Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ տնտեսական աճը, եթե իրականում այն կա, չի հանգեցնում եկամուտների ավելացմանը. «Հայոց աշխարհ»

Սեպտեմբեր 14,2018 08:00

Անշուշտ տնտեսական իրավիճակի բարելավման լավագույն բնութագրիչներից մեկը աշխատավարձն է։ Տնտեսության մեջ դրական տեղաշարժերը, հատկապես մասնավոր հատվածում, անմիջապես արտահայտվում են սոցիալական ոլորտում։ Այս դեպքում, սակայն, հակառակն է։

Հունիս-հուլիսին, երբ Հայաստանում արձանագրվել է համապատասխանաբար 9,6 եւ 11,1 տոկոս ակտիվություն, տնտեսական հատվածում միջին աշխատավարձը մայիսի համեմատ նվազել է։ Վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, մայիսին միջին աշխատավարձը մասնավոր հատվածում 188,1 հազար դրամ էր։ Մինչդեռ հուլիսին կազմել է 184,9 հազար։ Ընդ որում՝ սա ավելի ցածր է նաեւ փետրվարի համեմատ։

Բնականաբար հարց է առաջանում. ինչո՞ւ տնտեսական աճը, եթե իրականում այն կա, չի հանգեցնում եկամուտների ավելացմանը։ Բա ո՞ւր մնացին տնտեսական աճի արդյունքները հասարակությանը հասանելի դարձնելու վերաբերյալ տրված խոստումները։

Կառավարության ղեկավարումը ստանձնած քաղաքական ուժերը ժամանակին դրա համար անխնա քննադատում էին նախորդ իշխանություններին։ Մինչդեռ նույնը տեղի է ունենում հիմա։ Այս առումով իշխանափոխությունից հետո, կարելի է ասել, ոչինչ չի փոխվել։

Բերենք մեկ այլ ցուցանիշ, որը եւս տնտեսական ակտիվության բնութագրիչներից է։

Բարձր տնտեսական աճի պայմաններում վերջին ամիսներին արտաքին հատվածի մատակարարումները Հայաստանից նվազում են։ Մայիսին նախորդ ամսվա նկատմամբ արտահանումը կրճատվել է գրեթե 2 տոկոսով։ Այս անկումից հետո թեեւ հունիսին աճ է գրանցվել, այնուհանդերձ հուլիսին դարձյալ նվազել է արտահանումը։

Հազիվ թե կարելի է կարծել, որ տնտեսական աճի արդյունքները սպառվում են բացառապես ներքին շուկայում։ Առավել եւս, որ ի տարբերություն արտահանման, շարունակում է ակտիվանալ ներմուծումը։ Մի շարք տեղական ապրանքներ սկսել են փոխարինվել ներմուծմամբ։

Տարօրինակ իրավիճակ է նաեւ գյուղատնտեսության ոլորտում, որտեղ արձանագրվում է արտադրության ծավալների ավելացում։ Ընդ որում՝ դա տեղի է ունենում բացառապես բուսաբուծության հաշվին։ Առաջին կիսամյակի տվյալներով, այս հատվածում աճը գերազանցել է 21 տոկոսը։ Հուլիսին գյուղոլորտում 24 տոկոսով ավելի շատ ապրանք է արտադրվել, քան հունիսին։ Աճ է գրանցվել նաեւ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ։

Թվում է, թե արտադրության ծավալների ավելացումը պետք է հանգեցներ գների անկման։ Սակայն, որքան էլ տարօրինակ է, առաջարկի աճի պայմաններում բազմաթիվ գյուղմթերքներ այս տարի անհամեմատ, երբեմն 2-3 անգամ, թանկ են։

Հ. ՍԱՀԱԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930