Լրահոս
Օրվա լրահոսը

Օսիպյանը երկու ժամից զեկուցե՞լ է վարչապետին օլիգարխների ու նրանց թիկնապահներին ասֆալտին պառկեցնելու մասին

Սեպտեմբեր 14,2018 13:32

Երկու ժամ հետո ի՞նչ զեկուցեցիք վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ո՞ւմ փռեցիք ասֆալտին, զենք հայտնաբերվե՞ց օլիգարխների ու նրանց թիկնապահների մոտ: Այսօր կառավարության նիստից հետո այսպիսի հարցեր ուղղեցին ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին:

Պարոն Օսիպյանն ասաց, որ ոստիկանությունը մշտապես իրականացնում է այդպիսի գործողություններ. «Ոստիկանությունը ոչ թե հաճույք է ստանում, որեւէ քաղաքացուն գետնին պառկեցնելուց կամ մեքենայի հետ կամ դեմ տալու պատին կամ որեւէ այլ գործողություն անելու, ոչ մենք դրանից հաճույք չենք ստանում, դա պայմանավորված է նրանով, որ տվյալ քաղաքացիների մոտ լինում են զենքեր, նրանք կրում են զենքեր: Իսկ որտե՞ղից տեղեկանանք՝դա օրինական է, թե՝ անօրինական, դրանք ստուգել է պետք, իսկ զինված քաղաքացին մշտապես վտանգ է հանդիսանում ոստիկանության համար»:

Հիշեցնենք, որ «Իմ քայլը» դաշինքի ավագանու թեկնածուների հանրահավաքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոստիկանապետին հրահանգել էր ռեյդ իրականացնել եւ ապօրինի զենք-զինամթերք կրող օլիգարխներին ու նրանց թիկնապահներին պառկեցնել ասֆալտին ու զինաթափել, արդյունքների մասին էլ՝ երկու ժամից զեկուցել: Ոստիկանապետն ասաց, որ իհարկե արդյունքների մասին երկու ժամից զեկուցել է, բայց թե ինչ՝ չասաց. «Ես պարտավոր էի զեկուցել, ես զինվորական եմ, իսկ ինչ եք կարծում, այսինքն՝ ես երկու ժամ անց չէի զեկուցի՞: Թույլ տվեք չասեմ ինչ եմ զեկուցել»:

Օսիպյանից նաեւ հետաքրքրվեցին, թե այդ գործողությունները անելու համար պարտադի՞ր էր քաղաքացուն ասֆալտին պառկեցնելը, եւ արդյոք չեն նսեմացրել այդ քայլով քաղաքացիներին, ոստիկանապետը պատասխանեց. «Եթե անձի մոտ զենք կա, ո՞նց մոտենանք»: Ապա ոստիկանապետը բերեց ԱՄՆ-ի օրինակը, որ անգամ, ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու համար գետնին են պառկեցնում:

Ոստիկանապետը հարցին, թե գիտե՞ր որ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը ՌԴ քաղաքացի է, պարոն Օսիպյանն ասաց, որ տեղեկացված չի եղել եւ ոստիկանությունը համապատասխան կարգով տեղեկացվել է:

Պարոն Օսիպյանը չպատասխանեց՝ ինչ ապօրինի զենք զինամթերք են հայտնաբերել եւ ում մոտ:

Ոստիկանապետն ասաց, որ իրենց գործողությունների մասին տեսանյութերից շատերը՝ այս կամ օլիգարխին զինաթափելու, քաղաքացիներն են արել:

Ինչ վերաբերում է՝ որտեղից գիտեն այս կամ այն օլիգարխի մոտ զենք կա, որ պառկեցնում են ասֆալտին, Օսիպյանն ասաց, որ ուղեկցող երկրորդ մեքենա է գնում. «Մենք բոլորս գիտենք, տրամաբանում ենք, որ երկրորդ մեքենան, սովորաբար, լինում են թիկնապահներ»:

Գաղտնալսող սարքերի մասին էլ, թե կասկածներ կա՞ն ում մոտ են դրանք, ինչի մասին խոսել էր վարչապետը, պարոն Օսիպյանն ասաց, որ աշխատանքներ տարվում են, եթե ընթացքում որեւէ բան լինի ձեզ կտեղեկացնենք. «Չեմ կարող այդ հարցին պատասխանել»:

Մանրամասները՝ տեսանյութում

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930