Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր առջեւ դրված 6 տոկոսը կհաղթահարենք». Մանուել Գասպարյանը՝ իր շանսերի եւ խոստումների մասին

Սեպտեմբեր 14,2018 11:49

Երեւանի ավագանու ընտրություններում առաջադրված «Ժողովրդավարական ուղի» կուսակցության քաղաքապետի թեկնածու Մանուել Գասպարյանն այսօր «Հայելի» ակումբում հրավիրած ասուլիսում ասաց, որ նախագահի գրասենյակում էր առաջ որոշվում, թե որ ուժերը պետք է անցնեն ԱԺ կամ ավագանի, իսկ այս իշխանության նկատմամբ մեծ վստահություն կա, համոզված են, որ չեն կեղծելու ընտրությունները: Նա ասաց, որ այսօր ոստիկանությունը, այլ ծառայությունները լուրջ աշխատանք են տանում, որ ընտրությունները չկեղծվեն:

Թե ինչ խոստումներ է տալիս թեկնածուն՝ Մանուել Գասպարյանը նշեց, որ կարեւորում են Մարտի 1-յան զոհերի հուշաքարի տեղադրման հարցը, օպերատիվ արձագանքելու են բնակիչների բարձրացրած խնդիրներին՝ շենքերի տանիքներից սկսած մինչեւ վերելակներ. «Համատիրության գլոբալիզացիա է լինելու, քաղաքապետարանը անմիջապես պատասխանելու է համատիրության յուրաքանչյուր հարցի շուրջ: Համատիրությունը մասնատելը սխալ դրույթ էր: Բնակչությանը մենակ թողնելով՝ համատիրությունը ոչինչ չկարողացավ կազմակերպել»: Գասպարյանն ասաց, որ մետրոյի կառուցման հարցն իրենց ծրագրում էլ կա. «Կուսակցություններ կան, որ խոստանում են ներդրումներ, բիզնես ծրագրեր, կարծում եմ, որ կենտրոնում բիզնեսի համար շինություններ մեր կողմից չեն տրամադրվի, բարձրահարկ շինությունները, որոնք տրվել են, ոտնձգություններ չենք կարող անել, բայց էլ թույլ չենք տալու բարձրահարկ շինությունների կառուցումը: Հանրապետությունում շենքերն արդեն համբուրվում են իրար հետ, ճարտարապետների կողմից էդ ամբողջը պիտի վերանայվի, թե նպատակահարմա՞ր է այդտեղ շենք կառուցել, ոչ թե բիզնեսմենները շենք կառուցեն՝ չկարեւորելով բնակչի անվտանգությունը, Աստված չանի, մի ցնցում, երկրաշարժ լինի, էվակուացիոն պլան չկա»:

Մանուել Գասպարյանն ասաց, որ բոլոր կուսակցությունների ծրագրի մեջ կա մետրոյի կայարան բացելու խոստումը, մինչդեռ թե ոնց պիտի կառուցեն այն, հարց է, քանի որ դա ամենամեծ ներդրումն է պահանջում ու այնպես էլ չէ, որ մետրոն ներդրումների համար գրավիչ է. «Որեւէ մեկը մետրոյի մեջ բիզնես ներդրում չի անի: Այդ ներդրումները մենք կկազմակերպենք հանգանակությամբ, քույր, եղբայր քաղաքներին կխնդրենք աջակցել»: Մանուել Գասպարյանը նշեց, որ իրենք բիզնես ներդրումներ չեն ուզում անել, դա պարտավորեցնող է: Թեկնածուն ասաց, որ արդեն 3-4 մարդ հանգանակություն է իրենց ուղարկել՝ քարոզարշավը կազմակերպելու համար:

Հարցին՝ դուք սեւ ուժերից եք, թե՞ սպիտակ՝ նա պատասխանեց, ոչ սեւն են, ոչ էլ սպիտակը, ըստ նրա, նախկին իշխանություններն իրենց սաբոտաժների միջոցով ստիպեցին, որ Մարությանը նման արտահայտություն անի. «Ես հասկացա, որ դա վերաբերում էր նախորդ ռեւանշիստական ուժերին: Այն դաշտում գործողներն ապացուցել են, որ իրենք հանրապետությունում այն մթնոլորտն են ձեւավորել, որ ընտրակեղծիքների, օլիգարխիայի իրենց համակարգը խժռեց սովետմիության ժամանակներից եկած բարեկեցությունը»:

Հարցին՝ ինչպե՞ս եք գնահատում ձեր շանսերը՝ Մանուել Գասպարյանն ասաց, որ իրենց առջեւ դրված խնդիրը համարում են կատարված՝ ներկայանալ երեւանցիներին. «Մեր շանսերը բավարար են, որ մենք հաղթահարենք անհաղթահարելի շեմը, մեր առջեւ դրված 6 տոկոսը կհաղթահարենք ու մաքսիմալ մեր անելիքները՝ կկարողանանք ունենալ մեծամասնություն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930