Ուսումնական տարվա մեկնարկի հետ Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետում վերսկսվեցին «վարպետաց դասերը»։ Այս անգամ լրագրության բաժնի հյուրն էր լոսանջելեսաբնակ Հովսեփ Թոքատը, ով հեղինակն է մի քանի գրքերի՝ «Հայ արծաթագործ վարպետներ», «Ավերակ Քղին»։
Նրան համառոտ ներկայացրեց դասախոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանը. «Հովսեփ Թոքատի` Քղիին նվիրված գիրքը կազմելը, հրատարակելն իսկական հերոսություն է: Շատ մեծ աշխատանք է անում պարոն Թոքատը. սա կարելի է համարել վավերական գիրք, որովհետեւ գրքում տեղ գտած նյութերը, լուսանկարները ուրիշի պատմած չեն, ուրիշի ներկայացրած ու տված չեն: Նա ինքն անձամբ է գնում, լուսանկարում, լինում այդ վայրերում: Նա անցել է գյուղ առ գյուղ, հուշարձան առ հուշարձան, վերցրել է իր հետ հայ կամ քուրդ լուսանկարիչ, եւ հատիկ-հատիկ նկարել ամեն ինչ: Այս անգամ էլ են իրենք բարձրացել սարերն ու ձորերը: Զարմանալի է, երբ մտածում ես. ո՞ւմ դարդն է կտրվել գնալ, բարձրանալ սարերը, հայկական եկեղեցիները: Այդ ամենը մեկ մարդ է արել` Հովսեփ Թոքատը: Հարյուր տարի է անցել, եւ նա ուզում է նոր սերնդին վերադարձնել այդ հիշողություններն ու տեղեկությունները»:
Հովսեփ Թոքատը Հայաստան է ժամանել Վանից: Իր ժողովրդի ու հողի պատմությունը ներկայացնելն արդեն հոբբիից ավելի է դարձել նրա համար: Նա ճամփորդում է ժամանակի մեջ, գնում դեպի անցյալ, դժվարությամբ հասնում իր ժողովրդի արմատներին ու մեծ ջանքերով այնտեղից բերում տեղեկություններ, որոնք անսահմանելի արժեք ունեն հայերի համար: Իր հրատարակած երկու գրքերից հետո («Ավերակ Քղին», «Հայ արծաթագործ վարպետներ») նա կրկին սկսել է իր ճամփորդությունը, եւ ժամանակի մեքենան այս անգամ նրան տարել է Վան:
«Ամեն մարդ, իր բուն աշխատանքից բացի, զբաղվում է նաեւ այլ գործով: Գիրք գրելը իմ գործը չէ, բայց այն դարձավ ինձ համար սիրելի զբաղմունք: Ես սկսել եմ իմ գյուղից` Քղիից («Ավերակ Քղին»): Մայրս պատմում էր մեր գյուղի, դպրոցի, եկեղեցիների մասին, նրանց կրած տառապանքների մասին: Դժբախտաբար, հիմա այդ շրջանում հայեր չեն ապրում, բայց եկեղեցիներից մի քանիսը, անգամ հորս կառուցած աղբյուրը պահպանվել են:
Երբ Քղիի գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ Ստամբուլում, այնուհետեւ Քղիում, մարդիկ հավաքվել էին դահլիճում, եկել էին տեսնելու գիրքը, ինձ մի կին դիմեց, ասաց` կարո՞ղ եմ քեզ գրկել, համբուրել. շատ անսովոր էր, քանի որ այդ շրջաններում նման բաներն ընդունված չեն: Բայց նա այլ նպատակ ուներ. եկավ, գրկեց, ականջիս ասաց, որ մեծ մայրս հայ է եղել: Այդպես շատ տեղերում ենք եղել, որտեղ մոտենում էին, ասում, որ իրենց մեծ մայրը հայ է եղել, մայրը հայ է եղել: Ասում էի` չեմ հասկանում` մեր ազգը միայն մեծ մա՞յր է ունեցել, մեծ հայրեր չե՞նք ունեցել. բոլորն ասում էին միայն` մեծ մայր, մեծ մայր: Դա, իհարկե, այն բանի արդյունքն է, որ տղամարդկանց կոտորել են, եւ ամուսնացել հայ կանանց հետ:
Ես վանեցի չեմ: Վանաբնակ մարդկանց չէի տեսել: Պարզապես որոշեցի բացահայտել Վանի գաղտնիքները: Վանն ինձ համար շատ խորիմաստ քաղաք էր: Այն շատ կարեւոր նշանակություն է ունեցել նաեւ մեր ժողովրդի ու Հայաստանի համար: Տարիներ առաջ ես եղել էի Վանում, բայց դեռ ամբողջական չէին մտքերս, այս տարի նորից այցելեցի: Գրքի հայերեն տարբերակն ամբողջությամբ պատրաստ է արդեն, թուրքերենի` 30 տոկոսը: Գրքերը եռալեզու են. հայերեն ու թուրքերեն տարբերակները ինքս եմ անում, անգլերենը` թարգմանիչը»:
Հովսեփ Թոքատն առանց արցունքների չէր կարողանում հիշել այն դաժանություններն ու զրկանքները, որոնք կրել է հայ ժողովուրդը: Այդ ամենի մասին խոսելիս նա երբեմն լռում էր. թվում էր, մտքերը նորից տանում են իրեն անցյալ, հիշեցնում դառնություններն ու ստիպում ավելի մեծ նվիրումով շարունակել մարդկանց ներկայացնել այն արժեքները, որոնք ժողովուրդն անգամ կյանքի գնով է ստեղծել եւ պահպանել:
ԱՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ»
14.09.2018