Լրահոս
Օրվա լրահոսը

Այսուհետ Լոռիում կարտադրվեն հակակարկտային ցանցեր

Սեպտեմբեր 14,2018 16:07

Այսօր Լոռու մարզի Դարպաս համայնքում պաշտոնապես բացվեց գյուղատնտեսական նշանակության հակակարկտային ցանցերի արտադրամասը: Արտադրողը իտալական «Կարմա» ընկերությունն է:

-Մենք արտադրում ենք՝ ցանցեր, սյուներ եւ այլ սարքավորումներ, որոնք գյուղատնտեսին կտան հնարավորություն, որպեսզի կարողանան բերքը կարկուտից պաշտպանել: Տեխնոլոգիան 100 տոկոս իտալական է: Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի կարողանանք մեծացնել արտադրվող ապրանքատեսականիները: Նախատեսում ենք արտադրել նաեւ կարտոֆիլի, սոխի եւ այլ ապրանքների տեղափոխման համար պարկեր: Բայցի այդ, այս տեխնոլոգիայով կարելի է նաեւ ջինսե հագուստ արտադրել, փոխելով հաստոցի թելն ու ասեղները,- ասում է «Կարմա» ընկերության տնօրեն Անդրեա Կարապետյանը:

Արտադրամասը հագեցած է նորագույն սարքավորումներով: Անդրեա Կարապետյանը վստահեցնում է՝ 2018 թվականի սարքավորումներով հագեցած նմանօրինակ արտադրամասերի թիվն աշխարհում չի գերազանցում մեկ տասնյակը: Այս ընկերությունը դրանցից մեկն է:

Արտադրամասի բացմանը ներկա էր նաեւ ՀՀ գյուղատնտեսության նորանշանակ փոխնախարար Արտակ Քամալյանը: Նա տեղեկացրեց, որ նախարարությունը ունի ծրագրեր, որոնց միջոցով պատրաստում են աջակցել գյուղացիներին՝ ձեռք բերելու ընկերության տված արտադրանքից. «Մենք ունենք ծրագիրը, որը 2 տոկոսով վարկեր է տալիս գյուղացիներին: Հուսով եմ, որ նրանք կարող են օգտագործել այդ վարկերը, ձեռք բերել գործարանի արտադրանքից, որի արդյունքում կբարձրացնեն իրենց գյուղատնտեսության տնտեսական կայունությունը եւ կնվազեցնեն կորուստները»:

Պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե արդյոք կառավարությո՞ւնը պատրաստվում է աջակցություն ցուցաբերել վերջին օրերին կարկուտից տուժած համայնքներին, փոխնախարարն ասաց. «Ես 4-րդ օրն է, որ աշխատում եմ նախարարությունում, եւ որքանով որ տեղյակ եմ նախարարությունն այդ ուղղությամբ քայլեր է ձեռնարկում: Դա այնքան էլ հեշտ գործ չէ, բայց կարծում եմ, ինչ-որ մի կերպ կառավարությունը կօգնի գյուղացիներին՝ այդ կորուստների մի մասը վերականգնելու համար»:

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Ավագ Ավանեսյանն էլ տեղեկացրեց, որ գործարանի ստեղծման գործում կառավարությունն ունեցել է իր աջակցությունը. «Ընկերությունը ՀՀ կառավարությանը ներկայացրել էր ծրագիր, որի համաձայն սարքավորումների ներմուծման համար ազատվել է մաքսատուրքից, ինչպես նաեւ ԱԱՀ-ն հետաձգվել է 3 տարով: Արդյունքում ստեղծվում է 24-ից ավելի աշխատատեղ, որը զբաղվածության վրա էլի դրական ազդեցություն կունենա»:

Այս պահին արտադրամասն ունի 20-ից ավելի աշխատակից, որոնք 2 ամիս պատրաստվել են Իտալիայում:

Իսկ արտադրվող կարկուտապաշտպան ցանցերի համար 20 տարվա երաշխիք են տալիս: Վստահեցնում են, ցանցերն ապահովում են 100 տոկոս արդյունք:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930