Լրահոս
Օրվա լրահոսը

Մարատ Գրիգորյան. «Աշխարհում ոչ մի տեղ նման խայտառակ գործարք չեք գտնի, երբ հանքի շահագործումից պետությունը ստանում է մոտ 500 մլն դոլարի շահույթ, իսկ շահագործող ընկերությունը՝ 2 միլիարդի»

Սեպտեմբեր 14,2018 17:48

Այսօր ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում կազմակերպվել էր Ամուլսարի շահագործման հետ կապված բնապահպանական խնդիրներին նվիրված կլոր սեղան-քննարկում:

Ֆակուլտետի կազմում գործող Կայուն զարգացման կենտրոնի նախաձեռնությամբ իրականացվող հանդիպմանը մասնակցում էին ոչ միայն համալսարանական մասնագետներն ու ուսանողները, այլև ներկայացուցիչներ Արտակարգ իրավիճակների, Արտաքին գործերի, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություններից և հասարակական մի շարք կազմակերպություններից:

Քննարկմանը մասնակցելու և տեսակետ հայտնելու հնարավորություն էր ընձեռված նաև Ամուլսարը շահագործող «Լիդիան» ընկերությանն ու Բնապահպանության նախարարությանը, որոնց ներկայացուցիչները, սակայն այդպես էլ չներկայացան:

Կայուն զարգացման կենտրոնի տնօրեն Ռուբեն Մովսեսյանը նախ ներկայացրեց մասնակիցներին, ապա անդրադարձավ խնդրի հրատապությանն ու մասնագիտական տարբեր կառույցների փորձագետների տեսակետների փոխանակման, ինչպես նաև հնարավոր վտանգների մասին բարձրաձայնման անհրաժեշտությանը:

Այնուհետև զեկուցմամբ հանդես եկավ Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանը, ով ընդգծեց, որ հանքի շահագործման դեպքում հարյուրավոր տարիների ընթացքում ծանր, վտանգավոր և ռադիոակտիվ մետաղներով շարունակական աղտոտման կենթարկվեն ինչպես մեր հանրապետության, այնպես էլ տարածաշրջանի քաղցրահամ ու հանքային ջրերի կարևորագույն պաշարները:

«Ամուլսարի ոսկու ծրագիրը հավերժական թթվային ռումբ է, որն էկոլոգիական աղետի պատճառ կդառնա ոչ միայն Ջերմուկի հանքային աղբյուրների, «Որոտան-Արփա» ջրատար թունելի, Սպանդարյանի և Կեչուտի ջրամբարների, այլև Սևանա լճի, Արփա և Որոտան գետերի ավազանների համար: Հանքի հնարավոր շահագործման դեպքում, ինչպես քանակական, այնպես էլ որակական առումով շատ լուրջ փոփոխություններ կկրեն նաև ստորգետնյա ջրերը: Դրանց հետևանքով կվտանգվեն ինչպես «Որոտան-Արփա» թունելի ինֆրաստրուկտուրային կառուցվածքները, այնպես էլ Կեչուտի ջրամբարը»,- ասաց բանախոսը և հավելեց, որ տարածքը հագեցած է ապարների թթվային դրենաժի արդյունքում առաջացած բազմաթիվ քիմիական միացություններով, և բնականաբար հարակից ջրերում առկա կլինեն նաև Ամուլսարի տարածքում եղած բոլոր ծանր և վտանգավոր մետաղները (կապար, մկնդեղ, կադմիում, բերիլիում, քրոմ, մոլիբդեն, ցինկ, սնդիկ, թորիում, ուրան և այլն):

Լևոն Գալստյանը նշեց, որ այդ թունավոր մետաղների միացություններով հագեցած ջրերը, հոսելով Սպանդարյանի, Կեչուտի ջրամբարներ` այնտեղից էլ «Արփա-Սևան» թունել ջրատար, կտեղափոխվեն Սևանա լիճ` հիմնովին փոխելով նրա ջրերի կազմն ու որակը:

Հանքավայրի շահագործման արդյունքում տարածքի հնարավոր սողանքային վիճակի և արդեն իսկ առկա խնդիրների մասին խոսեց Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը:

Մասնավորապես ֆակուլտետի ղեկավարն անհանգստություն հայտնեց Ամուլսարի հատվածում առկա ակտիվ սողանքային դաշտի և հանքավայրի ներքևի ոլորաններում նկատելի տեղաշարժերի մասին:

«Տվյալ տարածքով է անցնում Երևան-Մեղրի միջպետական ճանապարհը՝ Իրանի հետ մեզ կապող միակ ուղին: Արդյոք հաշվի են առնված հանքի շահագործման հետևանքով հնարավոր բոլոր ռիսկերը, որոնք կարող են բերել սողանքային դաշտի ակտիվացմանը: Ի վերջո, չի բացառվում, որ ապագայում մենք կունենանք Ողջաբերդի ճանապարհի պես մի բան, որն ամեն տարի դառնում է վտանգավոր: Այս հարցը ևս պարզաբանված չէ: Սողանքներն այնպիսի երևույթներ են, որ եթե ակտիվանում են, առավել ևս մարդու միջամտությամբ, ապա դրանց դիմակայելը խիստ ծախսատար է և կարելի է ասել՝ անդառնալի»,- փաստում է Մարատ Գրիգորյանը:

Մ. Գրիգորյանը հավելեց նաև, որ ընդերքի շահագործումը պետք է ուղղված լինի երկրի տնտեսությունը զարգացնելուն և սոցիալական խնդիրները լուծելուն, սակայն անհրաժեշտ է հասկանալ՝ որքանով է ստացված շահույթը գերադասելի և ավելի ընդունելի, քան այն բոլոր վնասերը, որ կունենանք հետագայում:

«Աշխարհում ոչ մի տեղ նման խայտառակ գործարք չեք գտնի, երբ հանքի շահագործումից պետությունը ստանում է մոտ 500 մլն դոլարի շահույթ, իսկ շահագործող ընկերությունը՝ 2 միլիարդի: Սա Բնապահպանության նախարարության օգնությամբ իրականցվող թալան է: Էլ չեմ խոսում, որ նախարարությանը բազմիցս առաջարկել ենք մեր փորձագետների անշահախնդիր օգնությունն ու աջակցությունը, ովքեր շատ ավելին գիտեն ու կարող են, քան միջազգային փորձագետները: Սակայն ոչ մի արձագանք չենք ստանում, քանի որ ձեռնտու է: Սա հակաազգային քաղաքականություն է, որն իրականացնում է մեր կառավարությունը՝ սպանելով մեր մասնագետների ներուժը և երիտասարդների համար երկրաբանի մասնագիտությունը դարձնելով անհեռանկարային»,- ամփոփեց Մ. Գրիգորյանը:

Զեկուցումներից հետո մասնագետների միջև ակտիվ քննարկում սկսվեց, որի ընթացքում ներկայացվեցին հանքի շահագործման վերաբերյալ հետազոտությունների արդյունքներ և այլ ուշագրավ փաստարկներ:

ԵՊՀ մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930