Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը սեպտեմբերի 14-ին ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի մի խումբ ներկայացուցիչների:
Պետական նախարարը ողջունել է բարերարների հերթական այցը հայրենիք և նշել, որ Արցախի իշխանությունները մշտապես բարձր են գնահատել հիմնադրամի գործունեությունը և վերջինիս հետ ունեցած համագործակցության մակարդակը: Նրա խոսքով՝ երկու տարի առաջ համահայկական միջոցներով շահագործման հանձնված Վարդենիս-Մարտակերտ մայրուղին տնտեսական առումով լուրջ արդյունքներ է ապահովում՝ մասնավորապես խթանելով զբոսաշրջության և ապրանքաշրջանառության աճին: «Բացի բազմաթիվ իրականացված ծրագրերից, Հիմնադրամի միջոցով մեր շատ հայրենակիցներ առիթ են ունեցել հայրենիքի հետ ավելի ամուր կապեր հաստատելու: Այս իմաստով, այն իսկապես, յուրօրինակ կամուրջ է դարձել Հայրենիք-Սփյուռք հարաբերություններում, և, համոզված ենք, որ տարիների ընթացքում համատեղ աշխատանքով ձեռք բերված փորձն ու վստահությունը նոր որակ կստանան մեր ապագա հարաբերություններում»,- ասել է Գ. Մարտիրոսյանը:
Հանդիպման վերջում Գ. Մարտիրոսյանը պատասխանել է նաև Հիմնադրամի շահառուների հարցերին:
ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին