Լրահոս
Օրվա լրահոսը

Մոնիթորինգի հանձնաժողովը մյուս շաբաթվա իր հերթական նիստի ընթացքում արտահերթ է քննարկելու ՀՀ-ի իրավիճակի հարցը. Արփինե Հովհաննիսյան. «Հրապարակ»

Սեպտեմբեր 15,2018 11:38

Ներկայացնում ենք ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանի հետ հարցազրույցից հատված.

-Նախ կուզեի պարզաբանեիք, թե ԵԽԽՎ քաղաքական հարցերի եւ ժողովրդավարության հանձնաժողովի նիստում ինչպե՞ս են քննարկվել ՀՀ-ում տիրող ներքաղաքական իրավիճակը եւ վերջին շրջանում տեղի ունեցած զարգացումները։

-ԵԽԽՎ քաղաքական հարցերի եւ ժողովրդավարության հանձնաժողովն ունի հնարավորություն՝ ընթացիկ հարցերի շրջանակում քննարկելու այն իրավիճակը, որ առկա է այս կամ այն անդամ երկրներում։ Եվ, ըստ էության, հանձնաժողովի աշխատանքի բնույթն այնպիսին է, որ շատ հաճախ հարցեր են ուղղվում հանձնաժողովի անդամներին, թե ինչպիսի զարգացումներ կան անդամ երկրներում։ Այս տեսանկյունից ներկայացրել եմ, թե ինչ իրադարձություններ են կատարվում մեր երկրում, եւ հանձնաժողովի անդամներն իրենց տեսակետն են ներկայացրել։ Քաղաքական հարցերի եւ ժողովրդավարության հարցերի հանձնաժողովը, բնականաբար, տեղյակ է Հայաստանում տիրող իրավիճակին։ Վերջին զարգացումների պատճառով այս շրջանում Հայաստանը գտնվում է մեր եվրոպացի գործընկերների ուշադրության կենտրոնում, եւ, ըստ էության, բազմաթիվ եվրոպացի պաշտոնյաներ արձագանքում են ստեղծված իրավիճակին՝ իրենց մտահոգությունները հայտնելով այս հարցի կապակցությամբ։ Հանձնաժողովը հարցը քննարկվելուց հետո որոշում կայացրեց այն ուղարկելու Մոնիթորինգի հանձնաժողովի արտահերթ քննարկմանը՝ այն պարզ պատճառով, որ Հայաստանի Հանրապետությունը ԵԽԽՎ-ին անդամությունից ի վեր համարվում է մոնիթորինգի ենթակա երկիր, ուստի Մոնիթորինգի հանձնաժողովի ուղղակի պարտականությունն է դիտարկել, թե երկրում ինչ է կատարվում։ Սա ո՛չ որեւէ մեկի ցանկությամբ, ո՛չ էլ նախաձեռնությամբ պայմանավորված չէ։

Բնականաբար, մենք հնարավորություն եւ իրավունք ունենք քննարկվող հարցի կապակցությամբ արտահայտել մեր դիրքորոշումը, բայց անկախ մեր տեսակետից՝ Մոնիթորինգի հանձնաժողովը եւ համազեկուցողները՝ մասնավորապես, իրենց ուշադրության կենտրոնում են պահում համապատասխան ժամանակահատվածներում երկրում ժողովրդավարության, իրավունքի գերակայության ապահովման, մարդու իրավունքների եւ ազատությունների խնդիրները՝ գործնականորեն երկրի ներքաղաքական եւ արտաքին քաղաքական կյանքին վերաբերող բոլոր հարցերը։ Ակնհայտ է, որ վերջին իրադարձությունները, այսպիսի սրընթաց զարգացումները չէին կարող վրիպել այդ հանձնաժողովի ուշադրությունից։ Եվ քանի որ իրադարձությունները, ինչպես ասացի, ընթանում են շատ արագ, բնական է, որ հանձնաժողովը պետք է արձագանքեր եւ համապատասխան հարցն ընդգրկեր արտահերթ օրակարգ։ Այս տեսանկյունից ներկայացրել եմ իրադարձությունների շղթան՝ հնարավորինս զերծ մնալով գնահատականներ հնչեցնելուց։

-Ի՞նչ ժամկետներ է ենթադրում Մոնիթորինգի հանձնաժողովի մոնիթորինգը, կլինի զեկո՞ւյց, թե՞ բանաձեւ, որեւէ հետեւանք կունենա՞ ստեղծված իրավիճակի վրա։

-Կրկին ուզում եմ ասել, որ ոչ թե հրավիրվում է արտահերթ նիստ, այլ Մոնիթորինգի հանձնաժողովը մյուս շաբաթվա իր հերթական նիստի ընթացքում արտահերթ է քննարկելու այդ հարցը։ Հանձնաժողովի գործունեությունը գաղտնապահական հիմունքներով է, եւ որեւէ մեկն այս պահին չի կարող կանխագուշակել, թե ինչ որոշում է կայացվելու։ Նախ հստակ չէ, թե ինչպիսի տվյալներ կունենա Մոնիթորինգի հանձնաժողովն իր տրամադրության տակ։ Կրկնվելով պետք է ասեմ, որ հանձնաժողովն անդամ երկրներում իրադարձություններին հետեւելու պարտականություն ունենալով՝ տեղեկատվություն է ստանում տարբեր աղբյուրներից եւ հենվում է զանազան տվյալների վրա։ Այդ տվյալների հիման վրա Մոնիթորինգի հանձնաժողովը կարող է տարբեր որոշումներ կայացնել, որոնք կախված կլինեն քննարկման ընթացքից եւ բովանդակությունից։ Ի դեպ, տարբեր տարիներին թե՛ ընդդիմության եւ թե՛ իշխանության ներկայացուցիչներն ունեցել են եւ ունեն հնարավորություն՝ ներկայացնելու իրենց տեսակետներն այս կամ այն հարցի կապակցությամբ: Իհարկե, կա օրակարգ, կան հարցեր, որտեղ մենք միասնական ենք եւ այդ հարթակում այլ տեսակետներ չունենք:

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930