Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սեպտեմբերը 20-ին ՄԻԵԴ-ը որոշում կկայացնի Մուշեղ Սաղաթելյանի, Վարդգես Գասպարիի և Աշոտ Գուլյանի գործերով

Սեպտեմբեր 14,2018 23:40

Սեպտեմբերի 20-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մի շարք որոշումներ կկայացնի Հայաստանի գործերով:

Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի

Գործերից մեկում հայցվորը 1950թ. ծնված Երևանի բնակիչ Մուշեղ Սաղաթելյանն է: ՄԻԵԴ-ին ուղղված հայցը վերաբերում է ոստիկանությունում խոշտանգումներին, ինչպես նաև 2008թ. ընտրություններից հետո քաղաքական դրդապատճառներ ունեցող ձերբակալությանն ու դատավարությանը:

Սաղաթելյանը բերման է ենթարկվել մարտի 1-ի վաղ առավոտյան, երբ ոստիկանությունը ցրեց Ազատության հրապարակում գիշերող ցուցարարներին: Սաղաթելյանը պնդում է, որ ոստիկանությունում իրեն և մյուս ցուցարարներին ծեծի են ենթարկել: Նա պաշտոնապես ձերբակալվել է ավելի ուշ՝ երեկոյան, այնուհետև մարտի 3-ին մեղադրվել կառավարությունը բռնի տապալելու և պաշտոնյաներին հրապարակավ վիրավորելու մեջ: Մարտի 4-ին նա բերվել է դատարան, որը 2 ամսով նրան կալանավորել է: Բողոքարկման նրա հայցերը մերժվել են:

5 ամիս անց նրա դեմ մեղադրանքները հանվել են՝ հիմնականում ապացույցների բացակայության պատճառով: Սակայն առաջ են քաշվել նոր մեղադրանքներ՝ ոստիկանների վրա հարձակում և անօրինական կերպով դանակ կրել: Այս մեղադրանքով նա դատապարտվել է 5 տարվա ազատազրկման, սակայն 2010թ. նոյեմբերին ազատ է արձակվել:

Գասպարին ընդդեմ Հայաստանի

Հայցվորը 1957թ. ծնված Վարդգես Գասպարին է. նա բողոքում է դարձյալ մարտի 1-ից դեպքերից հետո ազատազրկման վայրում իր պահման պայմաններից՝ մասնավորապես պնդելով, որ բանտերը գերծանրաբեռնված էին, ինչպես նաև բնական լույսի և թարմ օդի բացակայությունից:

2008թ. մարտի 1-ին Գասպարին ձերբակալվել է ոստիկանության հետ բախումների ժամանակ՝ ոստիկանության սպայի վրա հարձակվելու կասկածանքով: Դրանից կարճ ժամանակ անց նրա դեմ մեղադրանք է առաջադրվել, և դատարանը բավարարել է նրա կալանքի միջնորդությունը: Գասպարին բողոքարկել է որոշումը՝ պնդելով որ ինքը գրանցման վայր ունի և անչափահաս երեխա: Այնուամենայնիվ, Վերաքննիչ դատարանը մերժել է նրա բողոքը` պատճառաբանելով, որ նա քննչական մարմիններին մոլորեցրել է իր ինքնության հարցում, քանի որ ձերբակալման արձանագրության մեջ նրա անունը նշվում է որպես և՛ Վարդգես Գասպարի, և՛ Վարդգես Գասպարյան, հետևաբար հիմքեր կան հավատալու, որ նա կարող է չներկայանալ կամ խոչընդոտել արդար դատավարությանը: Իրեն ազատ արձակելու Գասպարիի բոլոր մյուս պահանջները մերժվել են:

Գասպարին մեղավոր է ճանաչվել և 2008թ. նոյեմբերին դատապարտվել մեկ տարվա ազատազրկման: Նա ազատ է արձակվել 2009թ. փետրվարին:

Գուլյանն ընդդեմ Հայաստանի

Հայցվորը 1942թ. ծնված երևանի բնակիչ Աշոտ Գուլյանն է: Հայցը վերաբերում է նրա որդու՝ 30-ամյա Լևոն Գուլյանի մահվանը, որը ոստիկանության կողմից հարցաքննվել է սպանության գործով: 2007թ. մայիսի 12-ին նրան մահացած են գտել Երևանի ոստիկանության գլխամասի բակում: Այդ ժամանակ առաջ քաշվեց վարկած, որ նա իրեն ցած է նետել երկրորդ հարկի պատուհանից:

Գուլյանը հարցաքննության էր կանչվել երեք օր առաջ իրեն պատկանող ռեստորանի դիմաց տեղի ունեցած սպանության առնչությամբ:

Գուլյանի մահվան գործով քննությունը սկսվել է 2007թ. դեկտեմբերին և դրանից հետո բազմիցս փակվել ու վերսկսվել: Ամեն անգամ, երբ քննիչները գործը փակում էին, նրանք եզրակացնում էին, որ Գուլյանը փորձել է խուսափել սպանության մեկ այլ վկայի հետ առերեսումից, քանի որ նա կստիպեր իրեն բացահայտել մարդասպանի անունը: Ստիպելով վերաբացել գործը՝ դատարանները մատնանշում էին բազմաթիվ թերություններ, մասնավորապես որ քննիչներն անտեսել են այն փաստը, որ Գուլյանին խոշտանգել են և ցած նետել պատուհանից: Հերթական անգամ գործը փակվել է 2012թ. փետրվարին:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930