Այսօր «Սպուտնիկ Արմենիայում» հրավիրած ասուլիսում ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցության գաղտնալսումների հետ կապված երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները հայտարարեցին, որ Քոչարյանը կապ չունի դրա հետ, ինքը չի գաղտնալսել:
Aravot.am-ը հետաքրքրվեց, թե ինչպե՞ս կպարզաբանեն ՀՔԾ պետի նոր բացահայտումները Մարտի 1-ի գործի հետ կապված: Հայկ Ալումյանը պատասխանեց. «Իրենք ներկայացնում են մի մատյան ու ասում են՝ տեսեք, զինվորները որպես վարձկաններ են օգտագործվել, ինչ-որ օլիգարխներ իրենց գումարներ են բաժանել, գումարներ են բաժանվել եւ ենթատեքստ կա, որ ինչ-որ ապօրինի նպատակով են դա արել: Ես չգիտեմ, ես այդ մատյանները չեմ տեսել, ես պաշտպան եմ, դուք լրագրող եք, բայց դուք ավելի շուտ եք այդ մատյանը տեսել, քան ես: Սկզբում տեսել եք դուք, հետո հանրությունը, վերջում ես: Բայց քանի որ տեսել ենք մի էջը, որը ցույց են տվել, մեկնաբանենք: Եթե դա հանցագործություն է եւ եթե ԱԱԾ եւ ՀՔԾ պետերը գիտեն, թե այդ հանցագործությունն ով է արել, բա ո՞ւր են առաջադրված մեղադրանքները: Մյուս կողմից, եթե դա դեռ հաստատված չի, ինչո՞ւ են իրենք հրապարակային նման հայտարարություններ անում: Սա ուղղակի մանիպուլյացիա է: Եթե կան անհերքելի ապացույցներ, եթե դա հանցագործություն է, ապա ինչո՞ւ չկան մեղադրյալներ: Եթե ապացույցները հասել են այն մակարդակի եւ իրենք պատրաստ են դա ներկայացնել, որ հանցագործություն է եղել, այդ դեպքում պիտի մեղադրյալներ լինեն: Եթե այդ մակարդակի ապացույցներ չունեն, որ որեւիցե մեկին մեղադրյալ ներգրավեն, ուրեմն իրենք շատ շտապել են այդ հայտարարություններով»:
Ալումյանն ասաց, որ իրենք հավաքվել էին, որ հանրությանը գաղտնալսման տեղեկությունները հրապարակեին, հետո կարճ ժամանակ խոսեցին ու ամբողջ ուշադրությունը տեղափոխեցին ուրիշ դաշտ՝ հասկանալով հանդերձ, որ Մարտի 1-ի գործը զգայուն է, մարդիկ շատ ցավով են ընդունում գործի հետ կապված ցանկացած տեղեկություն.
«Մտածեցին, որ կարելի է էմոցիաներ տալով՝ մարդկանց ուշադրությունը շեղել: Եթե իրենք ասում են՝ մենք այսինչ բանը բացահայտել ենք ու այնպես են ասում՝ որպես կայացած փաստ, նշանակում է, որ ապացույցներն այն մակարդակի են, որ կարելի է մեղադրանք առաջադրել: Ես նույնիսկ չեմ ասում, որ այսպիսի բաներ կարելի է ասել, երբ օրինական ուժի մեջ մտած դատավճիռ ունենան: Իրենք դա չունեն, իրենք նույնիսկ այնքան փաստ չունեն, որ մեղադրանք առաջադրեն ինչ-որ մարդկանց, բայց արդեն դա ձեզ ներկայացնում են՝ որպես կայացած փաստ: Այստեղ է ամբողջ պրոբլեմը: Եթե իրենք դա համարում են կայացած փաստ, գոնե թող ասեն՝ ում են մեղադրանք առաջադրել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ