Սեպտեմբերի 14-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատում Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազին։
ԱԳՆ ղեկավարը ողջունել է սենատորի այցն Արցախ՝ նշելով հանրապետությունում առկա իրողություններին և պետականաշինության գործընթացում արձանագրված ձեռքբերումներին տեղում ծանոթանալու կարևորությունը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Արցախի և Ֆրանսիայի միջև հարաբերություններին։ Մասիս Մայիլյանը կարևորել է Ֆրանսիայի դերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանագահող երկիր, ընդգծելով Ֆրանսիայում Արցախի մասին իրազեկվածության բարձրացման և երկու երկրների միջև ուղիղ երկխոսության հաստատման անհրաժեշտությունը։
Այս համատեքստում ԱԳՆ ղեկավարը ներկայացրել է ապակենտրոնացված համագործակցության գործընթացում արձանագրված ձեռքբերումները և ընթացիկ ծրագրերը՝ ընդգծելով երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման գործում Արցախում և Ֆրանսիայում գործող բարեկամության շրջանակների դերը։
Կողմերը մտքեր են փոխանակել տարբեր մակարդակներով երկկողմ կապերի սերտացման ու ընդլայնման հնարավորությունների և հեռանկարների շուրջ։
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ