Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆեյսբուքն ու LSD-ն

Սեպտեմբեր 15,2018 10:00

Վերջերս կարդում էի ամերիկացի հեղինակ Ռիչարդ Ալպերթի (ավելի հայտնի է որպես Ռամ Դաս) մի գիրք՝ այն  մասին, թե ինչպես է պետք ընդունել, այսպես ասած, «կյանքի աշունը»: Կարդում էի հետաքրքրությամբ մինչեւ այն պահը, երբ հեղինակը պատմում էր, որ 1960-ականների երկրորդ կեսին ինքն իր վրա փորձեր էր կատարում LSD կոչվող թմրանյութով: Ավելին՝ գրողը հայտարարում էր, որ այդ թմրանյութն «իր քիմիական ուսուցիչն» է: Այդ պահից սկսած Ռամ Դասի դատողություններն ու փաստարկներն ինձ անհետաքրքիր եւ անհամոզիչ թվացին, եւ ես գիրքը մի կողմ թողեցի: Գուցե հետամնաց թվամ, բայց կտրականապես մերժում եմ նման փորձերն ու նման «ուսուցիչներին»: Ի դեպ, նույն պատճառով չեմ ընդունում մեր երկրում մարիխուանայի օրինականացման մասին խոսակցությունները:

Թմրանյութն, իմ կարծիքով, իրականությունից փախչելու վտանգավոր, ֆիզիկական ու հոգեկան առողջությունը քայքայող միջոց է: Իհարկե, կան պակաս վտանգավոր, բայց նույնքան անօգուտ միջոցներ: Օրինակ՝ «դարդից» կամ «նյարդայնությունից» ծխելը: Կամ՝ սթրեսն օղիով «չեզոքացնելը»:

Բայց այսօր կա շատ ավելի վտանգավոր եւ, կասեի, կործանարար կախվածություն, որի ազդեցությունը համեմատելի է թմրանյութի հետ՝ դա համացանցում եւ հատկապես սոցիալական ցանցում անիմաստ «թափառելն» է: Թե որքան բացասական է դա ազդում պատանիների վրա, կտրում նրանց իրականությունից, կլանում նրանց ամբողջ ժամանակն ու վանում գիրք կարդալուց ու դաս սովորելուց՝ շատ է խոսվել:

Բայց քանի որ մենք՝ հայաստանցիներս, ապրում ենք չափազանց քաղաքականացված հասարակության մեջ, մեր «LSD»-ն ֆեյսբուքում քաղաքական եւ մերձքաղաքական թեմաներով «չանա ծեծելն» է: Գրեցիր «ստատուս» կամ մեկնաբանություն, դրսեւորեցիր քեզ որպես հեղափոխական կամ հակահեղափոխական, ում պետք է՝ քծնեցիր, ում պետք է՝ վիրավորեցիր, եւ վերջ՝ դու արդեն «գործիչ ես», «ակտիվ քաղաքացի ես»: Ի՞նչ է այս պահին իրենից ներկայացնում հայալեզու ֆեյսբուքը՝ մեծ մասամբ անզուսպ երկրպագություն ներկայիս իշխանության նկատմամբ եւ անզուսպ ատելություն ՀՀԿ-ի եւ Քոչարյանի հանդեպ: Երբեմն նաեւ՝ հակառակը: Մարդիկ, այսպես ասած, «պայքարի մեջ են»:  Իրականում այդ «պայքարը»  փոխհատուցում է նրանց միայնակությունը, դժբախտությունը, իրականությանը առերեսվելու քաջության պակասը:

Մեկ այլ հեղինակ՝ ԱՄՆ ապրող բրիտանացի Քոլին Թիփինգը, եկել  է հետեւյալ եզրակացության. «Մարդիկ իրենց վարքով անընդհատ ցույց են տալիս, որ երջանկությանը գերադասում են «ճիշտ լինելու» զգացողությունը»:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    Մեկ անգամ ևս փորձեմ լինել ճիշտ․
    «Մարդիկ իրենց վարքով անընդհատ ցույց են տալիս, որ գերադասում են լինել երջանիկ, քան «լինել ճիշտ»»։

  2. մարդամեկ says:

    Սովետի ժամանակ էլ էին մարդիկ թափառում “քուչեքում” ամբողջ օրը բիսետկեքում․«չանա ծեծում, մեկ մեկ էլ իրար էին ծեծում․ Հետո եկավ Անդրոպովը եվ սկսեց “քուչեքից բոլորին հավաքել․ Ինչ կարծում եք մարդիկ ավելի լավ էին ապրում այդ դեպքում ?

  3. henri says:

    Բարեւ
    Լուսաբանութեան կարօտ ՛Երկու հարց ունիմ ; կապ չունին այսօրուայ ձեր հրամցուցած նիւթին հետ;
    Ա – ՀԱՊԿ-ի երկիրները զինուորական համաձայնութիւն ունին՞ օտար յարձակումներու դէմ;
    Ատրբէջանը ամէն օր ՀՀ-ի գիւղերը կը ռմբակոծէ և մարդ մատը չի շարժեր ;
    Բ – Վարչապետը առիթ չի փախցներ իր թեկնածու Հայկ Մարութեանին բեմին վրայ բարձրանալու ;
    բնականաբար այսօր ոչ ոք իրեն հաւասար ժողովրդականութիւն կը վայելէ /արդարօրէն/;Օրինաւոր
    է թէ թոյլտրուած է ? Շնորհակալութիւն ;

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2018/09/15/980995/

    © 1998 – 2018 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930