«Տուժողներից, վկաներից ոչ ոք չի հայտնել որեւէ տեսակի տեղեկատվություն, ըստ որի՝ Դավիթ Համբարձումյանն իրեն վերագրվող ենթադրյալ արարքը կատարել է զենքի կամ որպես զենք օգտագործված առարկայի գործադրմամբ»,- Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ներկայացրած միջնորդությամբ հայտնում է Դավիթ Համբարձումյանի պաշտպան, փաստաբան Տիգրան Աթանեսյանը:
Վերջինս դիմելով դատարան, միջնորդել է ճանաչել թիվ 12200518 քրեական գործով մեղադրյալ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կալանավորման այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառման թույլատրելիությունը եւ սահմանել գրավի ողջամիտ գումար: Ի դեպ, միջնորդությունը քննության կառնի դատավոր Մնացական Մարտիրոսյանը՝ սեպտեմբերի 17-ին:
Հիշեցնենք, որ Դավիթ Համբարձումյանը կալանքի տակ է կապված մինչհեղափոխական ժամանակահատվածում՝ 2018 թվականի ապրիլի 22-ին, ժամը 13:00-ի սահմաններում տեղի ունեցած դեպքերի հետ: Ըստ մեղադրանքի կողմի, նա այդ ժամանակ գտնվել է Էրեբունի թաղամասում: Պաշտպան Տիգրան Աթանեսյանը նշում է. «Փաստորեն, ստացվում է, որ միայն այս հանգամանքը բավարար է եղել դատարանի համար հանգելու հետեւության, որ Դավիթ Համբարձումյանն առնչություն ունի նույն օրը եւ նույն ժամին Էրեբունի թաղամասում տեղի ունեցած բախումների հետ, որոնք որակվել են որպես զանգվածային անկարգություններ: Ավելին, դատարանի համար սա բավարար էր, որպեսզի արձանագրվի ոչ միայն Դավիթ Համբարձումյանի առնչությունը զանգվածային անկարգություններին մասնակցելու մասով իրեն առաջադրված մեղադրանքի, այլ նաեւ այդպիսի կազմակերպելու մասով առաջադրված մեղադրանքի հետ»: Ըստ պաշտպանի, դատարանը նույն տրամաբանությամբ կարող էր Էրեբունի թաղամասի յուրաքանչյուր բնակչի կալանավորման մասին միջնորդություն բավարարել:
Տ. Աթանեսյանը դատարանի ուշադրությունն էր հրավիրել Դավիթ Համբարձումյանի փաստացի բնակության հասցեին՝ ք. Երեւան, Նոր-Արեշի թիվ 26 փողոցի թիվ 33 տանը: «Ապրիլի 22-ը կիրակի օր է: Եվ կարծում եմ, լիովին նորմալ է, որ մարդը ոչ աշխատանքային օրով գտնվում է իր ընտանիքի հետ իր տանը, կամ իր թաղամասում»,- ասվում է միջնորդության մեջ, եւ որ նշված փաստական տվյալն էլ որեւէ կերպ չի կարող հաստատել այն հանգամանքը, թե Դ. Համբարձումյանը առնչություն ունի իրեն առաջադրված մեղադրանքի հետ:
Հիշեցնենք, որ 2018 թվականի ապրիլի 22-ին Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 12200518 քրեական գործը: Ապրիլի 27-ին քրեական գործն ընդունվել է ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչության վարույթ, իսկ հունիսի 1-ին ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչության վարույթում քննված քրեական գործով կայացվել է որոշում՝ Դ. Համբարձումյանին ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով մեղադրանք առաջադրելու մասին:
Հունիսի 2-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչության ՀԿԳ քննիչ Ս. Մարգարյանի միջնորդությունը՝ Դ. Համբարձումյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ: Ըստ պաշտպանական կողմի, դատարանում չի հիմնավորվել Դ. Համբարձումյանի առնչությունը իրեն վերագրվող արարքի կատարմանը: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը դատավարական հսկողություն իրականացնող դատախազի վերաքննիչ բողոքի հիման վրա դատական ստուգման ենթարկելով դատական ակտը, կայացրել է վերաքննիչ բողոքը մերժելու եւ դատական ակտը անփոփոխ թողնելու մասին որոշում:
2018 թվականի հունիսի 22-ին ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչության վարույթում քննված մեկ այլ՝ թիվ 44102918 քրեական գործով որոշվել է Դ. Համբարձումյանին մեղադրանք առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու համար:
Հունիսի 28-ին թիվ 44102918 քրեական գործը միացվել է թիվ 12200518 քրեական գործին: Ի դեպ, երկրոդ քրգործով մեղադրյալի մեղադրանքը փոփոխվել եւ լրացվել է, միաժամանակ ներկայացվել է կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդություն:
Դատարանը այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումն անթույլատրելի ճանաչելու մասին որոշում է կայացրել, ավելին, սեպտեմբերի 1-ին առաջին ատյանի դատարանը Դ. Համբարձումյանի կալանավորման ժամկետը երկարացրել է երկու ամսով՝ մինչեւ նոյեմբերի 6-ը:
Պաշտպանական կողմը դատարանի ուշադրությունը կհրավիրի արդեն իսկ ուսումնասիրության առարկա դարձած Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմանը, վերաքննիչ դատարանի կողմից այդ որոշումն անփոփոխ թողնելուն, որոնցով չէր հաստատվել Դ. Համբարձումյանի առնչությունը տվյալ արարքներին:
Տ. Աթանեսյանի գնահատմամբ. «Նախաքննական մարմինը եւ դատավարական հսկողություն իրականացնող դատախազն ակնհայտորեն չարաշահում են իրենց դատավարական իրավունքը՝ խափանման միջոց ընտրելու հարցի վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու մասով, իսկ դատարանը թույլ է տալիս ապօրինություն սեփական որոշմամբ մեկ այլ՝ արդեն իսկ օրինական ուժի մեջ մտած դատական ակտին հակասելով»:
Այսինքն, ըստ միջնորդության, Դ. Համբարձումյանի առնչությունը իրեն վերագրվող արարքների կատարմանը հաստատված չէ, ընդհակառակը, «նշված ենթադրյալ հանցավոր արարքներին նախաքննական մարմինը, ինչպես նաեւ դատարանը հիմնավորել են խիստ կասկածելի ապացույցներով»:
Պաշտպանը նշում է մի քանի անձանց ցուցմունքների մասին, որոնք «առեղծվածային պայմաններում մի քանի օր անց ներկայացրել են դիմումներ, կամ լրացուցիչ ցուցմունք տվել՝ հայտնելով, որ չեն ցանկանում որեւէ դատավարական գործողության մասնակցել, որին պետք է մասնակցի նաեւ Դ. Համբարձումյանը, նշվածը պատճառաբանելով, թե Դ. Համբարձումյանը կարող է որեւէ վնաս հասցնել իրենց կամ իրենց ընտանիքներին»: Ցուցմունքներ, որոնք ողջամիտ դիտորդների մոտ էլ կարող են կասկած հարուցել:
Այս անձանց ցուցմունքները, նրանց կողմից հայտնած տվյալները ստուգելու եւ դրանց իրականությանը համապատասխանելու ուղղղությամբ քայլ չի կատարվել:
Տուժողներից մեկը առերեսվել է մեղադրյալի հետ եւ հայտնել, որ իրեն ծեծող անձը Դավիթը չէ, նա հայտնել էր, թե Դավիթին տեսնում է առաջին անգամ:
Պաշտպանական կողմն անդրադառնալու է Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների մասին եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջի վերաբերյալ արված իրավական մեկնաբանություններին, մասնավորապես. «դատարանը պարտավոր է յուրաքանչյուր կալանավորվածի տրամադրել որոշակի երաշխիքներով ազատ արձակվելու հնարավորություն. դատարանը միայն պարտավոր է քննարկել եւ լուծել այն հարցը, թե արդյոք հնարավո՞ր է անձին ազատ արձակել, այդ թվում` որոշակի այլընտրանքային երաշխիք ստանալով»: Դատարանի ուշադրությանը կհրավիրվի մեղադրյալի վարքագիծը նախաքննության ընթացքում:
Ի դեպ, կալանավորվածն ունի երեք անչափահաս երեխա:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ»
14.09.2018