Լրահոս
Օրվա լրահոսը

«Անհավասարություն է. կանայք չնչին տոկոս են կազմում վերին օղակներում». ավագանու կին թեկնածու

Սեպտեմբեր 14,2018 14:39

«Ժառանգություն» կուսակցության ավագանու անդամ Սեդա Աղբալյանը ավագանիում աշխատանքը դիտարկում է որպես հասարակական աշխատանք: «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը Սեդա Աղբալյանը մանրամասնեց. «Միգուցե իմ կարծիքը կիսողներ կան, դրա համար էլ կանանց մեծ մասն այս անգամ որոշել է լինել ավագանու թեկնածուների շարքում: Երևանը խնամքի, հոգատարության կարիք ունի, դրա համար էլ կանայք որոշել են ավելի ակտիվ լինել»:

«Իմ քայլը» դաշինքի ավագանու թեկնածու Արուսյակ Ջուլհակյանի կարծիքով՝ միայն հասարակական աշխատանքի խնդիրը չէ. «Մեր դաշինքի օրինակով կարող եմ ասել, որ շատ կանայք, որոնց առաջարկել էին ներգրավվել ցուցակում, հենց այն պատճառով, որ չեն ցանկանում ներգրավվել քաղաքականության մեջ, մերժել են՝ չնայած ակտիվ հասարակական աշխատանքով են զբաղվում: Վերջին տարիներին կանայք նկատելիորեն ակտիվացել են և ակտիվ կերպով են ներգրավվում քաղաքացիական և քաղաքական գործընթացներում: Գուցե դա բավարար չէ և գործող մտածելակերպը դեռ թույլ չի տալիս, որ կանանց թույլ տան ամենաբարձր օղակներ»:

«Երևանի հանրություն» դաշինքի ավագանու թեկնածու Անի Երեմյանի վստահեցմամբ՝ Երևան քաղաքի կառավարումը քաղաքական լինել չի կարող, և հասարակությունն ու հասարակության ձայնն ավելի լսելի դարձնելը հիմնական խնդիրն ու շեշտն է. «Չեմ գտնում, որ կանայք ավելի թույլ են, հենց ֆիզիոլոգիայով կանայք ուժեղ սեռ են համարվում: Կանայք ավելի համակողմանիորեն են կարողանում խնդիրները լուծել: Եթե տղամարդիկ կենտրոնանում են մեկ գործի վրա, դա են անում, ապա կանայք կարողանում են մի քանի գործի վրա կենտրոնանալ»:

«Ռեֆորմիստների» կուսակցության ավագանու թեկնածու Գայանե Ղուլյանը փաստեց՝ կինն արդեն վստահ քայլերով ներխուժում է քաղաքականություն. «Մեզ համար զարմանալի չէ որոշ երկրներում տեսնել կին վարչապետներ, նախագահներ: Կինն իր ներգրավվածությունը կարող է ցուցադրել նաև բանակում: Ինչ վերաբերում է ավագանուն քաղաքական երանգ տալու խնդրին, ապա նշեմ, որ Երևանի ավագանին կառավարման մարմին է, որը գործում է ի շահ Երևանի և Երևանի անունից: Ուստի դրան քաղաքական երանգ տալը խտացնում է գույները»:

«Լույս» դաշինքի ավագանու թեկնածու Անի Սամսոնյանն արձագանքեց՝ չնայած կանանց քվոտան մնացել է նույնը, բայց հեղափոխությունից հետո շատ բան է փոխվել, մեծացել է կանանց մոտիվացիան. «Այժմ նույնիսկ նորաձև է զբաղվել քաղաքականությամբ: Եթե նախկինում քաղաքականությամբ զբաղվելը կեղտոտ բան էր, հիմա արդեն կեղտոտ բան չէ. հանգիստ կարելի է զբաղվել դրանով: Ավագանու պաշտոնը բնութագրվում է որպես համայնքային քաղաքական պաշտոն: Դա քաղաքական պաշտոն է: Ավագանին ընտրովի մարմին է, անդամ դառնալու համար դու ընտրություններին մասնակցում ես կուսակցական քվոտայով, դրա համար դու պետք է ունենաս քաղաքական պլատֆորմ: Այնպես որ, ավագանին բացառապես քաղաքական մարմին է»:

«Ժողովրդավարական ուղի» կուսակցության ավագանու թեկնածու Ելենա Դանիելյանը վստահեցրեց՝ կան հստակ բնագավառներ, որ տեսակարար կշիռը կազմում են կանայք. «Օրինակ՝ կրթության ոլորտը կարող եմ մատնանշել: Գուցե աշխատավարձի նվազագույն չափը չի մոտիվացնում տղամարդկանց ներգրավվել, իսկ մեր երիտասարդ սերնդին ավելի շատ նպատակ պիտի լինի տղամարդ ուսուցիչների ներգրավել: Բանկային համակարգի սպասարկման իննսուն տոկոսը կանայք են: Իսկ վերին օղակներում կանայք չնչին տոկոս են կազմում, դա անհավասարություն է»:

ՀՅԴ կուսակցության ավագանու թեկնածու Ալեսյա Բեջանյանը նկատեց՝ այժմ կանայք ավելի առաջ են մղվում. «Ժամանակին կինը միշտ թիկունքում պիտի լինի: Հիմա փոխվել է այդ ամենը. կինը գալիս է առաջատար դիրքեր, թե′ ընտանիքում է փոխվել մոտեցումը, թե′ հասարակությունն է թեթև նայում, թե′ կինը գիտակցում է, որ դա կարող է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930