«Խնդիրը 100 տոկոսով կլուծվի, երբ մեր մեքենաներն արդեն Երեւանում կլինեն: Սպասում ենք, որ մեքենաները շաբաթվա վերջին կամ եկող շաբաթվա սկզբում այստեղ կլինեն»,-այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Սանիթեք» ընկերության հիմնադիր եւ գործադիր տնօրեն Նիկոլաս Թավիլը: Նրա խոսքերով՝ «Սանիտեքը» 500 հազար եվրո է ներդրել նոր աղբատար մեքենաների ձեռք բերման համար:
Ընկերության տնօրենի խոսքերով՝ հենց կընտրվի նոր քաղաքապետը, կհանդիպեն նրա հետ եւ կքննարկեն բոլոր հարցերը՝ ե՛ւ պայմանագրային, ե՛ւ բոլոր այն հարցերը, որոնք հուզում են:
Թավիլը վստահեցրեց՝ ««Սանիթեքը» պատրաստ է եւ ուզում է նոր ներդրումներ անել 7 միլիոն եվրոյի չափով, եւ փոխել ամբողջ համակարգը: Հիմա սկսել ենք բանակցությունները «Մերսեդես» ընկերության հետ, արդեն պայմանավորվածություն ունենք փոխելու մեր ամբողջ ավտոպարկը եւ բերենք ստաբիլ վիճակի: Բայց սա կլինի նոր քաղաքապետի հետ քննարկումից հետո»:
«Սանիթեքին» ոչ պատշաճ աղբահանություն կազմակերպելու համար Երեւանի քաղաքապետարանը 2 անգամ տուգանել է, վերջինը՝ մոտ 13 միլիոն դրամ:
Վերջին 3 ամիսներին, ըստ Թավիլի, «Սանիթեքը» չի կատարել իր պայմանագրային պարտավորությունները: Պատճառներն, Թավիլի խոսքերով՝ պետք է փնտրել առկա խնդիրների կուտակման մեջ: Նա վստահեցրեց՝ այրվել է ավելի քան 1000 աղբաման, ինչի արդյունքում ընկերությանը 700 հազար դոլարի վնաս է կրել: Մոտ 2000 աղբաման էլ վնասվել է:
«Նախորդ 2 ամսում մոտ 25 միլիոն դրամի չափով քաղաքապետարանը տուգանել է: Անկախ նրանից մենք համաձայն ենք, թե՝ ոչ, մենք ընդունում եւ հարգում ենք քաղաքապետարանի որոշումը: Բայց մենք խնդրում ենք քաղաքապետարանին գնել աղբամաններ եւ տեղադրել քաղաքում հենց այն գումարով, որով տուգանել են «Սանիթեքին» եւ փոխհատուցել այն վնասները, որը «Սանիթեքը» կրել է այս ընթացքում»,-ասաց Թավիլը:
Ընկերության ղեկավարը վստահեցրեց՝ «Սանիտեքը» տարեկան վճարում է 780 միլիոն դրամ հարկ, ընկերությունում աշխատում է 900-ից ավելի մարդ, աշխատավարձերի համար տարեկան հատկացվում է 1 միլիարդ 250 միլիոն դրամ:
Աղբահանության խնդիրները, ինչպես վստահեցրեց տնօրենը, կապված չեն Երեւանի քաղաքապետի պաշտոնից Տարոն Մարգարյանի հրաժարականի հետ: Պարզապես այդ խնդիրները համընկան նրա հրաժարականի հետ, եւ դրանք, ըստ Թավիլի, ընդամենը զուգադիպություն են. «Մենք ոչ քաղաքականացված կառույց ենք: Մենք որեւէ քաղաքական գործչի հետ կապված չենք»:
Նուբարաշենի աղբավայրի ճանապարհների վատ վիճակի հետեւանքով, ինչպես ասաց ընկերության ղեկավարը, վնասվել են «Սանիթեքի» աղբատար մեքենաները:
Ապա Թավիլն ասաց ՝ «Հայաստանում անհրաժեշտ է մշակել աղբի կառավարման ազգային ծրագիր»:
Անդրադառնալով Երեւանի քաղաքապետերի թեկնածուների այն հայտարարություններին, թե աղբահանության ոլորտում 2-րդ օպերատոր պետք է ներգրավել, աղբահանության ոլորտն մենաշնորհից ազատելու համար, Թավիլն ասաց, որ այս հարցը նույնպես կքննարկվի ավագանու ընտրություններից հետո:
Նա վստահեցրեց նաեւ, որ Երեւանում աղբահանության ոլորտում ցանկացած այլ օպերատոր բախվելու էր նույն խնդիրների հետ, ինչի հետ բախվել է «Սանիթեքը»:
Արդյոք հնարավոր է բարձրացնեն աղբահանության վճարը, Թավիլն ասաց, որ այդ հարցը հնարավոր է քննարկել ընտրություններից հետո նոր քաղաքապետի հետ:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ