Լրահոս
Օրվա լրահոսը

Որքան շուտ անցկացվեն ընտրությունները, այնքան լավ. Հրաչյա Հակոբյան. «Հրապարակ»

Սեպտեմբեր 15,2018 12:13

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանն ասաց, որ իրենց թիմում ընտրություններն արագացնելու հարց չի քննարկվել, այդուհանդերձ, պատգամավորի կարծիքով, որքան շուտ անցկացվեն դրանք, այնքան լավ, քանի որ, նրա խոսքով, ներքաղաքական զարգացումներից բացի, այլ խնդիրներ էլ կան․ «Նույն ներդրումների հետ կապված՝ ինքս շփվել եմ բիզնես ոլորտի լայն շրջանակների հետ եւ կարող եմ ասել, որ շատերը սպասում են ընտրություններին, որպեսզի դրանից հետո ներդրումներ անեն։

Այսինքն, դա տնտեսապես է նաեւ բխում երկրի շահերից»։ Հակոբյանի համոզմամբ, Հայաստանում հիմա էլ քաղական կայունություն կա, սակայն բիզնեսմեններն ավելին են ուզում․ «Այն թիմը, որն աշխատելու է, որպեսզի մենք գնանք արտահերթ խորհրդարանական ընտրությունների իքս ժամկետներում, կարծում եմ՝ կաշխատի այնպես, որ որեւէ խոչընդոտ չի կարող հետաձգել այդ ընտրությունները»։ Դիտարկմանը, որ Հանրապետականը շարունակում է խորհրդարանում մեծամասնություն կազմել, իսկ այդ թիմում հատկապես վերջին շրջանում խորհրդարանը լուծարելու, արտահերթ ընտրությունների գնալու հարցում արմատական դիրքորոշումներ կան, ինչպե՞ս են հաղթահարելու այդ խոչընդոտը, վարչապետի կուսակիցը պատասխանեց․ «Այո, ՀՀԿ-ն ամեն ինչ կփորձի անել, որպեսզի հնարավորինս ուշ տեղի ունենան այդ ընտրությունները կամ ընդհանրապես տեղի չունենան, սակայն ուզում եմ հիշեցնել, որ երբ խորհրդարանը վարչապետ էր ընտրում, այդ ժամանակ էլ էր ՀՀԿ-ն մեծամասնություն»։

Այսինքն վստահ եք, որ ցանկացած դեպքում ՀՀԿ-ն կքվեարկի վարչապետի սրտով։ «Այո, նրանք դեռ չեն գիտակցում, որ հարկ եղած դեպքերը չեն սահմանափակվում վարչապետի ընտրությամբ, այդ «հարկ եղած դեպքերը» կշարունակվեն այնքան ժամանակ, մինչեւ Հայաստանում տեղի ունենա թավշյա հեղափոխությունը, եւ հակահեղափոխությունը կննջի համապատասխան վայրում։ Այո, նրանք պետք է մտածեն՝ հնարավորինս շուտ պետության շահերից ելնելով համաձայնության գալ եւ արագացնել այս գործընթացը, քանի որ դա ուշ թե շուտ լինելու է»,- պատասխանեց Հակոբյանը։ Հետաքրքրվեցինք՝ իսկ մտահոգություններ չունե՞ն, որ կլինեն քաղաքական ուժեր, որոնք չեն հասցնի պատրաստվել ընտրություններին։ «Մտահոգություններ ունենք, բայց միեւնույն ժամանակ չենք տեսնում հիմնավոր պատճառներ, որ կարելի է հետաձգել»։

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանը նույն համոզման է․ «Անկախ նրանից, թե քաղաքական որ ուժը ինչպիսի մարզավիճակում պետք է լինի, հնարավորինս շուտ պետք է խորհրդարանական ընտրություններ անցկացնել»։ Եվ հիմնավորում է, որ հնարավորինս շուտ պետք է ամրագրել ոչ թե ժամանակավոր, այլ իսկական իշխանությունը։

Փոխարենը ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի համար դեռեւս անհասկանալի է, թե ինչ մեխանիզմներով է իշխանությունն իրագործելու արտահերթ ընտրությունների իր ծրագիրը․ «Կա Սահմանադրություն, կա ԱԺ կանոնակարգ, կա խորհրդարան, որը կատարում է իր հիմնական աշխատանքը, այդուհանդերձ, երբ կլինի առաջարկ, մենք պատրաստ ենք քննարկել։ Իհարկե, մենք այս պահին արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն չենք տեսնում, բայց եթե կլինեն հիմնավորումներ, պատրաստ ենք քննարկել եւ ընդունել հիմնավորումները՝ համապատասխանեցնելով Սահմանադրությանն ու կանոնակարգ-օրենքին»։ Դիտարկմանը, որ Փաշինյանը վստահություն չունի, որ սահմանադրական գործող կարգավորմամբ կհասնի ԱԺ լուծարմանը, քանի որ վարչապետի հրաժարականից հետո հնարավոր է ՀՀԿ-ն թեկնածու առաջադրի, եւ պատրաստվում է հանրաքվեի միջոցով հասնել այդ կարգավորմանը, ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց․ «Եթե ներկայումս չկա գործընթաց, փաստեր, ես եզրահանգումներ անել չեմ կարող»։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930