Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե Վանեցյանն ու Խաչատրյանը չեն կարողանում պաշտպանել իրենց սեփական կապի անվտանգությունը, ի՞նչպես են պաշտպանելու վարչապետի խոսակցությունները գաղտնալսումներից. «Ազգ»

Սեպտեմբեր 15,2018 11:08

Դժբախտաբար նույն վտանգները, առավել շեշտված, այսօր կախված են մեր պետության գլխին: Քաղաքական հեղաշրջումից (ես միշտ խուսափում եմ «հեղափոխություն» բառից, որը բոլորովին այլ սահմանում ունի) արդեն անցել է ճիշտ հինգ ամիս, որը բավարար ժամանակ է ստեղծված նոր իրավիճակը գնահատելու, դեպի մոտակա ժամանակներ կանխատեսումներ անելու համար: Նույն զգեստը այժմ Նիկոլ Փաշինյանի հագին է եւ… հաճույքով վայելում է այն:

Սերժ Սարգսյանի լճացման ժամանակաշրջանին հաջորդել է նոր վարչապետի հախուռն, աղմկոտ, անզուսպ եւ անհակակշիռ մենիշխանության ժամանակաշրջանը: Ներքին եւ արտաքին ճակատների վրա, պետական վարչարարության եւ տնտեսական անորոշությունների մթնոլորտում տիրապետողը բռնոցին է՝ դրան անմիջապես հաջորդող կապիտալի թռնոցիով, որի մասին անձամբ զգուշացրել էի դեռ ապրիլի վերջերին: Բացի սեփական դիրքերի ամրապնդման քայլերից, որոնցից մեկն էլ լինելու է սեփական օգտագործման քաղաքապետի ընտրությունը, որի համար մեր բազմազբաղ վարչապետը ծախսում է այնքան ժամանակ ու եռանդ, չխնայելով անգամ սեփական նյարդերն ու ունկնդիրների թմբկաթաղանթները, որ ժամանակ չի մնում պետականաշինական աշխատանքներով զբաղվելու: Մինչդեռ բոլորը, ճանապարհները փակող գյուղացիներից սկսած մինչեւ պետական գրատեսչությունների, անգամ արդարադատության մարմինների ղեկավարներ, ակնկալում են հենց նրա՛, միայն վարչապետի՛ խոսքը, կարգադրությունը, հրահանգը, որպեսզի «քայլ անեն»:

Վերջինի վերաբերյալ ամենաթարմ օրինակը ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի հեռախոսային խոսակցությունն էր, որ, ինչպես հայտնի է, մի տեղ ընդհատվեց վարչապետի կարգադրությունը իմանալու խոսակիցների փոխադարձ խոստումով, որն ըստ ինձ այդ գայթակղալից դրվագի ամենացավալի պահն էր: Երկրորդը, որի վրա ոչ ոք ուշադրություն առայժմ չի դարձնում, նույնիսկ՝ Փաշինյանի ամենակատաղի ընդդիմախոսները, այն է, որ բացահայտումից անմիջապես հետո ազգային ու պետական անվտանգության այդ երկու պատասխանատուները հրաժարական պետք էր տված լինեին ոչ թե իրենց փողոցային խոսակցության եւ տգեղ որակումների, այլ պարտականության մեջ թերանալու համար: Այսօր, ժամանակակից տեխնոլոգիաների պայմաններում, ամբողջ աշխարհի երկրներն են գաղտնալսում միմյանց, բարեկամ թե թշնամի: Հիշողություններում տակավին թարմ է նախորդ տարվա միջազգային գայթակղությունը, երբ բացահայտվեց, որ Գերմանիայի կանցլերի բջջային հեռախոսային զրույցները գաղտնալսում են ամերիկյան համապատասխան մարմինները: Կարելի փութով փակված այդ սկանդալի պայմաններում գերմանացի հարկատուներն ու մամուլը հանգստացան միայն այն ժամանակ, երբ Անգելա Մերկելի կարգադրությամբ պաշտոնազրկվեցին նրա կապի անվտանգության պատասխանատուները: Մինչդեռ մեր պարագայում…

Եթե Արթուր Վանեցյանն ու Սասուն Խաչատրյանը չեն կարողանում պաշտպանել իրենց սեփական կապի անվտանգությունը, ի՞նչպես են պաշտպանելու վարչապետի եւ այլ պատասխանատուների խոսակցությունները գաղտնալսումներից:

Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը, փոխանակ նրանց պաշտոնազրկելու, նույն երեկոյան իր ջղագրգիռ ելույթում սպառնաց գաղտնալսողների՛ն հայտնաբերել ու կոխել YouTube-ի մեջ: Ներկա ընթացքով կարող ենք բոլորս հայտնվել tube-ում, վարչապետն էլ մեզ հետ:

Հակոբ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930