Այսօր Գյումրու Աբովյան ճեմափողոցում ներառական հացի փուռի ու սրճարանի պաշտոնական բացման ժամանակ Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին հայտարարեց, որ իր պապիկի հայրը նույնպես հացթուխ է եղել, նա 100-120 տարի առաջ փուռ է ունեցել։ Վերջինս մահացել է 1942 թվականին գերմանական ճամբարում և նրա փուռը, ամբողջ բիզնեսն ազգայնացվել են իշխանությունների կողմից։
Եվրամիության դեսպանը նաև ասաց, որ Սվիտալսկիների ընտանիքում շարունակում են պահպանել հաց թխելու ավանդույթները։
Իրադարձության ավարտից հետո Պյոտր Սվիտալսկին լրագրողների հետ զրույցում ավելի մանրամասնեց թեման․ «Ոչ միայն ես եմ հացթուխի ընտանիքից, այլ դեսպան Մաթիաս Քիսլերը՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանը, իր ընտանիքում շատ ավելի մեծ քանակությամբ հացթուխներ կան։ Փաստորեն հացթուխներից լավ դիվանագետներ են դուրս գալիս։ Իմ դեպքում դա շատ հին պատմություն է, բայց ես շատ հպարտանում եմ այդ պատմությամբ։ Հացի գաղափարը ինձ համար թանկ ու սրբազան է։ Ես գալիս եմ մի ընտանիքից, որտեղ ճաշից հետո հացի փշուրներն անգամ երբեք չեն թափվել, այլ հավաքվել են»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ