Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփանակերտում մեկնարկել է միջազգային երիտասարդական գիտաժողով

Սեպտեմբեր 14,2018 12:44

Այսօր Ստեփանակերտում մեկնարկել է «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորման» նախաձեռնությամբ կազմակերպվող «Հայոց պետականության անցյալը, ներկան ու ապագան» 3-րդ միջազգային երիտասարդական գիտաժողովը, որը նվիրված է Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին և Արցախյան շարժման 30-ամյակին: Գիտաժողովի համակազմակերպիչներն են նաև Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանը և Երևանի պետական համալսարանը:

Գիտաժողովի կազմկոմիտեի նախագահ Ավետիք Հարությունյանը բացման խոսքում ասաց, որ գիտաժողովի կազմակերպման նպատակն է գիտականորեն վերլուծել և ներկայացնել հայոց պետականության հատկապես վերջին հարյուրամյակի ընթացքում արձանագրված հիմնախնդիրները, ունեցած ձեռքբերումները և այն անելիքների շրջանակները, որոնք կնպաստեն հայոց պետականության պահպանմանը, զարգացմանն ու հզորացմանը, ինչպես նաև բացահայտել երիտասարդների գիտական ներուժը և երիտասարդացնել գիտությունը:

«Գիտաժողովին պետական իշխանությունների մարմինների և գիտակրթական հաստատությունների ներկայացուցիչների մասնակցությունը խոսում է այն մասին, որ գիտակրթական հիմնահարցերը գտնվում են պետության ուշադրության առանցքում, ինչն էլ երիտասասրդներիս մղում է դեպի ավելի ակտիվ նվիրված և արդյունավետ աշխատանքի:

Հույս ունենք, որ տարբեր երկրներից ժամանած մասնակիցներից ոմանք կդառնան Արցախի գիտության դեսպանները և յուրաքանչյուրն իր ոլորտում աշխարհի տարբեր հարթակներում կներկայացնի Արցախի վերաբերյալ բացառապես օբյեկտիվ տեղեկատվություն»,- նշել է Ա. Հարությունյանը, ավելացնելով, որ արդեն երրորդ տարին անցկացվող գիտաժողովին մշտապես աջակցում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը:

Գիտաժողովի մասնակիցներին ուղերձ էր հղել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը, որը ներկայացրեց նախարարի տեղակալ Քրիստինե Ասատրյանը:

«Նախարարությունը սիրով է ստանձնել «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» ՀԿ-ի կողմից կազմակերպված գիտաժողովին աջակցելու գործը: Կարծում եմ գիտաժողովը կօգնի վերհանել նաև բազմաթիվ հիմնախնդիրներ, ինչու ոչ, նախանշել նաև հետագա անելիքները»,- մասնավորապես հայտնեց Ք. Ասատրյանը:

Արցախի իշխանությունների անունից ողջունելով ներկաներին՝ ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը ասաց, որ գիտաժողովը առիթ է, որպեսզի տարբեր տեղերից հավաքվեն գիտնականներ՝ մտքեր փոխանակելու, կառուցողական քննարկումներ ծավալելու ոչ միայն հայկական, այլև աշխարհաքաղաքական տարբեր խնդիրների շուրջ:

«Հատկանշական է, որ գիտաժողովը կազմակերպվում է ՀՀ և ԱՀ անկախության տոների միջակայքում, ընդգծելով, որ մեկ դար առաջ սկիզբ առած պայքարի նպատակը հայոց պետականության վերստեղծումն է, որը պսակվել է հաղթանակով՝ հայկական երկու պետությունների հռչակմամբ: Այս գիտաժողովը նաև լավ առիթ է հայացք նետելու մեկ դար առաջ տեղի ունեցած իրադարձություններին և գիտականորեն գնահատելու պատմական իրադարձությունները»,- նշեց Արցախի ԿԳՍ նախարարը:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը նույնպես ուղերձ էր հղել գիտաժողովի մասնակիցներին, մասնավորապես նշելով, որ գիտաժողովի անցկացումն Արցախում խորհրդանշական է, և Արցախը նման միջոցառումների շնորհիվ կենսական գաղափարների մշակման ու զարգացման դարբնոց է դառնալու:

Նշենք, որ գիտաժողովին մասնակցելու համար հայտ են ներկայացրել աշխարհի յոթ երկրներից 105 գիտնականներ և մասնագետներ, այդ թվում պրոֆեսորներ Գերմանիայից, Լեհաստանից Ռուսաստանից:

Գիտաժողովի բացմանը ներկա էին նաև Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը և ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը:

 

Դավիթ ԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930