«Երեւանյան շենքերում ներդնելու ենք ջեռուցման նոր համակարգ՝ ջերմային պոմպեր: Գուցե տարօրինակ է հնչում, բայց դա նորություն է: Այդ համակարգը ջեռուցում եւ հովացում է իրականացնում ընդերքի հաշվին»,-«Լույս» դաշինքի այսօրվա նախընտրական հավաքում հայտարարեց քաղաքապետի թեկնածու, Արդարադատության ներկայիս նախարար Արտակ Զեյնալյանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները մասնակցում են «Լույս» դաշինքով:
Արտակ Զեյնալյանի խոսքով՝ ջեռուցման նշյալ տեսակը երեք անգամ ավելի էժան է, քան գազով ջեռուցումը. «Մեր նման գաղափարները տարբերվում են մյուսներից, բայց մենք բոլորով՝ միասին ենք դա իրականացնելու: Դրա համար օրինական ընտրությունները կարեւոր են»:
Արտակ Զեյնալյանը նկատեց՝ քաղաքապետի մյուս թեկնածուներ Նաիրա Զոհրաբյանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել են, որ պատրաստ են ողջունել հաղթողին. «Սա նշանակում է, որ փոփոխությունները սկսվել են: Մենք ուզում ենք, որ այս ընտրությունները համերաշխությամբ ավարտվեն»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ