եւ դրա հետ կապված այլ ապրանքներ՝ մասնավորապես ալյուր էին ներմուծում փոքր քանակությամբ։ Հատկապես ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամագրումից հետո այդ գործընթացները բավականաչափ ակտիվացել էին։ Ոլորտում ներգրավվել էին բազմաթիվ տնտեսավարողներ։

Հ. ՍԱՀԱԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930