Ավագանու ընտրություններին ընդառաջ, Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Ռուբեն Բաբայանը նախընտրական այս օրերին փորձում է համեմատել ոչ միայն քաղաքական ուժերի ներկայացրած ծրագրերը, այլ նաեւ նրանց հնչեցրած մտքերը, որոնք բավական են որոշակի եզրակացություններ անելու համար. «Կարծում եմ՝ երբ բոլորը լռում են, պետք է խոսել, եւ երբ բոլորը խոսում են, պետք է կարողանալ լռել ու լսել։ Ես ինձ համար այս դիրքորոշումն եմ որդեգրել եւ ի սկզբանե չունեմ նախընտրելի թեկնածու, ուզում եմ բոլորի հետ ծանոթանալ։ Շատ մեծ հույս ունեմ, որ տեղի կունենան հեռուստադեբատներ, որովհետեւ շատ կարեւոր է, որ բոլոր թեկնածուները նստեն մի սեղանի շուրջ, հնչեն կոնկրետ հարցեր, եւ մարդիկ տան կոնկրետ պատասխաններ, մտնեն բանավեճի մեջ։ Այստեղ ավելի շատ բան է բացվում, քան առանձին հանրահավաքներով եւ ծրագրերով հանդես գալու ժամանակ։ Կյանքն առաջ է շարժվում միայն երկխոսության պարագայում, եւ երբ տեղի է ունենում այդ երկխոսությունը, շատ բան ենք պարզում մեզ համար։ Իզուր չէ, որ բոլոր ժողովրդավարական երկրներում այդ դեբատները նախընտրական շրջանում համարվում են ամենակարեւոր փուլը։ Ընդունված ավանդույթներ կան, որ մեզ մոտ դրանք մի քիչ ձեւական բնույթ են կրում, նախավերջին օրը լինելու է լռության օր, որն արվում է նրա համար, որ ընտրողը կարողանա ամեն ինչ ամփոփել առանց որեւիցե ճնշման, եւ գալ ինքնուրույն որոշման։ Ես միշտ ասել եմ, որ երկիրը կդառնա երկիր այն ժամանակ, երբ յուրաքանչյուր քաղաքացի կզգա իրեն երկրի տերը, իսկ երկրի տերը զգում են, երբ ինքնուրույն են որոշում կայացնում»։
Բեմադրիչը հույս ունի, որ այս ընտրությունները կլինեն ազատ, արդար եւ թափանցիկ. «Այս պարագայում որեւէ մեկին հնարավոր չի լինի մեղադրել, որովհետեւ կոնկրետ դու ես քվեարկում եւ ընտրություն կատարում, ուրեմն բարի եղիր նախ մտածել։ Կոնֆուցիոսն ունի մի հրաշալի արտահայտություն, որը ես երկար տարիներ իմ լսարանի պատին գրել էի։ Նա ասում է՝ առանց որեւէ բան սովորելու, մտածելը վնասակար է։ Սա շատ կարեւոր է»։
Ռուբեն Բաբայանը, ինչպես նախկինում, հիմա էլ առաջարկներ է ստացել՝ ընդգրկվելու ավագանու այս կամ այն կուսակցության ցուցակում, բայց մերժել է։ Ինչո՞ւ։ «Եթե ընտրությունները չլինեին կուսակցականացված, այսինքն՝ դաշինքներով, կուսակցություններով, միգուցե ուզենայի լինել ավագանու անդամ, բայց, լինելով ազատ մարդ, միեւնույն է՝ կան բարոյական շրջանակներ՝ որպես զսպաշապիկ, որովհետեւ եթե քեզ առաջարկել է ընդգրկվել ավագանի այս կամ այն դաշինքը, կուսակցությունը, ուրեմն հետագայում դու չես կարող լինել ամբողջովին ազատ։ Դրա համար ես մերժել եմ բոլորին»,- ասում է նա ու հավելում, որ «Քաղաքացիական պայմանագրից» առաջարկ չի ստացել. «Կարծում եմ՝ իրենք ինձ ավելի լավ գիտեն, եւ եթե ես, իմ խոսքը որեւէ արժեք ներկայացնում են, ապա ներկայացնում են որպես անհատ անձ։ Կարող եմ միայն ասել, որ բոլոր կուսակցությունների մեջ էլ կան ինձ համար դուրեկան եւ մտերիմ մարդիկ, բայց դա կարեւոր չէ, որովհետեւ մինչեւ վերջին պահը մտածելու եմ՝ իմ ձայնն ում տալ»:
Սոնա ԱԴԱՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում