Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Օրբելյանն. «Անկախ նրանից, թե ով է սպանել Տիգրան Աբգարյանին, ինչ հանգամանքներում, հեռախոսազրույցը դրանից չի արդարացվում»

Սեպտեմբեր 14,2018 19:35

«Նոր կառավարությունը բազմաթիվ անգամ պնդել է, որ չենք միջամտելու: Չենք միջամտելը չի նշանակում, որ չենք զանգելու, դա նշանակում է, որ զանգերին էլ չեն պատասխանելու, կամ զանգերի պատասխանը լինելու է մի՛ զանգեք, այլ ոչ թե՝ ուզես չուզես՝ պիտի փակես, կամ պիտի կալանքը տաս», – այսօր «Սպուտնիկ Արմենիա» սրահում հրավիրած ասուլիսում ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի գաղտնալսումների հետ կապված ասաց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը:

ՀՔԾ պետն ասել էր, որ Տիգրան Աբգարյանը սպանվել է հատուկ ջոկատայինների կողմից ու այն ժամանակ, երբ դեռ նոր էր արտակարգ դրություն մտցվել, այն ժամանակ, երբ վիրավոր զինծառայողներ չկային, ըստ Սասուն Խաչատրյանի, Տիգրան Աբգարյանը հրազենային վիրավորում է ստացել, որպեսզի հիմնավորվի Քոչարյանի այն խոսքը, թե վիրավոր զինծառայողներ ունենք: Այս առնչությամբ հարցին ի պատասխան՝ Հայկ Ալումյանն ասաց. «Ցնցող տեղեկություն են հայտնում, որպեսզի հանրությանը շեղեն խնդրի բուն էությունից: Ասում են՝ Աբգարյանը սպանվել է հատուկ ջոկատայինների կողմից, դա շատ լուրջ հայտարարություն է: Որպեսզի այդպիսի հայտարարություն անեն, էդ հայտարարողը առնվազն պիտի կրակողի անունը տա, անունը պտի իմանար, առնվազն պիտի մեղադրանք առաջադրված լիներ, էլ չեմ ասում օրինական ուժի մեջ մտած դատավճիռ պիտի լիներ: Իրենք դեռ այդ մարդուն մեղադրանք չեն առաջադրել, չունեն այդ աստիճանի ապացույցներ, որ կարողանան ասել, թե ով է դա արել, բայց իրենք ասում են, որ դա արվել է այսինչ ուժերի կողմից, այսինչ նպատակներով, չի՛ կարելի այսպես…Եթե չունեն բավարար փաստ, ուրեմն պետք է լուռ մնան, հանրությանը չփորձեն …սա շատ կարեւոր գործ է, հուզական էլեմենտ կա այս գործի մեջ չի կարելի այսպիսի մանիպուլյացիա անել»:

Արամ Օրբելյանն էլ ասաց. «Անկախ նրանից, թե ով է սպանել Տիգրան Աբգարյանին, ինչ հանգամանքներում, հեռախոսազրույցը դրանից չի արդարացվում: Տեղի է ունեցել երկու բարձրաստիճան իրավապահ մարմինների ղեկավարների զրույց, որի ժամանակ շատ հստակ արձանագրվել է դատական գործին միջամտելու ռեալ հավանականություն, որից հետո տեղի է ունեցել բարձրաստիճան քաղաքական իշխանության ելույթը ԱԺ-ում, որի ժամանակ հաստատել է, որ եղել են զանգեր, քննարկել են: Ես չեմ բացառում, որ դատավորն ու պարոն Վանեցյանը երկուսն էլ ճիշտ են ասում՝ իրար հետ չեն խոսել, այլ խոսել են ինչ-որ միջնորդի միջոցով, այդ հանգամանքները պետք է պարզեն, դրա մասին չեն խոսում, անցնում են ինչ-որ հանգամանքների»:

Լրագրողների դիտարկմանը, որ դրանք «ինչ-որ հանգամանքներ» չեն, կարեւոր հանգամանքներ են՝ Օրբելյանը պատասխանեց, որ եթե կա հանցագործություն, կպատժվի հանցագործը. «Մենք բոլորս ուզում ենք Մարտի 1-ի դեպքերի բացահայտում, ուզում ենք, որ եթե սպանել են հատուկ ջոկատայինները, ուրեմն ինչ-որ քաղաքացի պետք է ենթարկվի պատասխանատվության: Պետք է հարուցվի գործ, ներգրավվի մեղադրյալ, մեղադրյալին առաջադրվի մեղադրանք, եթե կարիք կա՝ լինի կալանք, եթե չկա, այլ խափանման միջոց, գործը հետաքննվի, հասցվի ավարտին, տարվի դատարան, դատարանում հաստատվի մեղադրանքը, դրանից հետո կասենք շնորհակալություն պարոն Խաչատրյան, դուք լավ գործ արեցիք: Լավ գործը ոչ թե հայտարարությունն է առաջ ընկնում, այլ պրոֆեսիոնալ իրավապահ մարմնի գործողությունները»:

Փաստաբան Հովհաննես Խուդոյանն էլ ասաց. «Ասում են, որ Տիգրան Աբգարյանը սպանվել է հատուկ ջոկատայինների կողմից, բայց ի՞նչ կապ ունի դա Ռոբերտ Քոչարյանի հետ: Փորձում են հիմնավորել նրանով, որ միայն այդպես հնարավոր կլիներ հիմնավորել արտակարգ դրություն մտցնելը, քանի որ մինչ այդ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ կան զոհված անձինք: Ինչ-որ մեկը կբերի՞ ինձ տեքստ, որտեղ Ռոբերտ Քոչարյանն ասում է, որ կան զոհված անձինք: Ռոբերտ Քոչարյանը արտակարգ դրություն է մտցնում, դրանից հետո լրագրողների հետ զրույցում ասում է, որ կան վիրավոր անձինք: Ռոբերտ Քոչարյանը չի նշել Տիգրան Աբգարյանի անունը, Ռոբերտ Քոչարյանը նշել է Համլետ Թադեւոսյանի անունը, որը վիրավորվել է դեռեւս 21:15-ին, նա նույնպես զինծառայող է, արտակարգ դրությունը մտցվել է 11-ին»: Ըստ փաստաբանի, ՀՔԾ-ն ՔՈչարյանին կամ իրենց՝ փաստաբաններին մի խոսք է վերագրում, որը չի եղել ու սկսում այդ խոսքի հետ կապված ապացույցներ բերել՝ փորձելով հիմնավորել, որ իրենք ճիշտ են:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930