Սեպտեմբերի 23-ին կայանալիք Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող եւ «Երեւանցիներ» դաշինքի ցուցակը գլխավորող Կենտրոն համայնքի նախկին թաղապետ, այժմ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը գիտե ինչպես համալրել Երեւանի բյուջեն: «Երեւանի քաղաքապետարանը հիմնադրելով բաց բաժնետիրական ընկերություններ, կարող է աջակցել թե կազմակերպություններին, անհատներին, թե Երեւան համայնք միավորին՝ ձեւավորելու եկամուտներ, որոնք, այսպես ասած՝ ասֆալտին են գցված: Օրինակ՝ Երեւանի տրանսպորտային համակարգից եկամուտ է ստանում մի քանի տասնյակ մարդ: Ես կարծում եմ, որ դրանից ավելի փոքր սահմաններում եկամուտ կարող է ստանալ անհատ քաղաքացին, ասենք՝ 10-20 հազար մարդ, ինչպես նաեւ Երեւանի քաղաքապետարանը: Երեւանի քաղաքապետարանի մասը կազմող եկամուտների բաժինը կարող է օգտագործվել Երեւանի տարբեր խնդիրների լուծման համար»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արարատ Զուրաբյանը՝ հավելելով, որ այս տարբերակը կիրառելի է այլ ոլորտներում էլ:
Այլ մանրամասները՝ տեսանյութում:
Արարատ Զուրաբյանը կարծում է, որ Երեւանի խնդիրները կարող են լուծել տնտեսություն ղեկավարելու լուրջ փորձ ունեցող մարդիկ, բայց հիմա մեզ մոտ մրցավազք է, որը շոուի տպավորություն է իր մոտ թողնում. «Մարդիկ շոու են անում այն դեպքում, երբ պետք է պատկերացնել, որ սա ծանրագույն աշխատանք է, որի կատարման ընթացքում պետք է իրականում լուրջ ջանքեր գործադրվեն եւ լուրջ գիտելիքներ են անհրաժեշտ, որպեսզի Երեւան քաղաքում կարողանան փոփոխություն մտցնել: Մենք ունենք Երեւանը բուժելու բանալին»:
Արարատ Զուրաբյանը երկու անգամ ղեկավարել է Կենտրոն համայնքը՝ 1996-ին ընտրվել, իսկ 1999-ին վերընտրվել է: Այդ տարիներին Երեւանի վարչատարածքային բաժանմամբ եւ գործող ընտրակարգով թաղապետերն ընտրվում էին ուղիղ: Ուղիղ ընտրությամբ էր ընտրվում նաեւ Երեւանի քաղաքապետը: Հետագայում սահմանադրական եւ ընտրական օրենսդրության փոփոխություններով Երեւանի քաղաքապետն ընտրվում է ավագանու կողմից: Երեւանի քաղաքապետը նաեւ նշանակում է վարչական շրջանների ղեկավարներին: Ժամանակին այս փոփոխությունները շատ քննարկվեցին, գնահատվելով իբրեւ ետքայլ ժողովրդավարությունից: Արարատ Զուրաբյանը համեմատություններ է անցկացնում Լոս Անջելես քաղաքի հետ, որը, պատկերավոր ասած՝ բաղկացած է տարբեր քաղաքներից: Ասում է՝ մեզ մոտ մոտավորապես այդպես էր, երբ կային թաղային համայնքներ, տեղական ինքնակառավարման մարմիններ: Բայց քաղաքական նկատառումներից ելնելով Հայաստանն ընտրեց այլ ճանապարհ. «Եթե որեւէ անհատ ուղիղ ընտրվում էր Երեւանի քաղաքապետ, նա մեծ հաշվով ինչ-որ տեղ վտանգավոր էր դառնում երկիրն ու իշխանությունը ուզուրպացրած մարդկանց համար: Դրա համար նրանք գտան ճանապարհ՝ ոլոր-մոլոր ձեւերով տանելու այդ ընտրությունը եւ ստացան այս օրենքը»: Բայց նախընտրական այս փուլում Արարատ Զուրաբյանը չի ցանկանում ծանրանալ այս խնդրի վրա: Առաջիկայում ինքը պատրաստվում է ներկայացնել առաջարկների մի հսկա փաթեթ, որն իր կարծիքով՝ Երեւանի կառավարումը կարող է ճիշտ ճանապարհի վրա դնել:
Այլ մանրամասները՝ տեսանյութում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱ