Պատասխանելով վերնագրում հնչեցրած հարցին` կարող ենք արձանագրել, որ հարուստ լինելը մեղք է համարվում ոչ միայն «նոր», այլև՝ «հին» Հայաստանում: Այս իմաստով Հայաստանում կատարյալ կայունություն է: Ինչպես նախկինում, այդպես էլ հիմա, հարուստները, որոնց իշխանական և ընդդիմադիր մամուլի, պետության, հարկային մարմինների համատեղ ջանքերով կոչում են օլիգարխներ, քավության նոխազների անվանակարգում զբաղեցնում են առաջին տեղը:
Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ մեր լեզվամտածողության մեջ օլիգարխ է անվանվում անխտիր ամեն ոք, ով շատ ռեսուրսներ ունի: Մեղմ ասած, Հայաստանում շրջանառվող օլիգարխ եզրույթը հեռու է օլիգարխ տերմինի ակադեմիական բոլոր հնարավոր մեկնաբանություններից: Կարևորն այստեղ այլ բան է. կապիտալը՝ ի դեմս խոշոր կապիտալ ունեցողների` հայտարարվում է որպես արատավոր երևույթ:
Գանք սկզբից: Հասկանալի է, որ կապիտալի նախնական կուտակման պրոցեսը ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ նորանկախ Հայաստանում չի անցել «ստանդարտներին» համապատասխան: Բայց նման դեպքերի համար կա դասական և աշխատող մի սցենար: Նախնական կուտակման ավարտից հետո երկրի իշխանության քաղաքական կամքի, քաղաքական որոշումների արդյունքում սահմանվում են խաղի նոր կանոններ, այլ կերպ ասած` ներվում են հին մեղքերը, և խոշոր կապիտալ ունեցողները սկսում են աշխատել թափանցիկ, տեսանելի ու օրինական դաշտում: Ավելին՝ նրանք սկսում են կապիտալի ընդլայնմանը զուգահեռ ստանձնել սոցիալական պարտավորություններ: Ընդ որում, որպեսզի այս ամենը չվերածվի բարեգործության, սա կարգավորվում է մի դեպքում օրենքով, օրինակ շքեղության հարկով կամ այլ հարկատեսակներով, մեկ այլ դեպքում՝ խաղի նոր կանոններով:
Ինչո՞ւ է այս ամենն արվում: Խնդիրը բնավ հումանիզմի, գեղեցիկ աչքերի կամ քաղաքական խտրության դաշտում չէ: Խնդիրը քաղաքական հեռատեսության դաշտում է: Խոշոր կապիտալ ունեցողները ժամանակի ընթացքում դառնում են խոշոր հարկատուներ, խոշոր գործատուներ, ստեղծում են բիզնես համակարգեր: Պետության խնդիրը կողմնորոշվելն է՝ գնալ բացառապես բարոյախրատական ճանապարհով ու սկսել փորփրել խոշոր բիզնեսմենների մութ անցյալը, թե գերադասել պետության և տնտեսության կայունությունն ու առողջացումը՝ խաղի նոր կանոններ սահմանելով, կապիտալին թափանցիկ դաշտ բերելով ու ըստ այդմ նույն այդ կապիտալի համար լեգիտիմության միջանցքներ ստեղծելով: Այն պետությունները, որոնք գնացել են երկրորդ ճանապարհով՝ հաջողել են:
Գալով հայաստանյան իրողություններին: Տարիներ շարունակ իշխանությունը՝ քաղաքական բարձր ղեկավարությունից սկսած, վերջացրած հարկային համակարգի շարքային աշխատողներով, բիզնեսմեններին վերաբերվել է որպես պայմանական դրամապանակի՝ որից կարելի է անվերջ փող վերցնել՝ հղում անելով նույն այդ բիզնեսմենների անօրինական դաշտում աշխատելու հանգամանքին: Այդ հանգամանքն ամրապնդելու համար իշխանությունները չեն վարանել հասարակական կարծիքն ուղղորդել ու ստեղծել «բոբո օլիգարխի» կերպար, ինչի արդյունքում ստացել են ևս մեկ լծակ խոշոր բիզնեսմեններին ճնշելու, հետևաբար ավելի անկաշկանդ նրանց որպես դրամապանակ վերաբերվելու համար: Այս խրախճանքին միացել է նաև ընդդիմությունը՝ «բոբո օլիգարխների» կերպարը շահարկելով իշխանության համար պայքարում: Ի վերջո օլիգարխի կերպարը դարձել է համընդհանուր, հասարակական, նույնիսկ ժողովրդական ֆոլկլյորի ընկալման անբաժանելի մաս: Նոր իշխանությունները շարունակում են այս քաղաքականությունը, անկախ նրանից, գիտակցում են դա, թե ոչ, երբ հայտարարում են , օրինակ, օլիգարխների թիկնազորին ասֆալտին պառկեցնելու մասին:
Իշխանության և կառավարության խնդիրը մեկն է՝ կապիտալը բերել օրինական դաշտ: Եթե, Փաշինյանը լինելով իշխանություն՝ հայտարարում է, որ կան օլիգարխներ, ապա նրա խնդիրը ոչ թե նրանց թիկնազորը զինաթափելն է, որքան էլ նրանք ՀՀԿ–ական լինեն (չնայած Խաչատուր Սուքիասյանն, օրինակ, որի թիկնազորը ևս հայտնվել է գիշերային ռեյդի ցուցակում, ՀՀԿ–ական չէ), այլ այդ օլիգարխներին բացառապես իրավական մեխանիզմներով թափանցիկության դաշտ բերելն ու քաղաքական գործունեության հնարավորությունից զրկելը: Այլապես ստացվում է, որ կան օլիգարխներ, բայց նրանք չեն բերվում թափանցիկ, օրինական դաշտ, շարունակում են մնալ օլիգարխներ, բայց պայմանով, որ ժամանակ առ ժամանակ պետք է հանդես գան քավության նոխազի դերում, երբ դրա կարիքը կզգա քաղաքական իշխանությունը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում