Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող «Երեւանի հանրություն» դաշինքի անդամները մրցապայքար են մտել մեկ սկզբունք ունենալով՝ հանրությունը պետք է կառավարի իր համայնքը: Ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցնող Անահիտ Թարխանյանը սխալ է համարում այն մոտեցումը, որ Հայաստանում մեծ քաղաքները՝ Երեւան, Գյումրի, Վանաձոր, կառավարվում են քաղաքական ուժերի կողմից: «Համայնքը եւ համայնքի կառավարումը ադմինիստրատիվ գործընթաց է եւ իհարկե այս գործընթացի մեջ պետք է լինեն մասնագետներ՝ հանրության վստահությունը վայելող այն անձինք, ովքեր իրենց երկար տարիների փորձով եւ գիտելիքներով ապացուցել են, որ կարող են կառավարում իրականացնել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Անահիտ Թարխանյանը:
Հիշեցնենք՝ ժամանակին Երեւանում գործում էին թաղային համայնքներ, որոնք ընտրվում էին ուղիղ ընտրությամբ, Երեւանի քաղաքապետը նույնպես ուղիղ ընտրությամբ էր ընտրվում: 2009թ. ի վեր Երեւանում թաղապետարանները փոխարինվեցին վարչական շրջաններով, որոնց ղեկավարներին նշանակում է Երեւանի ավագանու կողմից ընտրված քաղաքապետը: Ընտրակարգի այս փոփոխությունների շուրջ քաղաքական ուժերը շատ բանավիճեցին, շատերը այն համոզմունքին մնացին, որ գործող ընտրակարգով ժողովրդավարությունից մեկ քայլ ետ դրեցինք:
Անահիտ Թարխանյանն ասում է, որ այս արտահերթ ընտրություններից հետո իրենց դաշինքը նախաձեռնելու է փոփոխություններ նախկին ընտրակարգին անցնելու. «Քաղաքապետը պետք է ընտրվի ուղիղ, որպեսզի հանրությունն իմանա ում է տալիս իր ձայնը: Նույն ձեւով պետք է երեւանցին ընտրի իր ավագանուն: Նախկին մոտեցումը, որ ավագանին վստահության ձայն էր ձեռք բերում համայնքի կողմից, պետք է վերականգնվի: Եթե մենք խոսում ենք դեմոկրատական զարգացման եւ ազատ կառավարման ձեւերի մասին, իհարկե, պետք է հետ վերադառնանք նրան, ինչ նախկինում ունեցել ենք եւ ավելի բարելավենք դա»:
Ընտրապայքարին մասնակցող քաղաքական ուժերի ծրագրերում նաեւ տարատեսակ խոստումներ կան Երեւանը դրախտավայրի վերածելու մասին, մինչդեռ Երեւանի բյուջեն բավական սուղ է նման շքեղության համար: Անահիտ Թարխանյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ պատկերացումներ ունեն Երեւանի բյուջեն համալրելու մասով: Ի դեպ, ՀՀ բյուջեի համախառն ներքին արդյունքի 60%-ը գեներացվում է Երեւանում, մինչդեռ հանրապետության միասնական բյուջեից Երեւանին ընդամենը 5% է բաժին հասնում: ԲՀԿ-ն, օրինակ, առաջարկում է Երեւանում գտնվող ձեռնարկությունների եւ առեւտրային օբյեկտների եկամտահարկից եւ շահութահարկից 10% տրամադրել քաղաքային բյուջեին: «Երեւանցիներ» դաշինքն առաջարկում է Երեւանում բաց բաժնետիրական ընկերությունների միջոցով կառավարմամբ համալրել քաղաքային բյուջեն, «Երեւանի հանրությունն» էլ գտնում է, որ ծախսերը պետք է առավել նպատակային լինեն, ավելի արդյունավետ դարձնեն հարկահավաքությունը, մասնավորապես՝ գույքահարկի գանձումը: «Հարուստները գույքահարկ ընդհանրապես չեն վճարում իրենց ճոխ դղյակների համար: Արտասահմանում գործում է պրոգրեսիվ գույքահարկի մոդելը»,- ասաց Անահիտ Թարխանյանը:
Այլ մանրամասները՝ շուտով տեսանյութում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ