ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանության արժանացրեց Ֆինանսների նախարարության ներկայացրած նախագիծը, որը վերաբերում է «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական ծրագրին: Նախագծով առաջարկվող իրավական ակտի ընդունումը պայմանավորված է բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող երիտասարդ ընտանիքներին պետական նպատակային ծրագրի հասանելիության բարձրացման անհրաժեշտությամբ:
Նախագծում կառավարության պաշտոնյաները վստահեցնում են, որ 2018 թվականին ՀՀ կառավարությունը շարունակելու է բացի «Բնակարան երիտասարդներին» ՎՎԿ միջոցով տրամադրված վարկերի գումարի վերաֆինանսավորելուց, մեղմել կանխավճարի վճարման հետ կապված դժվարությունները: Մասնավորապես՝ առաջարկվող փոփոխություններով ծրագրի շահառուներին հնարավորություն է ընձեռնվելու բնակարանի արժեքի առնվազն 10%-ի չափով կանխավճար կատարելով ձեռք բերել բնակարաններ, եթե վերջիններս ձեռք են բերում նաեւ հիփոթեքային պարտավորության ապահովագրության պրոդուկտ՝ 10 եւ ավելի տոկոս կանխավճարի եւ տվյալ բնակարանի ձեռքբերման համար սահմանված նվազագույն կանխավճարի (30%) տարբերության չափով: Միաժամանակ նախատեսվում է նաեւ երիտասարդ ընտանիքների համար ստեղծել նոր հնարավորություն առնվազն 20% կանխավճարով, առնվազն 10 տարի մարման ժամկետով եւ առավելագույնը մինչև 7,5% տարեկան տոկոսադրույքով ձեռք բերել մինչեւ 30 մլն ՀՀ դրամ արժողությամբ նորակառույց բնակարաններ: Ընդ որում, այս դեպքում եւս ծրագրի շահառուները կարող են ձեռք բերել հիփոթեքային պարտավորության ապահովագրության վերոնշված պրոդուկտը եւ կատարել բնակարանի արժեքի առնվազն 10%-ի չափով կանխավճար:
Նախագիծը կառավարության ներկայացրեց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ ասելով, որ առաջարկվում է երիտասարդ ընտանիք համարել այն զույգերին, որոնց տարիքների գումարը չի գերազանցում 70-ը, նախին 65-ի փոխարեն:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ