Ամառային արձակուրդներից հետո այսօր վերսկսվեց «Սասնա ծռեր» զինված խմբի՝ դատավոր Արշակ Վարդանյանի վարույթում գտնվող դատավարությունը: Նիստը, սակայն, հետաձգման պատճառներ ուներ: Նախ, մեղադրյալներից Արամ Հակոբյանը (լուսանկարում) կրկին չէր ներկայացել, քանի որ բժշկական կենտրոնում էր գտնվում:
Նրա շահերի պաշտպան Դավիթ Գյուրջյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ ազատամարտիկը դեռեւս ստացիոնար բուժման կարիք ունի՝ մի շարք հիվանդությունների պատճառով: Հիշեցնենք, որ այս գործով բոլոր մեղադրյալները կալանքից ազատված են:
Ապա մեղադրյալներից Թաթուլ Թամրազյանը հայտարարեց, որ հրաժարվում է իր պայմանագրային եւ հանրային պաշտպաններից: Դատավորը նրան ասաց, որ պաշտպան ունենալը պարտադիր է, ուստի նրա համար նոր հանրային պաշտպան պետք է ներգրավվի:
Քանի որ մյուս մեղադրյալների որոշ պաշտպաններ եւս ներկա չէին նիստին, հանրային պաշտպանի հարցը չքննարկվեց: Նիստը հետաձգվեց մինչեւ հոկտեմբերի 5-ը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ