Նախկին մի հայաստանցի Ֆրանսահայերի հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց 18-20 տարեկան տղաների ճակատագրի մասին, ասաց, որ շատերը չեն կարող վերադառնալ Հայաստան եւ ծառայել բանակում, որովհետեւ ունեն աշխատանք, սովորում են տեղի լավագույն բուհերում:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Հայաստանում կա մոտ 11000 հետախուզվող, որից 10000-ը հետախուզվում է քաղաքացու նշած հանգամանքների բերումով. «Համաձայն եմ ձեզ հետ, որ կա խնդիր, ու կառավարությունը պետք է մտածի»: Նաեւ ասաց, որ կա խնդրի լուծման մեկ-երկու տարբերակ, որոնք քննարկվում են:
Մարտի 1-ի քաղբանտարկյալներից մեկը, որ վեց տարի ապրում է Ստրասբուրգում, հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է լինելու սխալ դատավարություններից տուժած քաղբանտարկյալների ճակատագիրը:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նախ թող Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը քննի այդ գործերը ու պարզի ինչն ինչոց է, այլապես ներկայումս այդ գործերի վերանայումը Հայաստանում կարող է շահարկումներ տեղիք տալ:
Փաշինյանն անդրադարձավ նաեւ իր բանտարկվելուն եւ ժամանակին բանտից դուրս գալուն. «Երբ բանտից դուրս եկա, ինձ համարում էին դավաճան: Ասում էին՝ ոնց ա քեզ չեն խփում: Տարիներ առաջ նույնիսկ Լոս Անջելեսում մեկը ասում էր՝ էդ ո՞նց ա գլխավոր դատախազի մասին բաներ ես ասում, քեզ բան չեն ասում: Կամ՝ պատգամավոր ընտրվեցի, ասում էին՝ Սերժը մանդատը շպրտեց, վերցրիր, ծախված ես»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ