«Մենք չենք ասում, որ իշխանության գալով՝ այս կամ այն ներդրումն ենք անելու: Ոչ, մենք ստեղծելու ենք միջավայր, որպեսզի մարդիկ արտահայտվեն եւ դրսեւորվեն: Գաղափարների պակաս ժողովուրդը չունի: Այդ գաղափարները կստեղծեն աշխատանք եւ բիզնես»,-լրագրողների հետ զրույցում այսօր ասաց «Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու, արդարադատության ներկայիս նախարար Արտակ Զեյնալյանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները մասնակցում են «Լույս» դաշինքով:
«Մենք շահագրգռված ենք քաղաքացու հարստացմամբ: Հարուստ քաղաքացի ունենալը մեզ համար կարեւոր արժեք է»,-համոզմունք հայտնեց նա:
Լրագրողների դիտարկմանն ի պատասխան, որ նոր քաղաքապետին տխուր ժառանգություն է բաժին հասնելու, Արտակ Զեյնալյանը նկատեց. «Այդ ծանր ժառանգությունը բոլորինս է: Տարիներ շարունակ բավարար ներդրում չենք կատարել, որպեսզի դադարեցնենք, ասենք, ջրահեռացման համակարգի խնդիրները: Այսպես Երեւանը քայքայվել է: Սա ոչ թե ընտրված քաղաքապետի, այլ բոլորի խնդիրն է»:
Արտակ Զեյնալյանը նաեւ նշեց. «Եթե ավագանու նախորդ ընտրություններում աղբահանությունը խնդիրների շարքում 8-րդն էր, ապա հիմա առաջնահերթություն ունի»:
Ինչ վերաբերում է առողջապահության ոլորտին, քաղաքապետի թեկնածուի խոսքով. «Եթե առաջնային բուժօգնության վրա փոքր-ինչ ավելի ծախսենք, դրա հետեւանքները լուծելու համար կխնայենք տասնապատիկ ավելին: Եթե կանխենք թոքաբորբը, հետագայում չենք ունենա սրտի արատներ, որոնց վիրահատական միջամտության վրա տասնյակ միլիոնավոր դոլարներ են ծախսվում: Բացի այդ, պետք է պատվաստումներ իրականացնել, որպեսզի մարդիկ հետագայում չկանգնեն թանկարժեք բուժումների ռիսկի առաջ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ