Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտի 1-ի զոհերին նվիրված հուշարձան ու խոշոր դրամական հատուցում. խոստանում է ԺՈՒԿ-ը՝ նախընտրական ծրագրով

Սեպտեմբեր 14,2018 20:11

Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունն՝ ԺՈՒԿ-ն իր նախընտրական ծրագրով երեւանցիներին ի թիվս մի շարք խոստումների, նաեւ խոստանում է Մարտի 1-ի զոհերին նվիրված հուշարձան:

«Ժողովրդավարական ուղի կուսակցությունը կապահովի՝ հասարակության լայն քննարկման արդյունքում կորոշվի տեղը եւ տեղադրվի Մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան: Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներին, հարազատներին Երեւանի քաղաքային բյուջեից կտրվի խոշոր դրամական հատուցում». գրված է ԺՈՒԿ-ի նախընտրական ծրագրում:

ԺՈՒԿ-ը երեւանցիներին խոստանում է բարեկարգ, լուսավոր Երեւան, հարմարավետ, մատչելի հասարակական տրանսպորտ:

«Անկախացումից ի վեր մայրաքաղաքում իրականացվող հողհատկացումը եւ շինարարությունը առավելապես իրականացվել է ապօրինի, ուղեկցվելով կոռուպցիայով, աղավաղվել է քաղաքի ճարտարապետական տեսքը, վտանգվել շենք-շինությունների սեյսմակայունությունը, ինչպես նաեւ, հանրային շահ, ձեւակերպումով սպասարկվել են անձնական շահերը», գրված է կուսակցության ծրագրում:

Առաջարկվող լուծումներն են՝ «Բոլոր քաղաքաշինական որոշումները կընդունվեն առաջնորդվելով բացառապես երեւանցու շահերով եւ գլխավոր հատակագծով: Ճարտարապետական որոշումները կկայացվեն կոլեգիալ սկզբունքով, բացառելով գլխավոր ճարտարապետի միանձնյա, սուբյեկտիվ որոշումները: Հանրային գոտիների բարեկարգման ու նախագծման համար կապահովվեն բաց եւ թափանցիկ մրցույթներ, հաշվի կառնվեն բնակչության կողմից ներկայացված կարծիքներ»:

ԺՈՒԿ-ն իր ծրագրում գրել է՝ «Շենքերի եւ մայթերի կառուցապատումը կիրականացվի հաշմանդամների համար հարմարեցված հատուկ պայմաններով»: Այստեղ նկատենք, որ «հաշմանդամ» տերմինը կիրառելի չէ, սա էթիկապես սխալ է, ճիշտ տերմինը՝ հաշմանդամություն ունեցող անձ:

ԺՈՒԿ-ը չի մոռացել անօթեւան քաղաքացիներին. նրանց խոստանում է՝ կկառուցվեն հանրային կացարաններ, որտեղ ըստ սոցիալական առաջնահերթության բնակվելու իրավունք կտրվի բնակարանազուրկ քաղաքացիներին»:

Ծրագրով այս կուսակցությունն ու իր՝ քաղաքապետի թեկնածու Մանուել Գասպարյանը, չեն առանձնանում մյուս թեկնածուների ծրագրերով ու խոստումներով. գրեթե բոլորը նույն խնդիրներն են նշում ու բոլորն էլ գրեթե նույնատիպ լուծումներ առաջարկում՝ տանիքների վերանորոգում, կանաչ տարածքների պահպանում եւ ավելացում, հարմարավետ տրանսպորտ եւ այլն:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930