Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երկու միլիոնից քանի՞սը կարող է հավատալ, որ Քոչարյանի նշած տոկոսները որեւէ առնչություն ունեն իրականության հետ. «Հայկական ժամանակ»

Սեպտեմբեր 14,2018 11:04

Ինչու Քոչարյանի ինտենսիվ ինքնաքարոգչությունը, եթե մեղմ արտահայտվենք, չի օգնում նրան որեւէ շոշափելի վարկանիշ ձեռք բերել, իսկ եթե անկեղծ խոսենք, ավելի է խորացնում նրա նկատմամբ առկա բացասական վերաբերմունքը եւ կոնսոլիդացնում հանրության բացարձակ մեծամասնությանը հակառակ բեւեռում։ Թերեւս դա առեղծված է Քոչարյանի համար։

Իսկ պատասխանը շատ պարզ է։ Նա իր հարցազրույցներում խոսում է այնպիսի «փաստերի» վրա հիմնվելով, որոնց մասին յուրաքանչյուրը գիտի ամբողջ ճշմարտությունը։ Իսկ այդ ճշմարտությունը Քոչարյանի բերած «փաստերի» ճիշտ հակառակն է: Օրինակ. երեկ «Մեդիամաքս»-ին տված հարցազրույցում, թե՛ թավշյա հեղափոխության եւ թե՛ Մարտի 1-ի իրադարձությունների մասին խոսելիս հիմնվում է իր եւ Սերժ Սարգսյանի օրոք անցկացված, այսպես կոչված, ընտրությունների պաշտոնական արդյունքների վրա։

«Ինձ զարմացրեց այն, որ գործընթացի ղեկին կանգնեց Նիկոլ Փաշինյանը՝ խորհրդարանում ընդամենը 9 պատգամավոր ունեցող դաշինքի ղեկավարը»,- իր զարմանքն է հայտնում Ռոբերտ Քոչարյանը։ Կամ. «նրանք սկսել էին մի գործընթաց, որը փաստացի խաղաղ հանգուցալուծում չուներ։ Երբ հավաքում ես ձայների 21.5%-ը եւ քեզ «ընտրված նախագահ» ես հռչակում, նախապայմաններ ես ստեղծում «Մարտի 1-ի» համար»,- խոսելով 2008-ի հետընտրական գործընթացների մասին, ասում է Քոչարյանը։

Նման «փաստերը» վերլուծության հիմքում դնելը կարող է նշանակել ընդամենը երկու բան։ Կամ Ռոբերտ Քոչարյանը ընդհանրապես տեղյակ չէ, թե ինչպես են անցել այդ «ընտրությունները», կամ էլ շատ լավ գիտի, ու դրանով նա մանիպուլյացիա է անում։ Եթե չգիտի ու այդ տոկոսները հիմք է ընդունում, ապա միանշանակ սխալ արդյունքի է հանգելու եւ հանգում է։ Իսկ եթե գիտի, բայց մանիպուլյացիաների է դիմում, ապա կրկին սխալ արդյունքի է հանգելու եւ հանգում է։ Ամբողջ խնդիրն այն է, որ հանրությունը լավ, չափազանց լավ գիտի ընտրությունների իրական արդյունքները։ Շատ լավ գիտի, թե ինչպես են ստացվել այդ տոկոսները, որոնց վրա հենվում է Քոչարյանը։ Ընտրակաշառքներ, ադմինիստրատիվ ռեսուրսի զանգվածային կիրառում, ուժայինների միջոցով ընդդիմախոս թեկնածուների կողմնակիցների չեզոքացում, թաղային կրիմինալի գրոհներ…։ Քանի մարդ է անցել այդ «տեխնոլոգիաների» միջով։ Քանի մարդ է իր մաշկի վրա զգացել այդ «տեխնոլոգիան»։ Այստեղ պարզ թվաբանություն է։ Ընդամենը մի 2 միլիոն ընտրող ունեցող Հայաստանում 2 միլիոնն էլ դա զգացել է։ Ու այդ երկու միլիոնից քանի՞սը կարող է հավատալ, որ Քոչարյանի նշած տոկոսները որեւէ առնչություն ունեն իրականության հետ։ 1 տոկո՞սը, 3 տոկո՞սը…։ Այ, հենց այդքանն էլ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցներն են։ Իսկ ընտրողների մնացած մասը Քոչարյանի բերած այդ «փաստերից» է՛լ ավելի է զայրանում, ավելի է խորացնում իր «մեղմ» զգացմունքները Քոչարյանի նկատմամբ ու էլ ավելի է կոնսոլիդացվում հակառակ բեւեռում։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930