Լրահոս
Օրվա լրահոսը

«Ստրասբուրգում նման շեշտադրումներով քննարկումներ Հայաստանի մասին եղել են 2008-ին՝ «Մարտի 1»-ի դեպքերից հետո»

Սեպտեմբեր 15,2018 14:30

Նաիրա Զոհրաբյանը գնալու է մինչեւ ՄԻԵԴ

Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ ավագանու ցուցակը գլխավորող Նաիրա Զոհրաբյանը չի կարծում, որ ԵԽ տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսը քաղաքական ենթատեքստով է մերժել Երեւանի ավագանու ընտրությունների դիտարկումը: «Խնդիրը զուտ տեխնիկական է։ Իրենք ունեն հստակ ընթացակարգեր, եւ եթե կա այլ երկրում էլ ընտրություն՝ որ երկիրն առաջինը դիմել է, այնտեղ են գնում»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց տիկին Զոհրաբյանը։ Հիշեցնենք, ԵԽ տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսը հրաժարվել է դիտորդական առաքելություն իրականացնել սեպտեմբերի 23-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններում` պատճառաբանելով, որ առաքելությունը դիտարկելու է Բոսնիա եւ Հերցեգովինայում կայանալիք ընտրությունները: Եթե նկատի ունենանք հետհեղափոխական շրջանում ՀՀ-ԵՄ կնճռոտ հարաբերությունները, Երեւանի ավագանու ընտրությունների դիտարկման նման դիվանագիտական մերժումը միանգամայն բնական է: Պարզ է, չէ՞, որ եվրոչինովնիկները համաձայնեցված քաղաքականություն են վարում: Քանի որ Հայաստանի նոր կառավարությունը, մեծ հաշվով, անհասկանալի է ԵՄ-ի համար, այս ընտրությունների դիտարկումով որեւէ` դրական, թե բացասական, կարծիքի արտահայտումը հետագայում կարող էր կաշկանդող լինել: Այսպիսով, Եվրոպան «ազատ է պահում» իր ձեռքերը Հայաստանի հետ հետագա հարաբերությունների համար:

«Առավոտի» հարցին` արդյոք ունե՞նք մտահոգվելու խնդիր, որ ԵԽ տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսը չի դիտարկելու այս ընտրությունները, ԱԺ ԵԽԽՎ պատվիրակության անդամ, ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանն ասաց` ունենք. «Ընդամենը երկու շաբաթ անց՝ հոկտեմբերի սկզբին, ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում հայտնի է, որ մոնիտորինգի հանձնաժողովը արտահերթ կարգով պատրաստվում է քննարկել Հայաստանում խոսքի ազատության, մարդու իրավունքների, խղճի ազատության, սոցիալական ցանցերում ատելության քարոզի հարցը: Ստրասբուրգում նման շեշտադրումներով քննարկումներ Հայաստանի մասին, եթե չեմ սխալվում, վերջին անգամ եղել են 2008 թվականին՝ «Մարտի 1»-ի դեպքերից հետո։ Այստեղ է, որ մտահոգվելու խնդիր ունենք։ Ես լուրջ մտահոգություն եմ տեսնում, որովհետեւ բոլոր կոչերը, որ իշխանության տարբեր ներկայացուցիչներ զսպեն սոցիալական ցանցերում իրենց հետեւորդներին, որոնք ուղղակի տարածում են ատելության քարոզ, որոնք ուղղակի փորձում են բռնանալ մարդկանց խղճի, կամքի, իրավունքների վրա, փաստորեն «Ձայն բարբառո հանապատի» են` մտածելով, որ իրենք հաղթել են, իրենց ամեն ինչ կարելի է։ Էդպես չի։ Էդպես չի լինում։ Մենք մի կղզյակում չենք ապրում աշխարհից կտրված։ Եվ ի վերջո, մենք եվրոպական ընտանիքի անդամ ենք, եւ հասկանալի է, որ եվրոպական ընտանիքը մի օր, ամեն դեպքում, այս ամեն ինչին արձագանքելու է։ Սա մեզ պիտի մտահոգի։ Ես կարծում եմ՝ մենք պիտի անենք առավելագույնը, ամեն ինչ, որ այն լուսավոր հեղափոխությունը, որը տեղի ունեցավ, չմթագնվի եւ չստվերվի տարբեր ֆեյսբուքյան զոմբիների, ոչ ադեկվատ մարդկանց պահվածքով եւ գործողություններով»։
Ի դեպ, նախկին վարչատարածքային բաժանմամբ եւ ընտրակարգով Երեւանում նախ ընտրվում էին թաղային համայնքների ղեկավարներ, ապա ուղիղ ընտրությամբ ընտրվում էր Երեւանի քաղաքապետը: Այժմ՝ ավագանու ընտրություններից հետո, Երեւանի քաղաքապետն ընտրվում է ավագանիների կողմից, իսկ վարչական շրջանների ղեկավարները նշանակվում են քաղաքապետի կողմից: Ժամանակին բուռն բանավեճեր եղան այս թեմայով, մինչ օրս էլ շատերն այն կարծիքին են, որ գործող տարբերակով մեկ քայլ ետ ենք գնացել ժողովրդավարության առումով:
«Մեր կուսակցությունում տարբեր տեսակետներ կան։ Իմ անձնական տեսակետը կարող եմ ասել՝ Երեւանը Հայաստանի կեսն է, եւ կարծում եմ, որ քաղաքապետի ընտրությունները պետք է լինեն ուղիղ եւ անձնավորված»,- պատասխանեց Նաիրա Զոհրաբյանը:

Իսկ առհասարակ, մեր զրուցակիցը կարծում է, որ այս քարոզարշավը հավասար մրցակցային պայմաններով չի ընթանում: Թեեւ այս քարոզարշավի նպատակն է երեւանցիներին ներկայացնել իրենց խնդիրների լուծումները եւ քաղաքական ուժերի տեսլականները` Երեւանն ապրելու համար ավելի լավ քաղաք դարձնելու մասով, ֆավորիտ ուժերից մեկը Երեւանի խնդիրները թողած՝ քաղաքական դիսկուրսի դաշտ է տեղափոխում հարցը: «Ես հասկանում եմ՝ մեծ է գայթակղությունը քաղաքական դիսկուրսի` հաշվի առնելով հետհեղափոխական էյֆորիան` քաղաքական քվեներ, քաղաքական բոնուսներ շահելու, բայց մենք հարգում ենք երեւանցուն: Դեռ հարց է, թե քաղաքական հարթակ տեղափոխելուց ո՞ր քաղաքական ուժը ավելի հեղափոխական, ավելի դուխով կլինի»,- ասաց նա` հավելելով՝ թե՛ հեղափոխականները, թե՛ «հակահեղափոխականները», թե՛ «սեւերը», թե՛ «սպիտակները» ունեն նույն խնդիրները, թեեւ այս տարբերակումները ԲՀԿ-ի համար անընդունելի են: Նա միանում է «Լույս» դաշինքի իր գործընկեր Արամ Սարգսյանի տեսակետին` մենք իրավունք չունենք երկիրը բաժանելու սեւերի եւ սպիտակների, սա ուղղակի շատ վատ, վտանգավոր տեղ տանող ճանապարհ է:

Նաիրա Զոհրաբյանը բացատրում է, թե որն է ԲՀԿ-ի տարբերությունը մնացյալ քաղաքական ուժերից, եւ ինչու պետք է ընտրողն իր քվեն տա ԲՀԿ-ին. «ԲՀԿ-ն միակ քաղաքական ուժն է, որ ներկայացնում է արդեն քննարկված, ներդրումային ծրագրերով լուծումներ: Մնում է ստորագրությունը դրվի»: Նա օրինակ է բերում միջազգային հայտնի տրանսպորտային ընկերության հետ քննարկումները Երեւանում էլեկտրատրանսպորտ ունենալու մասին: Նաեւ` տարբեր քննարկում-պայմանավորվածությունների արդյունքները Երեւանում աղբի վերամշակման գործարան կառուցելու, Երեւանի պատմամշակութային կենտրոնը վերականգնելու, Էրեբունի բերդը վերականգնելու, Երեւանը ճոպանուղիների քաղաք դարձնելու, Բուսաբանական այգին վերականգնելու եւ այլ ծրագրեր: «Մենք չենք ասում` ընտրեք մեզ, եւ ամեն ինչ լավ կլինի, մենք ասում ենք` ահա մեր ներդրումային փաթեթները»,- ասաց նա: Քանի որ թվարկված հարցերը մեծ ներդրումների հետ են կապված, Նաիրա Զոհրաբյանը մանրամասնում է` միջազգային ներդրողները ԲՀԿ-ի «սիրուն աչքերի» համար չեն ներդրումներ անելու Երեւանում: Ներդրողները հետապնդելու են նաեւ բիզնես-շահեր, ու որպես դրանց ապահովության երաշխիք՝ ներդրումներին մասնակցելու է նաեւ Գագիկ Ծառուկյանը. «Բիզնեսի համար պետք է վստահություն, երկրում կայունություն, ոչ թե հակահեղափոխական որսեր` «Անորսալի Ջո»-երի, սեւերի, սպիտակների, հակահեղափոխականների: Մեզ համար կա մեկ ջրբաժան` Երեւանի չլուծված խնդիրները»:

Անդրադառնալով ընտրակաշառքների մասին խոսակցություններին՝ Նաիրա Զոհրաբյանը իրավապահներին հորդորեց «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ «կարգին ներկայացում» իրականացրած կնոջ հարցով զբաղվել: Կինը հայտարարեց ԲՀԿ-ի կողմից ընտրակաշառք բաժանելու մասին: Նաիրա Զոհրաբյանը հետամուտ է լինելու, որ այդ տիկինը եւ ավագանու այն թեկնածուները, որոնք այդ տեսագրությունը սոցիալական ցանցերում տեղադրելով ապատեղեկատվություն տարածեցին, պատասխանատվության ենթարկվեն: Նա հասնելու է մինչեւ ՄԻԵԴ:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ»

14.09.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930