Լրահոս
Օրվա լրահոսը

Մարգարիտ Եսայան. «Մենք եւ մեր հարազատները ենթարկվեցինք հոգեբանական բռնության, եւ ծիծաղելի է, երբ այդքանից հետո խոսում են «թավշյա, ոչ բռնի իշխանափոխության» մասին». «Հայոց աշխարհ»

Սեպտեմբեր 14,2018 09:30

«Հայոց Աշխարհ»-ի հարցերին պատասխանում է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ

 -Այնուհանդերձ, ինչո՞ւ էր Փաշինյանն անընդհատ խոսում սիրո եւ համերաշխության հեղափոխության, «թշնամանքի եւ ատելության էջը փակելու» մասին, երդվում, որ վենդետաներ չեն լինելու, եթե անելու էր ճիշտ հակառակը։ Դուք ունե՞ք այս հարցի պատասխանը։

-Լեզվին ոսկոր չկա, ինչպես ասում են։ Կարելի է մի բան ասել, բայց ամբողջությամբ հակառակն անել, ինչն էլ տեղի է ունենում։ Գոնե հասարակության այն հատվածի համար, որը ոգեւորված չէ «իշխանափոխությամբ» եւ չի ընդունում նոր իշխանության գործելաոճը, դա ամենեւին «սիրո եւ համերաշխության» տոն չէր՝ թշնամանքի եւ ատելության, չարության եւ մաղձի, տեռորի եւ բարոյահոգեբանական ճնշումների «հեղափոխություն» էր։

Մենք եւ մեր հարազատները ենթարկվեցինք հոգեբանական բռնության, եւ ծիծաղելի է, երբ այդքանից հետո խոսում են «թավշյա, ոչ բռնի իշխանափոխության» մասին։ Արդյոք բռնություն չէ՞ բարոյահոգեբանական այն մթնոլորտը, որի մեջ հայտնվեցինք մենք՝ ՀՀԿ խմբակցության 58 պատգամավորներս, մեր երեխաները եւ մտերիմները։ Նույնը շարունակվում է այսօր, երբ կառավարության հասցեին որեւէ քննադատական խոսք սվիններով է ընդունվում եւ պիտակավորվում որպես հակահեղափոխականություն։

 -Հիմա դրան ասում են՝ «սեւերի եւ սպիտակների» հակամարտություն։

-Նրանք, ովքեր նման որակումներ են տալիս՝ վստահաբար չեն պատկերացնում այն ծանր իրավիճակը, որի մեջ հայտնվել է պետությունը «սիրո եւ համերաշխության հեղափոխության» արդյունքում, չեն գիտակցում՝ ուր կհասնենք, եթե շարունակեն այս «տեմպերով» պառակտել հասարակությունը, բաժանել սեւերի եւ սպիտակների, յուրայինների ու օտարների։ Դա իսկապես լրջագույն մարտահրավեր է մեր պետականությանը։ Մեր թշնամիները քնած չեն՝ սահմաններում վիճակը լարված է, միշտ էլ լարված է եղել, բայց գոնե երկրի ներսում եղել է կայունություն։

Հիմա, երբ դրան գումարվում է ներքին անկայունության գործոնը, մենք առավել քան երբեւէ խոցելի վիճակում ենք հայտնվում։ Ասվածի վկայությունը Բաղանիսի գնդակոծությունն է։ Միայն միտինգային հռետորաբանությամբ, կոռուպցիայի դեմ պայքարի մասին հայտարարություններով երկիր չեն պահում, տնտեսությունը չեն զարգացնում։ Ունե՛ք իշխանություն՝ տրվել է ձեզ այդ իշխանությունը, հանցագործներին բռնեք եւ օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկեք, աշխատատեղեր բացեք, լուծեք մարդկանց մտահոգող խնդիրները։

Դա արեք՝ գոնե հասարակության այն շերտերի համար, որը ձեզ հավատում է, հույսեր է կապում ձեզ հետ եւ սպասում է ձեր ռեֆորմներին. մենք չենք արել՝ վատն ենք եղել, լավ չենք աշխատել՝ հասկացանք. մեզ «կախեցիք», հեռացրիք իշխանությունից, դո՛ւք արեք շոուների հետեւից ընկնելու փոխարեն։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930