«Խոսակցությունների բովանդակությունից պարզ է դառնում, որ կալանավորման հարցը քննող առաջին ատյանի դատարանի դատավորը նախապես իր անելիքները համաձայնեցրել է ԱԱԾ տնօրենի հետ»,- այսօր «Սպուտնիկ Արմենիայում» հրավիրած ասուլիսում ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցության գաղտնալսումների հետ կապված այսպիսի հայտարարություն էին պատրաստել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները:
Հայկ Ալումյանն ասաց, որ այդ հայտարարությունը դառնալու է դատավարական փաստաթուղթ: Ըստ հայտարարության, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը ուղղակի ցուցում է տվել առաջին ատյանի դատավորին: Նրանք վերծանել էին հեռախոսային խոսակցությունը, հանել այն արտահայտությունները, որոնք, ըստ նրանց, ցույց են տալիս, որ Քոչարյանի նկատմամբ իրականացվում է ոչ օրինական քրեական հետապնդում, իսկ կալանավորման գործընթացները տեղի են ունեցել «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի» աննախադեպ խախտումներով:
Հարցին՝ դատախազությունը գործ է հարուցել նաեւ 309 հոդվածի առաջին մասի հատկանիշներով՝ պաշտոնական լիազորությունների չարաշահում, սա, ըստ երևույթին, վերաբերում է ԱԱԾ պետին, եթե նման ընթացք ստանա, հաշվի առնելով, որ ՀՔԾ պետի գործը պետք է քննվի ԱԱԾ-ում, ԱԱԾ-ինը՝ ՀՔԾ-ում, ի՞նչ ընթացք կստանա գործը՝ Ալումյանը պատասխանեց. «Ռոբերտ Քոչարյանի գործը այլեւս որեւէ դեպքում չի կարող քննվել ՀՔԾ-ում: 309 հոդվածով հարուցված քրգործը նույնպես չի կարող քննվել այդ երկու կառույցներից մեկում եւ մենք այդ խնդիրը դնելու ենք, եթե տեսնենք, որ գործը հարուցված է այդ կառույցներից մեկնումեկին»:
Aravot.am-ի հարցին՝ գաղտնալսումների հետ կապված հնչում են տեսակետներ, որ դա արել է Ռոբերտ Քոչարյանը, ի՞նչ կասեք այդ մասին՝ Արամ Օրբելյանը պատասխանեց. «Դա իրականությանը չի համապատասխանում, որեւէ հավելյալ մեկնաբանություն ուղղակի չտամ, անհեթեթությունները ենթակա չեն հետագա մեկնաբանման»:
Մենք ճշտեցինք՝ այսինքն, կապ չունի՞ Քոչարյանը այդ գաղտնալսումների հետ, ի՞նքը չի արել՝ Հայկ Ալումյանը պատասխանեց. «Պարոն Քոչարյանն այդ գաղտնալսումների հետ կապ ունի այնքան, ինչքան այստեղ նստած յուրաքանչյուր մեկը, այն բացառությամբ, որ ուղղակի գաղտնալսման բովանդակությունն է իրեն անմիջականորեն վերաբերվում»: Ըստ Արամ Օրբելյանի, պարբերաբար մեղադրանքներ են առաջադրվում ու փորձ էր արվում, որ ինչ-որ մեկը, այս դեպքում Քոչարյանը արդարանա: Նա հիշեցրեց, որ անմեղության կանխավարկած կա. «Կլինի քրգործ, կլինեն քրգործով հաստատված հանգամանքներ, ինչքան կցանկանան, թող արտահայտեն այդ կարծիքը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ