«Ընդհանուր քարոզարշավն անցնում է քաղաքակիրթ, բայց խոսել, որ սա այն քարոզարշավն է որն անցնում է հավասար պայմաններում, չեմ կարող ասել»,-այսօր «Փաստարկ» ակումբում նման կարծիք հայտնեց Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող «Ժառանգություն» կուսակցության ցուցակում 2-րդ տեղը զբաղեցնող Արմեն Մարտիրոսյանը:
Ինչո՞ւ հավասար քարոզարշավ չէ. Արմեն Մարտիրոսյանն ասաց. «Որովհետեւ մենք իրականացրեցինք համաժողովրդական պայքար, բայց գործընթացներն այնպես են տարվում, որ դա ասոցացվում է բացառապես «Քաղաքացիական պայմանագրի» հետ եւ ես չէի ցանկանա, որ Նիկոլ Փաշինյան համաժողովրդական առաջնորդ, վարչապետ, ոչ միայն ՀՀ-ի, այլեւ՝ Սփյուռքի, կարգավիճակն իջներ եւ հասներ կուսակցության լիդերի կարգավիճակին, եւ այդ ամբողջ պայքարը դառնար կուսակցություն ստեղծելու պայքար»:
Մարտիրոսյանն ասաց, որ չէր ցանկանա այս պայքարը վերածվեր միակուսակցական համակարգ ստեղծելու պայքարի.«Ակնհայտ է, որպեսզի մենք դրական փոփոխություն ունենանք, մեզ պետք է բազմակուսակցական համակարգ, նաեւ բազմակուսակցական կառավարման մոդել: Ակնհայտ է, որ ուրեւէ մեկն այս տարիների ընթացքում չկարողացավ փոխել իշխանությունը, եւ իսկապես, միայն համաժողովրդական պայքարի արդյունքում դա տեղի ունեցավ:
«Ժառանգության» քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն էլ կարծիք հայտնեց, որ ընթացակարգային առումով այս ընտրությունները մեծ առաջընթաց կլինի. «Թեեւ, հետհեղափոխական վիճակն, ակնհայտորեն բերում է նրան, որ կուսակցական եւ պետական որոշ գործառույթներ խառնվում են իրար, եւ չենք կարող ասել, որ այս ընտրությունները կլինեն բովանդակային հավասար, հաջորդ անգամ, 4-5 տարի անց կլինի նորմալ միջկուսակցական պայքար»:
Րաֆֆի Հովհաննիսյանը հիշեց ՀՀՇ-ին, երբ այդ տարիներին սկսվեց համազգային շարժում, կար մեկ համակրանք շարժման նկատմամբ, կար «էյֆորիա», վստահություն. «Եվ տեսանք, երբ արդեն ՀՀՇ-ն, ինչպես նաեւ իրենից հետո Հանրապետականը գնաց շարժումը կուսակցությամբ փոխարինելու ճանապարհով, թե ինչ եղավ տարիների ընթացքում: Ես, որպես ավագ եւ ավագ թեկնածու, բարեկամաբար մեր բարեկամներին ասում եմ՝ եթե համարում եք մեզ նաեւ համամասնակից, պարկեշտ համահեղինակ, թիկնապահ, առաջամարտիկ 20 տարի տեւած այս հեղափոխության, մենք ասում ենք՝ խնդրում ենք, այս ճանապարհով չգնանք: Որովհետեւ, եթե այդպես գնացվի, սա բումերանգի պես պիտի խփի ոչ միայն ձեզ, որպես կուսակցության, այլեւ պետությանը: Հուսով ենք, որ այդ ճանապարհը չի շարունակվելու, չի բացառվում, որ կշարունակվի, եթե շարունակվի՝ մենք կլինենք ընդդիմադիր այդ մոտեցմանը»:
Հովհաննիսյանի կարծիքով՝ հասկանալի է այդ զգացմունքայնությունը, որովհետեւ հակահեղափոխության վտանգ կա տարբեր անկյուններից, որոշ տեղեկությունների տիրապետում է վարչապետը. «Մենք զորակցում ենք փոփոխությունները, բայց երբեւէ այդ ճշմարտության մենաշնորհը, այդ հեղափոխության, նոր Հայաստանի դափնիները միայն մեկին, միայն մի ցուցակին վերագրելու աշխատաոճը պիտի դառնա անցյալի բան»:
Հովհաննիսյանի խոսքերով՝ սեպտեմբերի 23-ին նոր քաղաքապետ կունենանք. «Իսկ մինչ այդ, մենք դատավոր չենք, կարող ենք բարձրաձայնել, փոխանցել հասարակությանը մեր մտահոգությունները՝ մենք ունենք տեղեկություններ՝ աշխատավարձերի միջոցով, բազմազավակ ընտանիքներին կաշառելու, ցուցակագրելու աշխատաոճի մասին:
Aravot.am-ի հարցին՝ ո՞ր ուժն է նման բան անում, Հովհաննիսյանը չպատասխանեց, միայն ասաց՝ «Դիմեք իրավապահներին, կասկած չունեմ, որ իրավապահներն այս ամենը գիտեն»:
Մանրամասն՝ տեսանյութում
Հովհաննիսյանը նաեւ տեղեկացրեց՝ «Թիրախավորված աշակերտներին բաժանում են բուկլետները, նրանց որպես սուրհանդակ օգտագործելով դեպի ծնողներ: Մենք դատախազ չենք, ակնկալում ենք, եթե ունենք ազատ, հավասար ընտրություններ, կասեն՝ այս ուժերը սա արեց, այն ուժը՝ նա արեց»:
Aravot.am-ի այն հարցին՝ մի քաղաքական ուժը նշված մեթոդներով աշխատում է մեկ ա՞յլ ուժի՝ ընտրություններին մասնակցողի համար, թե՞ նույն ուժն ինքն իր համար է այդ ցուցակագրումն անում ու ընտանիքներին կաշառում, Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Քաղաքական գնահատական կարող է առաջանալ: Այսինքն՝ եթե Հանրապետականն իր ստորին կառույցներով աշխատում է մեկ այլ քաղաքական ուժի համար՝ դա քաղաքական գնահատական է: Ինչ վերաբերում է ընտրակաշառքին, դա արդեն այլ խոսակցություն է, իրավական հետեւանք է առաջացնում: Դուք ինքներդ գիտեք՝ Հանրապետականի տարբեր շերտեր, տարբեր ուժերի համար աշխատում են»:
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ