«Լույս» դաշինքի սեպտեմբերի 13-ի հավաքում դաշինքի առաջնորդներից պատգամավոր Արամ Սարգսյանը մի դրվագ ներկայացրեց իրենց քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանի մասին, որը, ինչպես հայտնի է, ազատամարտիկ է եւ Արցախյան պատերազմում կորցրել է ոտքը: Արամ Սարգսյանը նշեց, որ երբ Արցախի Ղազանչի գյուղը(Մարտակերտի շրջան) պաշարված է եղել, հայկական ուժերի կողմից որոշում է կայացվել ձեռնարկել գյուղում եղած երեսուն երեխաների փրկության գործողությունը: «Հայկական կողմի ուժերը բավարար չէին՝ գյուղը պաշարումից դուրս բերելու համար, ուստի որոշվել է «ճեղքել» պաշարումը, որպեսզի երեխաներին դուրս բերեին: Դա ենթադրում էր համապատասխան ճանապարհով անցնել ադրբեջանական բանակայինների միջով, երեխաներին վերցնել եւ դուրս գալ: Բնականաբար, վտանգավոր տեղեր կային, երեխաների լացը կարող էր մատնել նրանց դուրս բերման ճանապարհը»,-պատմեց Արամ Սարգսյանը:
Ապա նշեց, որ երեխաների լացից խուսափելու համար Արտակ Զեյնալյանը երեսուն կոնֆետ է վերցրել եւ մարտական ընկերներին հրահանգել՝ «որ երեխան ճանապարհին լացեց, կասեք՝ կոնֆետ տանք…»:
Արամ Սարգսյանը նշեց, որ երեխաների դուրսբերման գործողությունը հաջողվել է: Փոքրիկ տղաներից մեկը, սակայն, արդեն ապահով վայրում ձայն չի հանել:
«Կանչել են բժիշկ Ուրիխանյան Ղուկասին, որ տեսնի՝ ի՞նչ է եղել: Երբ նա բարձրացրել է երեխայի ծածկոցը եւ Ղարաբաղի բարբառով հարցրել՝ «ո՞նց ես», երեխան պատասխանել է՝ «լավ եմ»…պարզվում է՝ մինչեւ այդ տղան պարզապես չի հասկացել, թե իրեն ինչ են ասում, այդ պատճառով չի պատասխանել»: Այս պատմությունը, ըստ Արամ Սարգսյանի, տեղ է գտել մի գրքում: Պատգամավորը երեւանցիներին կոչ արեց սեպտեմբերի 23-ին քվեարկել Արտակ Զեյնալյանի օգտին:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ