Երբ 2013 թվականի սեպտեմբերի 13-ին Գոշ գյուղի զավակ, այժմ արդեն ռուսաստանաբնակ ճանաչված գործարար ու բարերար Անտոն Մեհրաբյանի նախաձեռնությամբ նշանավոր Գոշավանքի բակում հանդիսավորությամբ բացվեց միջնադարի հանճարեղ մտածող, օրենսդիր ու առակագիր Մխիթար Գոշի բրոնզաձույլ արձանը, համայնքի ղեկավար Գևորգ Ամիրխանյանը հայտարարեց, որ այսուհետ սեպտեմբերի 13-ը նշվելու է որպես Գոշ գյուղի օր, և ամեն անգամ օրը նշանավորվելու է գյուղի համար մի կարևոր իրադարձությամբ: Այս անգամ էլ Գոշի օրվան նվիրված հերթական նախաձեռնության հեղինակը դարձյալ Անտոն Մեհրաբյանն էր: Սեպտեմբերի 13-ին Գոշում տեղի ունեցավ բարերարի միջոցներով կառուցված բուժամանկաբարձական կետի բացման հանդիսավոր արարողություն, որին ներկա էին հանրապետությունում և հանրապետությունից դուրս ապրող բազմաթիվ գոշեցիներ, հյուրեր: Հանդիսությանն իր օրհնությունն էր բերել Տավուշի թեմի առաջնորդ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: Գոշի օրվան նվիրված միջոցառման մաս էր կազմում նաև համերգային ծրագիրը, որով հանդես եկավ Դիլիջանի գեղարվեստի դպրոցի պարային խումբը:
Բնակավայրի վարչական ղեկավար Գևորգ Ամիրխանյանի փոխանցմամբ հաջորդիվ գոշեցի բարերարների միջոցներով գյուղի միջնակարգ և հիմնական դպրոցների պատուհանները կփոխվեն:
Տավուշի մարզպետարան