«Քաղաքական բոլոր ուժերը պետք է ներգրավված լինեն Երեւանի կառավարման գործում՝ անկախ նրանից՝ ավագանու կազմում հանդես կգան որպես իշխանությո՞ւն, թե ընդդիմություն»,-լրագրողների հետ զրույցում այսօր ասաց «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության ավագանու թեկնածու Խաչատուր Ստեփանյանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններում ՀՅԴ քաղաքապետի թեկնածուն է Միքայել Մանուկյանը:
«Մենք մտադիր ենք ավագանիում ընդդիմության դիրքերից հանդես եկողներին լրացուցիչ լծակներ տրամադրել, որպեսզի համատեղ եւ փոխադարձ վերահսկողությամբ Երեւանը դարձնենք ավելի բարեկեցիկ ու մաքուր»,-վստահեցրեց Խաչատուր Ստեփանյանը:
ՀՅԴ թեկնածուն դեռ չգիտի՝ ավագանիում իրենք հանդես կգա՞ն ընդդիմության դիրքերից, թե ոչ. «Ընդդիմադիր դաշտում մեզ պատկերացնում ենք: Պատրաստ ենք համագործակցության, իսկ թե ինչպիսի՝ պարզ կլինի ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ