Խաչատրյանական օրհներգը վերադարձնելու
ստորագրահավաքը շարունակվում է
Անկախ Հայաստանի առաջին տարիներից մի քանի անգամ անդրադարձ է եղել օրհներգի ընտրությանը: Առաջինը 1990թ. օգոստոսն էր: Անկախության հռչակագրի ընդունումից հետո ստեղծվեց հանձնաժողով, որը պետք է 3 ամսում օրհներգի մրցույթ անցկացներ, սակայն մինչեւ 1991թ. մրցույթ չանցկացվեց եւ Գերագույն խորհուրդը ժամանակավոր որոշում ընդունեց «Մեր հայրենիքն» ընդունել որպես հիմք՝ պետական օրհներգի համար: Օրհներգի փոփոխության երկրորդ փորձն արվեց 2006թ., որն ըստ էության տապալվեց: Վեց ամսվա ընթացքում ներկայացված 85 տարբերակից մրցութային հանձնաժողովը նախընտրեց 5-ը, որոնք գործիքավորվեցին եւ ներկայացվեցին հանրությանը: Սակայն դրանցից եւ ոչ մեկն առանձնակի ոգեւորությամբ չընդունվեց ոչ հանրության, ոչ էլ հանձնաժողովի կողմից: Դրանից հետո 2006թ. հոկտեմբերի 21-ին մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորած մրցութային հանձնաժողովը գրեթե միաձայն քվեարկեց Արամ Խաչատրյանի՝ Խորհրդային Հայաստանի օրհներգի օգտին՝ միայն երաժշտության մասով: Սկանդալներով ու փոխադարձ մեղադրանքներով ուղեկցված այդ հանձնաժողովի աշխատանքից ու կայացրած որոշումից դժգոհ մնացին շատերը: Հետո մշակույթի նախարարությունը մրցույթ հայտարարեց, այս անգամ՝ բառերի համար, բայց այդպես էլ համապատասխան բառեր չգտնվեցին: Մինչ օրս ժամանակ առ ժամանակ տարբեր առիթներով «Առավոտի» հետ զրուցած մշակույթի մարդկանց որոշ մասը դժգոհություն է հայտնում, բարձրաձայնելով Առաջին հանրապետության տարիներին օրհներգի հենց առաջին տողը՝ «Մեր հայրենիք թշվառ, անտեր…»: Նաեւ կան մշակույթի գործիչներ էլ, որոնք գտնում են, թե խաչատրյանական օրհներգը այլեւս պատմություն է, իսկ նոր Հայաստանին անհրաժեշտ է նոր օրհներգ: Նշում են նաեւ, թե ոչ երաժշտությունն է հայկական, ոչ էլ տեքստը: Թավշյա հեղափոխությունից հետո Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի կայքում հայտնվեց տեղեկատվություն, թե ստորագրահավաք է կազմակերպվում խաչատրյանական օրհներգը վերականգնելու օգտին:
Հանդիպեցինք տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանին: Կեսկատակ-կեսլուրջ փորձեցինք ճշտել, թե այդ միջոցառումը Խաչատրյանի ծննդյան 115-ամյակի շրջանակներո՞ւմ է արվում: Ինչպես եւ ակնկալում էինք՝ ստացանք բացասական պատասխան: Տիկին Գրիգորյանի խոսքերով՝ եթե մի հարց ժամանակ առ ժամանակ քննարկվում է, ուրեմն հուզում է ժողովրդին: Մեր զրուցակիցը համոզված է, որ Խաչատրյանի օրհներգի վերականգնման հարցը դեռ փակված չէ. «Ընդհանրապես հանճարեղ մարդկանց թողած ժառանգությունը ճիշտ չէ համարել հին: Նրանց ստեղծած արժեքները չեն կարող «ծերանալ»: Օրինակ՝ Գերմանիան այսօր էլ ունենալով տաղանդներ, իրենց երկրի օրհներգը չի փոխում. եղել եւ մնում է Հայդնի երաժշտությունը, գրված 1797թ….»: Ռեպլիկին՝ մինչեւ երբ է շարունակվելու ստորագրահավաքը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ոչ միայն հայաստանցիները, այլեւ սփյուռքահայերն են արձագանքում, հայրենիքում գտնվելու օրերին այցելում են տուն-թանգարան՝ իրենց դրական վերաբերմունքը հայտնելու այդ հարցի մասին: Արձագանքներ ենք ստացել օտարազգի երաժիշտներից, նրանք բարձր են գնահատում օրհներգի երաժշտությունը՝ այն համարելով այդ ժանրում իդեալական: Ժամկետ չեմ կարող նշել, բայց առաջիկայում մենք պատրաստվում ենք նամակով դիմել «վերին ատյաններ»: Ինձ ուրախացնում է մի փաստ. երիտասարդության վերաբերմունքը…»: Հարցին՝ չե՞ք կարծում, որ եթե մեր անվանի կոմպոզիտորները կողմ լինեին Խաչատրյանի հիմնին, ժամանակին չէին մասնակցի հայտարարված մրցույթին, տիկին Գրիգորյանը պատասխանեց. «Դա այդպես չէ: Յուրաքանչյուր ստեղծագործողի համար ամեն միջոցառում ինքնադրսեւորվելու հնարավորություն է, եւ ոչ ոք, նույնիսկ հայտնիները, այդ առիթը բաց չեն թողնի»:
Հարցազրույցի ժամանակ Արմինե Գրիգորյանին այցելեց կանադահայ բարերար Հարմիկ Գրիգորյանը, որը, պարզվեց՝ թանգարանի բարեկամն է: Նրանից էլ խնդրեցինք կարծիք՝ թեմայի վերաբերյալ: «Ողջ Սփյուռքը զայրացած էր, երբ Հայաստանում գործող մի կուսակցության ուղղորդմամբ Լորիս Ճգնավորյանը հայ երաժշտության հետ ոչ մի աղերս չունեցող «Մեր հայրենիք թշվառ, անտերը…» բարձրացրեց օրհներգի «կարգավիճակի»: Իսկ այս օրերին, երբ Հայաստանում փոփոխություններ են տեղի ունեցել եւ դեռ արտասահմանում բնակվող հայերս սպասում ենք էլ ավելի դրական զարգացումների, երկրորդ կարծիք լինել չի կարող՝ պետք է վերադարձնել Խաչատրյանի օրհներգը, աշխարհին պետք է ներկայանանք հանճարեղ հայի բարձրարժեք ստեղծագործությամբ: Ի դեպ, դա ոչ թե Խաչատրյանին, այլ մեզ է պետք»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լուսանկարում` Արմինե Գրիգորյանն ու Հարմիկ Գրիգորյանը:
«Առավոտ»
14.09.2018
Շատ ուրախ եմ,որ Հայաստանի Պետական Օրհներգի հարցը նորից սկսվում է քննարկվել եւ այս անգամ ավելի լայն բացված ԿԱՐԳԻՆՈՎ:
Որպես կոմպոզիտոր ես արդեն ասել եմ եւ ինձ համար այն եղել է եւ մնում է անփոփոխ կարծիք:
Խաչատուրյանի գրած այս Կարեւոր եւ Այժմյական մինչեւ այսօր գրված Քայլերգը, իրավունք չունեինք այն ժամանակ փոխելու:
Ուստի պետք է այն ՀԵՏ տալ այս Հպարտ Ժողովրդին փոխված բառերով:
Ես վստահ եմ, որ հանրությունը դրական արձագանք կտա այս կարեւոր փոփոխությանը:
Առաջին ստորագրողները պետք է լինեն հեց իրնք ՀԱՅ ԿՈՄՊՈԶԻՏՈՐՆԵՐԸ եթե իրենք համարում են Խաջատուրյանին որպես Մեծ …
Հաջողություն