«Ես կուզենայի, որ Նիկոլ Փաշինյանը ձեռքը դներ սրտին եւ ազնվորեն ասեր՝ ով է սպիտակ, ով՝ սեւ»,- «Հայելի» մամուլի ակումբում այսօր հայտարարեց Երեւանի քաղաքապետի ընտրություններում «Երեւանցիներ» դաշինքը գլխավորող Արարատ Զուրաբյանը: «Եթե չափորոշիչներով առաջնորդվենք, թե ով է սպիտակ, ով՝ սեւ, ապա չեմ գտնի որեւէ մեկին, ով ինձանից սպիտակ կլինի: Բայց չեմ ուզում մարդկանց գունային ինչ-որ ներկապնակի որոշակի երանգների մեջ տեղավորել, որովհետեւ գույները տարբեր են եւ հնարավոր է՝ հանկարծ իրենց համար վիրավորական գույներ տրվեն, չեմ ուզում որեւէ մեկին վիրավորել,- ասաց Արարատ Զուրաբյանը` հավելելով, որ իրեն նաեւ շատ կարեւոր է մարդու գործունեությունը, որը 1 օրում կամ 20 օրում չի ամփոփվում. «Օրինակ, ինձ հետաքրքիր է՝ երբվանի՞ց են այդ ազնվությունը, հայրենասիրությունը սկսվել, որովհետեւ ինձ մոտ սկսել է այն պահից, երբ սկսվել է 1988 թվականի շարժումը: Ես շարժմանն անդամագրվել եմ առաջին օրվանից, երբ որ պետք է եղել զենքը ձեռքիս պաշտպանել եմ հայրենիքը, երբ որ պետք է եղել, մասնակցել եմ քաղաքական պրոցեսի, 20 տարի կռվել եմ, պայքարել եմ նախորդ ռեժիմի դեմ, բանտերում եմ եղել, տարբեր ճնշումների եմ արժանացել: Տրամադրությունս ու նպատակներս դրանից չեն փոխվել»:
Արարատ Զուրաբյանը ողջունում է մի քանի ամիս առաջ տեղի ունեցած «հասարակության ազատագրումը», բայց ինքը միանշանակ չի վերաբերվում գործող իշխանությունների քայլերին, կարեւոր հարցերի շուրջ նա լուրջ դժգոհություններ ունի. «Մինչեւ հիմա բանտում է գտնվում «Տիգրան Մեծ» ջոկատի հրամանատար Վովա Առաքելյանը: Շանթ Հարությունյանը բանտում է գտնվում, իսկ այս երկիրը կեղեքած, ոտնահարած, մարդիկ սպանած անհատներն ու խմբերը ազատության մեջ են եւ դեռ հաթաթա են տալիս թե իշխանություններին, թե ժողովրդին, որ տեսեք, գալու ենք, ինչ կլինի: Ես խորը դժգոհություն ունեմ այն պատկան մարմիններից, որոնք իրենց աշխատանքը չեն կարողանում այնպես որակյալ կազմակերպել, որ ազատության մեջ են հայտնվում Ռոբերտ Քոչարյանի նմանները»:
Արարատ Զուրաբյանի կարծիքով, բազմաթիվ հանցագործություններ են կատարվել, որոնց եւս պետք է անդրադառնալ, թիրախը միայն «Մարտի 1»-ի գործը չպետք է լինի:
Արարատ Զուրաբյանին չեն գոհացնում նաեւ պետությունից թալանված միջոցների վերադարձի տեմպերը. «Այս տեմպերով 200 տարում էլ գողացածը հետ չեն բերի»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ