«Քարոզարշավի ընթացքում քաղաքացիների հետ խոսելիս ինձ շատ են հարցնում, թե ինչու այլեւս միասին չենք, ինչու նախկինի պես «Ելք»-ում չենք, ինչու ենք հիմա «Լույս» դաշինք դարձել: Պատասխանեմ՝ մեր գործընկեր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախաձեռնեց եւ հաջողություն ունեցավ՝ հեղափոխություն անելով:
Դրանից հետո ՔՊ-ն (ղեկավար՝ վարչապետ Նիկոլ Փաշինյան) դարձավ շատ մեծ ու բազմամարդ կուսակցություն եւ որոշեց, որ այս ընտրություններում պետք է միայնակ փորձի ուժերը՝ քաղաքապետի իր թեկնածուով»,-«Լույս» դաշինքի նախընտրական հավաքում այսօր հայտարարեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ, ԱԺ «Ելք» դաշինքի պատգամավոր Արամ Սարգսյանը:
«Հո չէի՞նք ասելու՝ մեզ էլ վերցրեք, էլի…»,-հարցադրում արեց Արամ Սարգսյանը: Նրա խոսքով՝ չէին կարող իրենց թույլ տալ, որ հանրությունն ասի՝ «Մարուքյանն ու Սարգսյանը գնացին ՔՊ-ից պաշտոն ուզեցին հեղափոխությունից հետո»: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները մասնակցում են «Լույս» դաշինքով: Քաղաքապետի թեկնածուն է Արտակ Զեյնալյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ