Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Կարապետյան. «Արդյոք կարիք կա՞ մի գյուղի բնակչության մի շենքի մեջ տեղավորել»

Սեպտեմբեր 14,2018 13:50

Սեպտեմբերի 14-ին «Հոդված 3» ակումբում  կայացած քննարկման ժամանակ Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Արսեն Կարապետյանն ասաց, որ խնդիրներն այնքան շատ են, որ կարելի է ժամերով թվարկել, բոլոր ուժերի դրած խնդիրները նույնն են, ուղղակի երանգների մեջ պետք է տարբերություն փնտրել: «Բոլոր խնդիրները հիմնականում քաղաքաշինական են: Երբ առանձնացնում ենք տրանսպորտի կամ աղբահանության խնդիրը, իրականում այդ խնդիրների հիմքն էլի քաղաքաշինական է»,- նշեց Արսեն Կարապետյանը:

Նրա ձեւակերպմամբ. «Պետք է համակարգային մոտեցում ցույց տալ հենց քաղաքաշինությանը: Մենք գտնում ենք, որ Երեւանը պետք է լինի առողջ, ապահով, անվտանգ միջավայր երեւանցիների համար: Նույն տուրիզմը եւ մնացած հարցերն ածանցյալ են այդ խնդրից»:

Արսեն Կարապետյանն ասում է, որ նախ եւ առաջ պետք է փոխվեն քաղաքաշինական կառավարման սկզբունքները, հարց, որին տարիներով չեն անդրադառնում: «Ժառանգել ենք կիսախորհրդային, կիսաանհասկանալի մի վիճակ, երբ որոշումներ կայացնելու մեխանիզմները թափանցիկ չեն: Ինչ-որ մեկը կարող է հողակտոր գնել ու ցանկանա ինչ-որ բան անել եւ ընկնի խնդիրների մեջ: Իշխանությունը քաղաքացուն թողնում է խնդիրների հետ միայնակ` հարեւանների հետ դրանք կլինեն, թե քաղաքաշինական տեսքի, պարզ չէ: Մինչդեռ աշխարհում կան վաղուց մշակված քաղաքաշինական գործիքներ, որոնք թույլ են տալիս այդ հարցերը շատ հեշտ լուծել»,-փաստում է Արսեն Կարապետյանը:

Նա հավելում է. «Առաջին հերթին պետք է ունենանք ռազմավարական ծրագիր, թե ինչպես է զարգանալու քաղաքաշինությունը… Չգիտես ինչու, որոշել են կառուցել մեծ շենքեր եւ մարդկանց կուտակել դրանց մեջ, չէ՞ որ Երեւանն արդյունաբերական մեգապոլիս չէ կամ չինական քաղաք, արդյոք կարիք կա՞ մի գյուղի բնակչության մի շենքի մեջ տեղավորել: Սրանք քաղաքաշինական հարցեր են, որոնք ենթադրում են գիտական մոտեցում, հետազոտություն, ու տեսլական ունենալուց հետո կարելի է լուծումներ գտնել»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930