«Երեւանը հին քաղաք է, հիմնականում կառուցվել է խորհրդային տարիներին ու ինքն իրենով արդեն պրոբլեմային է, այն կիրառական քաղաք չէ ժամանակակից մարդու համար: Օրինակ` Դավիթաշեն թաղամասում Տիգրան Պետրոսյան փողոցը վերցնենք, Դավթաշեն համայնքը զարգանում է, Տիգրան Պետրոսյան երկկողմանի փողոցը չի բավարարում… Լիքը խնդիրներ կան` վերելակների, տանիքների, պանելային եւ վթարային շենքերի հետ կապված»,- սեպտեմբերի 14-ին «Հոդված 3» ակումբում կայացած քննարկման ժամանակ ասաց Երևանի ավագանու «Լույս» դաշինքի թեկնածու Հարություն Բաբայանը:
Նա նշեց, որ պետք է հնարավորություն ընձեռել քաղաքի արվարձաններում, ծայրամասերում արտոնյալ պայմաններում ստեղծել բնակելի թաղամասեր, գործարարներին հնարավորություն տալ զարգացնել քաղաքի արվարձանները: Այդպես, ըստ բանախոսի, կենտրոնը թեթեւանա եւ արվարձանների հանդեպ հետաքրքրությունը կավելանա:
ՀՅԴ թեկնածու Արգիշտի Գեւորգյանը փաստում է, որ բոլոր կուսակցությունների ու դաշինքների ծրագրերը նման են, որովհետեւ խնդիրները տեսանելի են ու կուտակված. «Բոլորիս համար խնդիր է Երեւանի փոքր կենտրոնի գերծանրաբեռնված վիճակը, ծայրամասերի չզարգացած, ներկայիս պայմաններին չհամապատասխանող վիճակը, Երեւանի բնակֆոնդի, վթարային շենքների վիճակը»: Նա եւս շեշտեց Երեւանի զարգացման ռազմավարության կարեւորությունը. «Քաղաքային բոլոր իշխանությունները միշտ առաջնորդվել են պահի, ժամանակի համար, թե իրենց իշխանությունների օրոք ինչ կարող են անել, բաց է թողնվել Երեւանի զարգացման պլանը, թե ինչ քաղաք էինք ուզում տեսնել: Վստահ եմ, որ ոչ ոք չէր ուզում տեսնել այն, ինչ հիմա կա»:
Երեւանի ավագանու «Ժառանգություն» կուսակցության թեկնածու Արմենակ Ստեփանյանը համաձայն էր հնչեցված կարծիքների հետ: Նա հավելեց, որ ճարտարապետություն ասելով չպետք է հասկանալ փոքր կամ մեծ Կենտրոնը. «Կենտրոնացել ենք միայն կենտրոնի վրա, իսկ ծայրամասերը բարձիթողի վիճակում են»: Նա անդրադարձավ կանաչ գոտու սակավությանը, որը Երեւանում 6-7 տոկոս է կազմում: «Մարդիկ սկսել են գաճաճ ծառերով ծառատունկ անել, ինչն անիմաստ է, որովհետեւ նորմալ ֆոտոսինթեզ տեղի չի ունենում, մեզ անհրաժեշտ են բարձր ծառեր, որպեսզի կարողանանք մթնոլորտը մաքրել»,-ասաց Ստեփանյանը:
«Ժառանգության» ներկայացուցիչը խոսեց նաեւ էլեկտրական փոխադրամիջոցից օգտվելու արդյունքում մթնոլորտը մաքրելու մասին. «Քաղաքի մթնոլորտն աղտոտված է մեքենաների առատության շնորհիվ: Այլ երկրներում, երբ ճարտարապետություն են իրականացնում, հողհատկացում է տեղի ունենում, կառուցում են ճանապարհներ, կոմունիկացիաներ, հետո բազմաբնակարան շենքեր, իսկ մեզ մոտ ամեն ինչ արված է, հետո է հարմարեցված: Ուստի պետք է փորձենք մաքսիմալը ստանալ էլեկտրական կամ նման բաներ ստեղծելով, դրա համար էլ մեր ուղղվածությունը մետրոյի կայարանի բացումն է, որը կենտրոնը պետք է միացնի դեպի 15 թաղամաս տանող հատվածին»:
Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» կուսակցության թեկնածու Մարիամ Խաչատրյանը խոսեց նոր օրենքից, որի համաձայն Երևանը բաժանվելու է գոտիների, ամեն գոտին ունենալու է իր առաջնահերթությունները: Նրա խոսքով, օրենքը ներառելու է կառուցապատման բոլոր նորմերը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ