Այսօր Գյումրու պատմական կենտրոնում՝ Աբովյան ճեմափողոցում, «Հոկտեմբեր» կինոթատրոնի հարևանությամբ պաշտոնապես բացվեց տարածաշրջանում նմանը չունեցող «Արեգակ»․ ներառական փուռ և սրճարանը»։ Այստեղ աշխատելու են հաշմանդամություն ունեցող երիտասարդները, որոնք կցուցադրեն իրենց խոհարարական կարողությունները, կպատրաստեն համեղ հացեր, թխվածքներ և սուրճ: Ի դեպ, սրճարանի ցուցափեղկերին տեղադրված հացերը նորություն էին հայկական շուկայում, տարբերվում էին իրենց տեսքով։
Սա ծրագիր է, որն իրականացնում է «Հայկական Կարիտասի» «Էմիլի Արեգակ» հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների աջակցության ռեսուրս կենտրոնը, նպատակը հենց հաշմանդամություն ունեցող երիտասարդներին վերապատրաստելն ու նրանց աշխատաշուկա ուղղորդել է։
Այսօրվա իրադարձությանը տեղի պաշտոնյաներից բացի մասնակցում էին նաև ՀՀ-ում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին ու Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Մաթիաս Քիսլերը։ Բանն այն է, որ գաղափարն իրագործվում է միջազգային մի քանի կառույցների ֆինանսավորմամբ, սակայն ֆինանսի 90 տոկոսը տրամադրել է Եվրոպական Միությունը։ Ինչպես մեզ հետ զրույցում տեղեկացրեց Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին, Եվրամիությունը 269 հազար 187 եվրո է տրամադրել։ Նշենք, որ ծրագրի ընդհանուր արժեքը 300 հազար եվրո է։ Այն համաֆինանսավորվում է Կարիտաս Ավստրիայի և Ավստրիայի զարգացման գործակալության կողմից։
Պյոտր Սվիտալսկին ասաց․ «Ես Գյումրին միշտ համարում եմ ամենաեվրոպական քաղաքը Հայաստանի, ներողություն Երևան, ու կարծում եմ, որ այս հրաշագործությամբ Գյումրին ավելի եվրոպական կդարձնեք»։
Պարզաբանելով, թե ինչու է այս ծրագիրը կարևոր Եվրամիության համար, Պյոտր Սվիտալսկին նշեց՝ ինքն անչափ ուրախ է, որ իր պաշտոնավարման ընթացքում առաջ է տարել սոցիալական ձեռներեցության գաղափարը։ Սոցիալական ձեռներեցությունը, ըստ նրա, կարևոր սյուն է համարվում Եվրամիությունում։
Նա նաև կարևորեց այս ծրագրով սահմանափակ կարողություններ ունեցող անձանց ոգեշնչելը։ «Եվրոպան ունի այն հիմնական գաղափարը, որ հասարակությունում չի կարող լինել երկրորդ դասի շերտ։ Գաղափարն այն է, որպեսզի մենք կարողանանք ոգեշնչել և խրախուսել մարդկանց, որպեսզի իրենք հասկանան, որ հասարակության լիարժեք անդամ են»,- ասաց Եվրամիության դեսպանը։
Նա ասաց, որ կուզենային Գյումրին դառնար ներառական քաղաքի օրինակ։ Պյոտր Սվիտալսկին նաև իր անձական կյանքից բացահայտում արեց՝ ասելով, իր պապիկի հայրը մոտ 100-110 տարի առաջ ունեցել է փուռ։ Նա մահացել է 1942 թվականին գերմանական ճամբարում և նրա փուռը, ամբողջ բիզնեսն ազգայնացվել են իշխանությունների կողմից։ «Հացը իմ կյանքում շարունակում է մեծ արժեք ունենալ, հացն ամեն ինչի սկիզբն է ու վերջը։ Եվ պիտի ասեմ, որ Սվիտալսկիները շարունակում են պահել հաց թխելու ավանդույթները», -ասաց դեսպանը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ